Մարաղատի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ել» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Խոյ-Մարաղայի բարբառախմբին։ Մարաղայի բարբառով խոսել են Մարաղա քաղաքում և նրա շրջակայքում, այժմ խոսում են Ղարաբաղի ԻՄ-ի Մարաղա և Ագուլիսի շրջանի Ազա գյուղերում։ Մարաղայի բարբառի ձայնավորներն են՝ ա, է, ի, ը, օ, ու, ա, օ, ու, հարուստ է երկբարբառներով՝ ըի, ըէ, ուի, ուէ, օու, օի։ Ուժեղ ընդգծված հատկանիշներից է ձայնավորների ներդաշնակությունը (ախպուր, խազզար)։ Մարաղայի բարբառը ենթարկվում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժին, գրաբարյան բառասկզբի ձայնեղ պայթականները վերածվում են խուլերի (բարձ»պառց, գետ»կյէտ, դուռն»տուռ, ձայն»ծէն, ջուր»ճուր)։ Ունի քմային գյ, կյ, քյ հնչյունները։ Բաղաձայններից առաջ կ»յ.ք և նք»հյ.նույն դիրքում ձ, ծ, ց և ջ, ճ, չ կիսաշփականները համապատասխանաբար վերածվում են ս, զ և շ, ժ շփականների (ծածկել»տասկել, հեծնել»խէզնել, աչք»աշկ), հ»խ (հաց»խաց, հայր»խէր)։ Բացակայում է ֆ հնչյունը, դրա փոխարեն գործածվում է փ։ Գոյականների հոգնակին կազմվում է հետևյալ մասնիկներով՝ իր, որ ստանում են միավանկ բառերը, նիր՝ ձայնավորով վերջացող բազմավանկ բառերը, և քյիր՝ բաղաձայնով վերջացող բազմավանկ բառերը (էծ-էծիր, կատու-կատունիր, էրազ-էրազ-քյիր)։ Մարաղայի բարբառում Ներգոյական հոլովը բացակայում է, Բացառական հոլովն ստանում է էն վերջավորությունը, Սեռական հոլովը հոդ չի ստանում։ Բարբառը տարբերակում է իրի և անձի առումը։ Ներկա ժամանակը կազմվում է անորոշ դերբայով և օժանդակ բայի խոնարհված ձևերով, անցյալ անկատարը՝ ներկայի ձևի վրա ավելացնելով էր մասնիկը՝ առանց դեմքի և թվի խտրության, վաղակատար դերբայը՝ ր մասնիկով։ Պայմանական եղանակը կազմվում է ըղձականից՝ կ, իսկ հարկադրական եղանակը՝ կյպտա կամ գյարահյ եղանակիչներով։

Գրականություն խմբագրել

  • Հ. Աճառյան, Քննություն Մարաղայի բարբառի, Երևան, 1926։
  • Ա. Դարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, 1953։
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 297