Կալկաթայի հայկական տպագրություն

Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյան (1796) և հրատարակել Աբրահամ Կրետացու «Պատմութիւն...»-ը (1796)[1], Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա) Ջուղայեցու «Վիճաբանութիւն առ շահ Սլէմանն պարսից» (1797)[2] և «Գրգուկ որ կոչի էֆիմերտէ» (1798)[3] գրքերը։ Հաջորդ դարի առաջին կեսին այստեղ գործել են Ավետ Զնթլումյանի (1811-1817), նրա որդիներ Ավետ և Հովհաննես Զնթլումյանների (1820), Մարդասիրական ճեմարանի (1816-1853), Պողոս Հորդանանյանի (1820-1821), Օճանասփյուռ ընկերության (1822-1823), Անգլիական եպիսկոպոսական ճեմարանի (1827-1841), մկրտող միսիոներների (1831-1844), Պողոս Վիչենյանի «Արծիվ» (1846-1851), «Արարատյան ընկերության» (1845-1848), «Ազգասեր Արարատյանի» (1848-1852) տպարանները։

Մասնավոր անձանց տպարաններից առավել աչքի ընկնողը Հորդանանյանի տպարանն էր, ուր տպագրվել է «Հայելի կալկաթյան» լրագիրը (1820) և հայերեն անդրանիկ աշխարհաբար կատակերգությունը՝ «Խտրադիմայ դժրողութեան» (1821)։ Ընկերությունների և ուսումնական հաստատությունների տպարաններից ամենաերկարատևն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր (Շատոբրիան՝ «Աթալա», 1843, Բեռնարդեն դը Սեն-Պիեռ՝ «Պաւլոս և Վիրգինիա», 1830

Օճանասփյուռ ընկերության տպարանի հրատարակություն էր «Շտեմարան» հանդեսը (1821-1823)։ Անգլիական եպիսկոպոսական ճեմարանի տպարանը լույս է ընծայել Մ. Թաղիադյանի հայտնի նամակը երևանցիներին (1828), «Դիցաբանութիւն» ուսումնասիրությունը (1830), դասագրքեր ու այլ գործեր, գրական մեծ արժեք ներկայացնող «Սիրակարկաջ» երգարանը (1830)։ «Արարատյան ընկերության» և «Ազգասեր Արարատյանի» տպարաններում լույս են տեսել Մ. Թաղիադյանի երկերը, «Ազգասեր»[4] (1845-1848) և «Ազգասեր Արարատյան»[5] (1848-1852) լրագրերը, Թ. Ավետումյանի «Արամայիս» (1846) վիպակը։ 19-րդ դարի 50-ական թթ. թուլանում է հնդկահայ մշակութային կյանքը։ 1852-1869 թվականներին Կալկաթայում չի գործել ոչ մի հայկական տպարան։ Այդ շրջանում տպագրված 3 գիրք շարվել են օտարազգի տպարաններում։ Կալկաթայի վերջին հայկական տպարանը պատկանել Է Հովհաննես Խաչիկյանին։ Այստեղ լույս Է ընծայվել տպարանատիրոջ շուրջ 10 անուն գործ։

1896-1897 թվականներին անգլիական մեկ այլ տպարանում լույս է տեսել «Երգաձայնութիւնք Հայաստանեայց առաք, ս. եկեղեցւոյ» ժամագիրքը՝ հայերեն բնագրով և անգլերեն թարգմանությամբ ու նոտաներով։ 1950-1957 թվականներին հրատարակվում Էր «Նոր ազդարար» հանդեսը, որը նույնպես շարվում էր օտարազգի տպարանում։

Կալկաթայում հայերեն գրքերը հիմնականում հրատարակվել են գրաբար, ինչպես և Նոր Ջուղայի խոսակցական լեզվով ու աշխարհաբարով։

Աղբյուրներ և գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աբրահամ Կրետացի, Պատմութիւն Անցից։ - Առարկութիւն ընդդէմ ախտացելոց յախտս մանիքական մոլութեան, Ի ծովընթեր մայրաքաղաքն Կալկաթա, Ի նորակերտ տպարանի Ստեփաննոսեան Տէր Յովսէփայ, 1796։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  2. «Յովհաննէս Ջուղայեցի, Վիճաբանութիւն առ Շահ Սլէմանն Պարսից, ի Ծովընթեր մայրաքաղաքն Կալկաթա, 1797։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  3. Էֆիմէրտէ Կալկաթա, 1798։(չաշխատող հղում)
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԳԱՍԷՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԳԱՍԷՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 178