Ծրարային մեղվաբուծություն

Ծրարային մեղվաբուծություն, մեղվաբուծության տեսակ, երբ մեղվաընտանիքները ծանրոցներով տեղափոխում են այլ տնտեսություններ, որտեղ մեղուներն օգտագործվում են մեղրահավաքի նպատակով, ապա՝ ոչնչացվում։

Նկարագիր

խմբագրել

Ծրարային մեղվաբուծությամբ զբաղվում են տևական ձմեռ ունեցող շրջաններում մեղվաբուծության անեկամտաբերության (ձմեռման շրջանում կերի մեծ ծախսի) պատճառով, տեղափոխման են թակամեղուներին մեղրահացի շրջանակներով կամ առանց դրանց տեղավորում են օդափոխվող արկղերի մեջ, մեղրախցի արկղում տեղավորում են կերով, ձվերով, թրթուրներով, հարսնյակներով և մայրով ու մեղուներով լեցուն 4-6 շրջանակ, ամրացնում ու ամուր փակում են կափարիչով և տեղափոխում։ Տեղ հասնելուց հետո մեղուներին տեղափոխում են փեթակներ, որտեղ նախօրոք դնում են մեղրով և դատարկ մի քանի մեղրահացի շրջանակներ։ Ծանրոցներից մեղուներով շրջանակները փեթակ են տեղափոխում, անշրջանակ ծանրոցից նախ հանում են մայր մեղվի վանդակը, ապա ծանրոցը շրջելով՝ մեղուներին տեղափոխում են փեթակ։ Կերի անբավարարության դեպքում մեղուներին լրասնուցում են շաքարի օշարակով կամ շաքարամեղրով պաստեղներով։ Մեղվաընտանիքի զարգացմանը զուգընթաց, փեթակն ընդարձակում են մեղրահացի շրջանակներով։ Մեղրահավաքից առաջ մայր մեղվին նորից մեկուսացնում են, սահմանափակում նրա ձվադրությունը, որով աշխատավոր մեղուներին ազատում են թրթուրներին ու հարսնյակներին կերակրելուց, և դրանք միայն նեկտար են հավաքում։ Նոր մեղվափեթակները տեղադրում են տեղական մեղվանոցներից 5–6 կիլոմետր հեռու։ Այդպիսի յուրաքանչյուր մեղվաընտանիքից ստանում են 30-40 կիլոգրամ մեղր։ Ծրարային մեղվաբուծության հյուսիսային շրջաններում տարածելու հետ կապված խնդիրները ԽՍՀՄ–ում 1-ինը լուծել է մեղվաբույծ Գուրգեն Ավետիսյանը (Մոսկվա):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։