Կարմրան ութառէջ
Կարմրան ութառէջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Կարմրանազգիներ (Tamaricaceae) |
Ցեղ | Կարմրան (Tamarix) |
Տեսակ | Կարմրան ութառէջ (T. octandra) |
Միջազգային անվանում | |
Tamarix octandra | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կարմրան ութառէջ (լատ.՝ Tamarix octandra), կարմրանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ տերևաթափ թուփ, որն ունի 5-8 մ բարձրություն և 8-12 սմ բնի տրամագիծ։
Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն է, միամյա շիվերինը՝ դեղնադարչնագույն։ Տերևները ձվաձև-նշտարաձև են կամ նշտարաձև, սրածայր, եզրերում նեղ թաղանթանման և նստադիր, հիմքում սրտանման ականջիկներով։ Ողկույզները հասարակ են, միամյա շիվերի վրա մինչև 9 սմ երկարությամբ և 1 սմ հաստությամբ, նոսր, մինչև 4 սմ երկարությամբ ծաղկակիրների վրա, որոնք ծածկված են թեփուկանման տերևներով։ Մինչև 5 մմ երկարությամբ և 2 մմ լայնությամբ ծաղկակիցները երկարավուն-նշտարաձև են և սրավուն, իսկ եզրերը՝ նեղ-թաղանթանման։ Թաղանթանման եզրերով, 4-7 մասանի բաժակը պսակաթերթիկներից կարճ է, լայն-ձվաձև, համարյա կլոր և երբեմն սրածայր։ Մինչև 6 մմ երկարությամբ, 4-7 հատ պսակաթերթիկները վարդագույն են, թափվող, հակառակ-ձվաձև կամ երկարավուն։ Սկավառակը քառանկյունի է։ Առէջները 8-ն են, իսկ 3-4 սռնակները՝ չռված և սերմնարանից 3 անգամ կարճ։
Բնական պայմաններում տարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է ծովի մակերևույթից մինչև 900 մ բարձրության վրա, Արարատյան դաշտում, աղուտներում, ճահճային մարգագետիններում և գետափերին։ Գեղեցիկ ծաղկող թուփ է, օժտված դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Կարելի է մշակել աղակալած ու ճահճացած հողերում[1]։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն Խմբագրել
2-2,5 բարձրությամբ, դեղնադարչնագույն կեղևով ոչ մեծ ծառ է։ Սաղարթը կազմված է բազմաթիվ ճիպոտանման ճյուղերից։ Փոքրիշատե ցողունագիրկ տերևները հերթադիր են, թեփանման և նստադիր։ Ծաղկաբույլը եզրային է։ Կարճ, մինչև 4 (6) սմ երկարությամբ ողկույզները զարգանում են նախորդ տարվա ընձյուղների վրա մինչև տերևների հայտնվելը։ Ծաղկակիցները երկար են, գծային և սերտաճած եզրերեվ։ Ծաղիկները մանր են[2]։
Տարածվածություն Խմբագրել
Հայաստանում հանդիպում է Երևանի (Մարգարա, Վեդի, Արարատ, Երասխ) և Դարեղեգիսի (Եղեգնաձորի և Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Արևելյան և Հարավային Կովկասում և Իրանում[2]։
Էկոլոգիա Խմբագրել
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1100 մ բարձրությունների վրա, ինչպես նաև գետերի ափերին, աղուտներում և ճահճացած մարգագետիններում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին[2]։
Պահպանություն Խմբագրել
Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հատվում է վառելիքի համար։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 239-241։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6