Կաղնու մեծ երկարաբեղիկ

միջատների տեսակ
Կաղնու մեծ երկարաբեղիկ
Կաղնու մեծ երկարաբեղիկ
Կաղնու մեծ երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Կաղնու երկարաբեղիկներ (Cerambyx)
Տեսակ Կաղնու մեծ երկարաբեղիկ (C. cerdo)
Միջազգային անվանում
Cerambyx cerdo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կաղնու մեծ երկարաբեղիկ (լատին․՝ Cerambyx cerdo), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

25-55 մմ մարմնի երկարությամբ, խոշոր չափի բզեզներ են։ Գունավորումը ձյութի (կուպրի) նման սև է, վերնաթևերի ծայրերը` դարչնագույն սև, գորշ կամ շագանակագույն։ Արուների բեղիկները մարմնից զգալիորեն երկար են, իսկ էգերինը՝ հասնում կամ փոքր-ինչ անցնում են վերնաթևերի գագաթը[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Միջերկրածովային շրջանում, Հարավային և Միջին Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է ծերացած կաղնու անտառներում (տեղ-տեղ), մինչև 1800 մ բարձրության վրա, Հայաստանի հարավում` մինչև 2300 մ ծովի մակարդակից բարձր[1]։

Էկոլոգիա խմբագրել

 
Կաղնու մեծ երկարաբեղիկ

Ապրում են լեռնային անտառներում` կաղնու մասնակցությամբ և ծերացած, փչացած բներով ծառերի առկայությամբ, կաղնու, ավելի հազվադեպ՝ նաև շագանակենու, հաճարենու և այլ լայնասաղարթ ծառատեսակների վրա, թռչում են հունիսից մինչև օգոստոս, հանդիպում՝ ծորացող հյութով ծառերի բների, հաստ բներով կերային ծառերի և փչակների վրա, որտեղ էլ կատարվում է զուգավորումը և ձվադրումը։ Ձվադրում են կեղևի ճեղքերում, երբեմն՝ կեղևակերների թռիչքային անցքերում։ Թրթուրները սկզբնական շրջանում զարգանում են արտաբնափայտում` լուբում, այնուհետև անցնում են բնամիջուկ, բայց խուսափում են փտած և վարակված բնափայտից։ Զարգացման ամբողջ շրջանը տևում է 4 տարի[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է, որը հյուսիսային և կենտրոնական շրջաններում հազվադեպ է հանդիպում, ավելի տարածված է Սյունիքի մարզում։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկուսում։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը՝ պայմանավորված տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ ծերացած և թուլացած ծառերի հատումներով։

Պահպանվում է «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներում և մի շարք արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնու մեծ երկարաբեղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնու մեծ երկարաբեղիկ» հոդվածին։