Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

'Կարեն Բախշիի Մանվելյան (21 դեկտեմբերի, 1966, Երևան - 5 նոյեմբերի, 1992, Լաչին), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կարեն Բախշիի Մանվելյան
Ծնվել է21 դեկտեմբերի, 1966
ԾննդավայրԵրևան
Մահացել է5 նոյեմբերի, 1992
Մահվան վայրԼաչին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 1974 թվականից հաճախել է Երևանի թիվ 165 միջնակարգ դպրոց, որը գերազանցությամբ ավարտել է 1984 թվականին։ Դպրոցական տարիներին մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների, դարձել է տարբեր մրցաշարերի մասնակից ու հաղթող։ 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ ծովային հետևակի ցամաքային ստորաբաժանման կազմում, սկզբում Խաբարովսկի մարզում, այնուհետև տեղափոխվել է Պրիմորիե։ 1989 թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ապրանքագիտության ֆակուլտետ։ 1988 թվականի հունվարից մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1988 թվականի դեկտեմբերին՝ որպես կամավոր, մեկնել է աղետի գոտի՝ երկրաշարժից տուժածներին օգնելու։ 1990 թվականին մի խումբ ընկերների հետ անդամագրվել է Ռամկավար ազատական կուսակցությանը և մի խումբ համախոհների հետ հիմնադրել «Արմենական» ակումբը։ 1992 թվականի օգոստոսին, սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտակոչին արձագանքելով, Կարենը դիմում է զինկոմիսարիատ՝ ցանկանալով անդամագրվել «Արծիվ» մահապարտների գումարտակին, սակայն մարտական գործողություններին դեռևս մասնակցած չլինելու պատճառով նրա դիմումը մերժվում է։ 1992 թվականին չորրորդ կուրսի ուսանող էր, երբ կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Բալահովիտի զորավարժարանում նախնական պատրաստություն անցնելուց հետո երկրապահ ջոկատներից մեկի շարքերում մեկնեց Կրասնոսելսկի սահմանամերձ Վահան գյուղի պաշտպանական դիրքերը, որտեղ իրադրությունը շատ սրված էր։ Արծվաշենի անկումից հետո թշնամին իր երկրորդ թիրախը դարձրել էր Վահան գյուղը, այն շրջափակել ու գիշերուզօր գնդակոծում էր։ Մեծ զոհերի գնով հաջողվեց ազատագրել ու հետ շպրտել թշնամուն գյուղի մատույցներից։ Մարտերում թրծված ջոկատը, որում մարտնչում էր խիզախ ազատամարտիկը, ուղարկվեց Գորիս-Լաչին միջանցք, որտեղ նույնպես թեժ մարտեր էին մղվում։ Այնտեղ Կարենը մասնակցեց մի քանի մարտական գործողությունների՝ թշնամուց ազատագրելով գյուղեր ու բնակավայրեր։ Սակայն թշնամու գնդակը ընդհատեց հայ քաջորդու կյանքը։ Մարտերից մեկում հակառակորդի գերակշիռ ուժերի ճնշման տակ զինակիցների կանոնավոր նահանջն ապահովելու համար ընկերոջ հետ կամավոր մնաց դիրքերում ու իր պարտքը կատարեց հերոսաբար։ Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին Լաչինի շրջանի գյուղերից մեկում։

Պարգևներ խմբագրել

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մայրական երախտագիտության» մեդալով և Հայաստանի երկրապահ կամավորականների միության հուշամեդալով։

Հիշատակ խմբագրել

2002 թվականի սեպտեմբերին Նոր Նորքի համայնքում ՀՌԱԿ ակումբ ստեղծվեց և կոչվեց Կարեն Մանվելյանի անունով։ Կարեն Մանվելյան անունը փորագրված է նաև Բերձոր քաղաքի բարձունքում վեր խոյացող քարաշեն հսկա պատի վրա շրջանի ազատագրման համար զոհվածների անունների շարքերում։