Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանոն (այլ կիրառումներ)

Կանոն (հուն.՝ κανών - օրենք, կարգ), հայ հին ու միջնադարյան մատենագրության մեջ օգտագործվել է ինչպես ընդհանուր նշանակությամբ, այնպես և մասնավոր, հատկապես երաժշտական մի քանի իմաստներով։

Հայ եկեղեցական երաժշտության մեջ կանոններ են կոչվել պաշտոներգության որոշակի կարգավորությամբ կատարվող միավորների խմբերը՝ Սաղմոսարանում, Շարակնոցում և Գանձարանում։ Հայկական Սաղմոսարանը, դեռևս 5-րդ դարից, ի տարբերություն հունականի և ասորականի, բաժանված է ութ կանոնների, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է հոգևոր երաժշտության ութ ձայնեղանակներից մեկը։ Այդ կանոններն իրենց հերթին բաղկացած են յոթական գուբղայից և ամեն մի գուբղա՝ 2-6 սաղմոսից (ըստ ծավալի)։

Սաղմոսարանի կանոններ խմբագրել

Սաղմոսարանի կանոնները սկզբնապես բաժանված են եղել եկեղեցական օրվա վեց ժամերի վրա ու երգվել միաձայն, երկու դասերի մասնակցությամբ, փոխեփոխ՝ երկուական կանոներ գիշերային ու առավոտյան, և մեկական՝ երրորդ, վեցերորդ, իններորդ ու երեկոյան ժամերին։ Կանոնների առաջին վեց գուբղաները կատարվել են առավել պարզ, անպաճույճ եղանակավորումով, իսկ յոթերորդները, որոնք կոչվել են կանոնագլուխներ, վերարտադրվել են ծոր երգային վառ մեղեդիների զուգորդությամբ։

Շարակնոցի կանոններ խմբագրել

Շարակնոցի կանոնների ծագումը վերաբերում է 8-րդ դարին, երբ հայ եկեղեցին ընդունեց կանոնը որպես հոգևոր ինքնուրույն երգի նոր, 5-րդ դարից հորինվող կցուրդների համեմատությամբ՝ գրական ու երաժշտական առումներով ավելի զարգացած մի տեսակը։ Այն փաստորեն յուրահատուկ շարք է, բաղկացած 8-9 երգերից, որոնք նվիրված են եկեղեցական միևնույն տոնին, բայց կատարվում են տվյալ օրվա տարբեր աղոթաժամերին (գիշերային, առավոտյան, ճաշի, երեկոյան)։ Դրանցից յուրաքանչյուրն ունի այսպես կոչված սկսվածք՝ Հին կամ Նոր կտակարանի օրհնություններից մեկի և կամ սաղմոսի սկզբնաբառերով, որտեղից և ստանում է իր անվանակոչությունը։

Շարակնոցի կանոնները լինում են լրիվ կամ թերի, տվյալ տոնի համար հատուկ հորինված կամ հին կցուրդների համապատասխան խմբավորմամբ ստեղծված։

Գանձարանի կանոններ խմբագրել

Որպես ընդհանուր օրենք՝ Գանձարանի կանոններն աչքի են ընկնում ավելի բարձր գեղարվեստական արժանիքներով։ Դրանք ձևավորվել են սկսած 13-րդ դարից, նախապես ստեղծված ու տվյալ պատմաշրջանում առավել նախանձախնդրությամբ հորինվող գանձերի, տաղերի, մեղեդիների և հորդորակների համապատասխան մեկտեղման հիման վրա։

Գանձարանային չափորոշ կանոնները բաղկացած են միևնույն տոնին նվիրված հիշյալ չորս տեսակի ստեղծագործություններից։ Սակայն այստեղ ևս լինում են թերի կանոններ, և կամ այնպիսիներ, որոնք ունեն չորսից ավելի կտորներ։ Դրանց մեջ երաժշտականորեն ամենահարուստը մեղեդի կոչվածներն են։

Գանձերը 10-12-րդ դարերում կատարվել են ասերգին մոտիկ եղանակավորումներով, որոնք զարգացել են նույնիսկ ծորերգի վերածվելու միտումով։ Այնպես, որ 13-15-րդ դարերում գանձերն իրապես երգվել են արդեն և դրանցից շատերն իրենց երաժշտական բաղկացուցիչի յուրահատկություններով ընդհուպ մոտեցել են տաղերին, ինչպես և մի ամբողջ շարք տաղեր էլ՝ նույն այդ առումով՝ մեղեդիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 239