Կատանա (ճապ.՝ ), երկար ճապոնական թուր (դայտո)[1][2], որը օգտագործել են ֆեոդալական Ճապոնիայի սամուրայները[3]։ Ժամանակակից ճապոներենում «կատանա» բառը նաև նշանակում է ցանկացած թուր։ Կատանան ճապոներենում կարդացվում է որպես կունյոմի, սինո-ճապոներենում՝ օնյոմի։ Բառը նշանակում է «կորացված թուր միակողմանի շեղբով»։ Իր շեղբի ձևով կատանան սուր է հիշեցնում, սակայն նրա բռնակը ուղիղ է և երկար, ինչը թույլ է տալիս բռնել այն երկու ձեռքով։ Բռնակն երախակալ չունի։ Շեղբի ոչ մեծ կորությունը և սուր ծայրը թույլ են տալիս նաև ծակող հարված հասցնել։

Կատանայի բաղկացուցիչ մասերը

Պատմություն խմբագրել

 
Սամուրայը ամբողջական հանդերձանքով: Զինված է տատի թրով (կախված է ազդրի վրա) և տանտո դաշույնով (գոտու ետևում)

Կատանան ստեղծվել է 15-րդ դարում, որպես տատի ճապոնական թրի (ճապ.՝ 太刀) էվոլյուցիայի արդյունք և օգտագործվել է մինչև 19-րդ դարը (Միրոմատիի ժամանակաշրջան), որպես սամուրայի ավանդական զենք, հիմնականում կարճ վակիձասիի համադրությամբ (ճապ.՝ 脇差, բառացիորեն թարգմանվում է որպես «փոքր թուր»)։ Կատանան նման է ավելի վաղ չինական մյաո դաո թրին։ Իրական ճապոնական թուրը կարելի է ճանաչել թրծման գծով (համոն, ճապ.՝ 刃文), որը բացատրվում է թուրը թրծելու և կռելու հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև բռնակով (ցուկա, ճապ.՝ ), որն երեսպատված է կատվաձկան կաշվով և պարուրված է մետաքսյա ժապավենով։ Երեսպատման համար օգտագործվում էր նաև սովորական կաշի։ Կարծր փայտից և փղոսկրից պատրաստված բռնակները հանդիպում են միայն դեկորատիվ և հանդիսավոր թրերի մոտ։ Կատանայի շեղբը պատրաստվում է պողպատի առնվազն երկու տեսակներից՝ մածուցիկ պողպատից պատրաստվում է թրի հիմքը, իսկ կարծր պողպատից՝ կտրող եզրաշերտը։ Շեղբը պատրաստելուց առաջ երկու բաղադրիչները սկզբում բազմաթիվ անգամ ծալում են, այնուհետև եռակցում։

Նեղ իմաստով կատանան իրենից ներկայացնում է կորացված (կտրող մասով դեպի դուրս) մեկուկեսանոց թուր՝ 2 կամ ավելի սյակու (ճապ.՝ , 2 սյակուն մոտավոր հավասար է 60,6 սմ-ի) և տարբեր երկարության բռնակներով։ Քաշը 750-1000 գրամ է։ Եթե շեղբի երկարությունը երկու սյակուից երկար է, ապա այն կոչվում է վակիձասի, եթե մեկ սյակուից կարճ է՝ ապա կոչվում է դաշույն (տանտո, այկուտի, համիդասի)[4][5][6]։ Բոլոր երեք տեսակի թրերի համար պատյանները կոչվում են սայա։ Դրանք պատրաստվում են փայտից և լաքապատվում են։ Մետաղական պատյաններն ունեն միայն 20-րդ դարի սերիական արտադրության թրերը, սակայն դրանք էլ ունեն փայտե հիմք։

Թրի կրումը խմբագրել

 
Կատանա (վերևում) և վակիձասի (ներքևում)

Կատանան և վակիձասին միշտ կրում են ձախ կողմից, պատյանի մեջ, սայրով վերև։ Դա զենքը կրելու հասարակության մեջ ընդունված ձևն է, որն ի հայտ է եկել 17-րդ դարում Սենգոկու ժամանակաշրջանի պատերազմների ավարտից հետո, երբ զենք կրելը դարձել էր ավելի շատ ավանդույթ, քան ռազմական անհրաժեշտություն։ Երբ սամուրայը տուն էր մտնում, գոտու ետևից հանում էր կատանան։ Հնարավոր հակամարտության դեպքում նա թուրը պահում էր ձախ ձեռքում՝ մարտական պատրաստության վիճակով, կամ աջ ձեռքում՝ որպես վստահության նշան։ Նստելով, նա կատանան դնում էր ոտքերի մոտ՝ հասանելի տեղում, ընդ որում վակիձասին չէր հանվում (սամուրայն այն կրում էր պատյանի մեջ, գոտու ետևում)։

Ընդհուպ մինչև Մուրոմատիի ժամանակաշրջանը, սպառազինության մեջ էր մտնում տատի երկար թուրն, որը կրում էին սուսերակապի վրա, սայրով վերև։ Սակայն սկսած 14-րդ դարից այն դուրս է մղվում կատանայի կողմից։ Այն կրում էին պատյանի մեջ, որը գոտուն ամրացվում էր մետաքսյա ժապավենի կամ այլ կտորի օգնությամբ (սագեո)։ Տատի թրի հետ միասին սովորաբար կրում էին տանտո դաշույնը, իսկ կատանայի հետ՝ վակիձասին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Manouchehr Moshtagh Khorasani (2008). The Development of Controversies: From the Early Modern Period to Online Discussion Forums. Peter Lang. էջ 150. ISBN 978-3-03911-711-6.
  2. Evans Lansing Smith; Nathan Robert Brown (2008). The Complete Idiot's Guide to World Mythology. Alpha Books. էջ 144. ISBN 978-1-59257-764-4.
  3. Kokan Nagayama; trans. Kenji Mishina (1997). The Connoisseur's Book of Japanese Swords. Tokyo, Japan: Kodansha International Ltd. ISBN 4-7700-2071-6.
  4. Kanzan Sato (1983). The Japanese Sword: A Comprehensive Guide (Japanese arts Library). Japan: Kodansha International. էջ 220. ISBN 978-0-87011-562-2.
  5. Leon Kapp; Hiroko Kapp; Yoshindo Yoshihara (1987). The Craft of the Japanese Sword. Japan: Kodansha International. էջ 167. ISBN 978-0-87011-798-5.
  6. Oscar Ratti; Adele Westbrook (1991). Secrets of the Samurai: The Martial Arts of Feudal Japan. Tuttle Publishing. էջ 484. ISBN 978-0-8048-1684-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանա (զենք)» հոդվածին։