Խոյի բարբառ, Սալմաստ-Խոյի բարբառ, Ուրմիայի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման պատկանում է «լիս» կամ «էլ» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության հարավարևելյան բարբառախմբին։ Խոսվել է Խոյի, Սալմաստի, Մակուի, Իգդիրի և Նախիջևանի գավառներում, այժմ խոսվում է Արտաշատի, Արարատի, Վայքի , Եղեգնաձորի, մասամբ՝ Էջմիածնի, Սիսիանի, Կոտայքի, Ապարանի շրջաններում։ Խոյի բարբառի հնչյունական համակարգով նման է Վանի բարբառին, իսկ քերականությամբ՝ Մարաղայի բարբառին։ Հնչյունական համակարգում առկա են ա, օ, ու, է, ի, ը, ա̈, օ̈, ո̈ւ ձայնավորները (բան >պա̈ն, բով>պօ̈վ, ուլ>ո̈ւլ) և երկբարբառակերպ ո͡ւօ հնչույթը (խոտ>խո͡ւօտ, ձոր>ծո͡ւօր)։ Որոշ խոսվածքներում կա նաև կոշտ ի (կընըիկ)։ Գրաբարյան երկբարբառները վերածվել են պարզ ձայնավորների (հայր>խէր, սեաւ>սէվ, արիւն>արուն)։

Խոյի բարբառի բաղաձայնական համակարգը ենթարկվում է առաջին տեղաշարժին՝ գրաբարյան ձայնեղ պայթականները, սովորաբար, վերածվում են խուլերի (բերել>պէրէլ, գայլ>կյէլ, դաշտ-տա̈շտ, ձայն>ծէն, ջուր>ճուր), իսկ պարզ խուլերը և շնչեղ խուլերը մնում են անփոփոխ։ Բարդ կիսաշփական ձ, ծ, ց, ջ, ճ, չ բաղաձայնից առաջ կորցնում են իրենց պայթական բաղադրիչները՝ վերածվելով պարզ շփականների (իջանել>էջնէլ, միջնակ >մջնէկ, կծկել-ըսկէլ, աչք>աշկ և այլն)։ Կան քմային գյ, կյ, քյ հնչյունները (ընկեր >ինգյէր, սկեսուր >կյըսուր, քեռի>քյէռի) և պայթական ղ̊ հնչույթը՝ առավելապես փոխառյալ բառերում (ղարիբ>ղ̊արիբ, ղափաղ>ղ̊ափաղ)։ Գրաբարյան հ-ն, որպես կանոն, վերածվում է խ-ի (հաց>խաց, հանել>խանէլ, հայր>խէր)։ Խոյի բարբառն ունի 4 հոլովաձև, բացակայում է ներգոյականը։ Սեռականը հոդ չի ստանում, բացառականը կազմվում է է(ն), իսկ առանձին դեպքերում նաև՝ մէ(ն) վերջավորությամբ։ Հատկանշական է հոդերի կիրառությունը դիմավոր բայերի հետ (թըփէլիս, «ծեծում է ինձ», օրօխկէլիտ, «ուղարկում է քեզ»)։

Խոյի բարբառի սահմանական եղանակի ներկա ժամանակը կազմվում է ս վերջավորվող դերբայով, իսկ առանձին խոսվածքներ՝ լ վերջավորվող դերբայով (կյիրէս էմ, կյիրէս էս, կյիրէլի կամ կյիրել էմ, կյիրէլ էս, կյիրէլի), վաղակատար դերբայը կազմվում է իր, հարակատարը՝ ած և ուկ մասնիկներով։ Ե խոնարհման պարզ բայերի կատարյալի հիմքը արմատական է (կյիրիմ, կյիրիր, կյիրէց)։ Հարկադրական եղանակը կազմվում է տի կամ տիկյը= կյըտը մասնիկներով։ Անցյալ ժամանակաձևերը կազմվում են ներկա ժամանակաձևերից՝ էր բառ-մասնիկի հավելմամբ (կյիրէս էմ-կյիրէս էմ էր, կյիրիր էմ-կյիրիր էմ էր, կյիրէմ֊կյիրէմ էր, տի կյիրէմ-տի կյիրէմ էր և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 71