Կանգար վարդագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Կանգար վարդագույն
Լատիներեն անվանում
Gundelia rosea


Կանգար վարդագույն (լատին․՝ Gundelia rosea), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները խոշոր են, կաշենման, փշոտ, փետրաձև հատված։ Զամբյուղներն ունեն 4-8 (10) ծաղիկներ, որոնք հավաքված են մեծ երկարավուն-էլիպսաձև կամ գնդաձև գլխիկներում և շրջապատված են կոշտ փշոտ ծաղկակից տերևներով։ Ծաղիկները երկսեռ են, ծիրանագույն կամ դարչնագույն։ Պինդ թաղանթում՝ դիասպորայում, գտնվող սերմիկները հասուն պտղի ժամանակ օվալ կամ հակաձվաձև են, մոխրագույն, կամ դարչնագույն, վերին մասում՝ փշիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ջրվեժից մինչև Գեղարդ և Լանջազատ)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևան, Միջին Ասիան, Կիպրոս կղզին, Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Աֆղանստանը և Պակիստանը[1]։

էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճաքարոտ, հազվադեպ խոտածածկ լանջերին, առավելապես՝ տափաստաններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²- ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես Gundelia tournefortii հազվագյուտ տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար վարդագույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար վարդագույն» հոդվածին։