Կարտոֆիլ մաքրող կինը (նկար)

Կինը խոհանոցում, կարտոֆիլ մաքրելիս

Կարտոֆիլ մաքրող կինը, Սարգիս Երկանյանի նկարներից, աշխատանքային դրվագներից մեկը, որը գեղանկարչական որակի առավելությամբ անգերազանցելի է։ Ենթադրվում է, որ Երկանյանը իր մորն է պատկերել Թիֆլիսում ապրած տարիներին տնային պայմաններում։

Կարտոֆիլ մաքրող կինը
տեսակկտավ
նկարիչՍարգիս Երկանյան
բարձրություն67 սմ
լայնություն55 սմ
ստեղծման վայրԹիֆլիս
ստեղծման երկիրՎրաստան
նյություղաներկ
գտնվում էԹբիլիսի
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմատնային աշխատանքային գործողության դրվագ
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Մայրը պատկերված է խոհանոցում, սեղանի առջև նստած ճաշ պատրաստելիս։ Կարտոֆիլ մաքրելու պրոցեսը տեղի է ունենում բնական պայմաններում, անմիջական տպավորությամբ կենդանի գործողությամբ։ Թվում է, թե նկարչին ավելի շատ զբաղեցրել է մոր կերպարը, քան տեղի ունեցող գործողությունը։ Բարեհամբույր արտաքինով, խաղաղ տրամադրությամբ, պատկառանք առաջացնող իր համակրելի էությամբ նա հայ նահապետական տանտիկնոջ օրինակելի տիպար է՝ նվիրվածության, հոգատարության, համեստության հատկանիշներով։ Սարգիս Երկանյանը որդիական երախտագիտության զգացումով է պատկերել մորը՝ ամենայն բծախնդրությամբ մշակելով գեղանկարի համար շատ նպաստավոր նրա հետաքրքիր դիմագծերը։ Երկանյանի՝ այդ շրջանին բնորոշ կոլորիտը ջերմություն է հաղորդում մոր կերպարին։

Գեղարվեստական արտահայտության միջոցներ խմբագրել

Պատկերում ընդգրկված առարկաները նույնպես ներկայացված են գեղանկարչորեն, իրենց նյութական առանձնահատկությամբ, կոլորիտի հարազատությամբ։ Սեղանին դրված խոհանոցային իրերը և բանջարեղենը՝ կարտոֆիլ, սոխ, նաև ամաններ, սրբիչ և այլ առարկաներ պատկերված են գեղանկարչական այնպիսի որակով, որ, առանձին վերցված, կարող են դիտել որպես լավ նատյուրմորտ։ Պատկերի կոլորիտը չնայած մուգ է, բայց գույներն առավելագույն չափով հագեցած են, ստվերոտ մասերում` թափանցիկ, մշակումով փափուկ, տաք և սառ երանգներով են։ Հակադրված են լույսի ու ստվերների անցումներով, որոնք սահուն են և տեսողության համար հաճելի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987

Արտաքին հղումներ խմբագրել