< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։

Նոբելյան մրցանակ (շվեդերեն արտասանություն: [nʊˈbɛl], շվեդերեն՝ Nobelpriset, նորվ.՝ Nobelprisen), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։

Մրցանակները սահմանվել են 1859 թվականին շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ։

Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոնա կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, Շվեդական ակադեմիան շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։

Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի... Ավելին