«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։

Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, ներառյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքական Վան և Անատոլի, գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտելացվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի տարածքում մոտ 9500 տարի առաջ։

Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու», այսինքն՝ Վանի կամ Վանա լճի ավազանում տարածված կատուներ։

Եվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարձող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։

Տարբեր ժամանակներում Եվրոպա բերված Վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսի Ճանապարհի հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանի որ դասական գույնի Վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, որովհետև գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նշումում էին, որ սպիտակ է․․․ Ավելին