Բացել գլխավոր ցանկը

Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենք

Capitalism.jpg

Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենք, կապիտալիստական էկոնոմիկայի շարժման օրենք, որի բովանդակությունը հավելյալ արժեքի արտադրությունը և վարձու աշխատողների թվի ավելացման ու նրանց շահագործման ուժեղացման միջոցով դրա յուրացումն է կապիտալիստների կողմից։ Արտահայտում է կապիտալիստական արտադրաեղանակի էությունը, որոշում նրա տնտեսական զարգացման բոլոր գլխավոր պրոցեսները։ Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքը բացահայտել է Կառլ Մարքսը՝ հավելյալ արժեքի տեսությամբ։ Կապիտալիստական արտադրության շարժառիթն ու որոշիչ նպատակը հավելյալ արժեքի ստացումն է, դրա կապիտալացումը, որն իրականացվում է արտադրության ընդլայնմամբ, պրոլետարիատի շահագործման ուժեղացմամբ, մանր արտադրողների սնանկացմամբ, այլ երկրների ժողովուրդների ստրկացմամբ ու կողոպուտով։ Հավելյալ արժեքի մեծությունը տեղի է ունենում երկու եղանակով՝ բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների արտադրությամբ։ Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքը բնորոշվում է ոչ միայն հավելյալ արժեքի արտադրությամբ և կուտակմամբ, այլև վարձու աշխատողների կողմից անհրաժեշտ արդյունքի ստեղծմամբ և յուրացմամբ։ Դա օրենքի երկրորդ, ոչ գլխավոր կողմն է, որ հակազդող միտում է ծնում, պայմանավորված է գործարանային, աշխատանքային ու սոցիալական օրենսդրության, աշխատօրվա կրճատման, աշխատավարձի բարձրացման համար պայքարով։ Այս միտումների բախումը դրսևորվում է շահագործման աստիճանի փոփոխման մեջ, որն արտացոլվում է հավելյալ արժեքի նորմայում։ Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքy գործում է կապիտալիստական արտադրաեղանակի ամբողջ զարգացման ընթացքում, բայց նրա դրսևորման ձևերն առանձին փուլերում տարբեր են։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի փուլում այն արտահայտվում է շահույթի միջին նորմայի, իմպերիալիզմի փուլում՝ մենաշնորհային շահույթի միջոցով։ Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքի գործողությունը սրում է կապիտալիզմի հիմնական տնտեսական հակասությունը, սաստկացնում համաշխարհային կապիտալիստական տնտեսության անարխիան, ճգնաժամերը, գործազրկությանը և նախադրյալներ է ստեղծում կապիտալիզմի հեղափոխական կործանման և սոցիալիզմի հաստատման համար։ Այն կապիտալիզմի առաջացման, զարգացման և վերացման օրենքն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 262 CC-BY-SA-icon-80x15.png