«Շաբաթվա հոդված» նախագիծ

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրքերեն՝ Moskova Anlaşması, նաև՝ Լենին-Քեմալ պայմանագիր), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը նախապատրաստվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։

Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Սուրմալուի գավառը։ Այս պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, այդ թվում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը գործում է առ այսօր։

1920 թվականի ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը դիմել է ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին՝ խնդրելով Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն, առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և Կովկասում ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտպանվի Սև ծովում և Կովկասում «իմպերիալիստական» վտանգից։ Այս ռազմավարությունը վերաբերում էր հայ դաշնակցականների, վրաց մենշևիկների և Անգլիայի կողմից ստեղծված, այսպես կոչված, կովկասյան պատնեշի հաղթահարմանը, որը խոչընդոտ էր սովետական Ռուսաստանի և թուրք քեմալականների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս իր տարածքով ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ Սև ծովով օգնության առաքումը խոչընդոտում էին Անտանտի երկրների նավերը․․․ Ավելին