Վանի բարբառ
Վանի բարբառ, հայերենի կը ճյուղի երկաստիճան ձայնեղազուրկ խմբին պատկանող բարբառ։
Խոսվել է Վանա լճի արևելյան կողմում. կենտրոնն է Վան քաղաքը։
Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնեղազուրկ։ Ձայնավորներով հարուստ է, ունի ա, ä, է, ե, ի, ո, օ, ö, ու, ü։ Ը հոդը անգործածական է։ Ներկան կազմվում է կը մասնիկով (կը սիրեմ)[1]։
Բաղաձայնական համակարգով Վանի բարբառը պատկանում է Արևելյան խմբին, այսինքն՝ ենթարկվում է առաջին տեղաշարժին. ձայնեղները վերածվում են խուլերի, որով և ստացվում է երկաստիճան ձայնեղազուրկ համակարգ: Ձայնեղ հնչյուններ պատահում են կամ ռնգայինից հետո, կամ օտար բառերի մեջ, նույնիսկ բառամիջում շատ դեպքերում ձայնեղները վերածվում են ոչ թե շնչեղ խուլերի, ինչպես մյուս բարբառներում, այլ խուլերի. օրինակ՝ վäրտäպետ - վարդապետ, պէրան-բերան, պäն - բան, տäշտ - դաշտ, կընäց - գնաց և այլն:
Բաղաձայնների մասնակի փոփոխություններից կարելի է նշել հետևյալները.
- «Հ» հնչյունի փոխարեն Վանի բարբառն ունի «Խ», մի հատկություն, որ ունեն Վանի բարբառը և նրան մոտ գտնվող բարբառները: Ըստ բարբառագետ Արարատ Ղարիբյանի՝ Վանի բարբառը պետք է որ ժառանգած լինի բիայնական լեզվից, օրինակներ՝ խաց - հաց, խօկյի - հոգի, խազալ - հազալ և այլն:
- «Ք» հնչյունը բաղաձայնից առաջ վերածվում է «հյ» հնչյունի, օրինակ՝ ահյլոր - աքլոր, կիհյտեր - կանայք, կյինիհյտեր - գինիներ և այլն:
- Վանի բարբառում ձ, ծ, ց և ջ, ճ, չ հնչյունները երբեմն ենթարկվում են անկման՝ կորցնելով իրենց պայթական մասը:
ՁևաբանությունԽմբագրել
Վանի բարբառի հոգնակիներն են՝ եր, ներ, հյտեր, ստար, օրինակ՝ խուէտէր, առուներ, կյինիհյտեր, էկյեստար:
Այս բարբառը ներգոյական հոլով չունի: Բացառականի վերջավորությունն է «ից» («Ում» ճյուղի բարբառների նման), հոգնակի սեռական, տրական և բացառական հոլովներն ունեն «աց» վերջավորություն: Հոլովման ընդհանուր պատկերը հետևյալն է.
Եզակի Հոգնակի
- Ուղղ. խուէտ խուէտեր
- Սեռ. խուէտի խուէտերաց
- Տր. խուէտին խուէտերաց
- Հայց. խուէտ խուէտեր
- Բաց. խուէտից խուէտերաց
- Գործ. խուէտօվ խուէտերօվ
Վանի բարբառի դերանունները ունեն յուրօրինակ հոլովում. այսպես՝ առաջին դեմքի անձնական «ես» դերանունը տրականում լինում է «ձի», «ձիկ» կամ «զի», «զիկ», որովհետև սկզբի «ըն» կորցնում է, բացառականում լինում է «ձիզնից», գործիականում «ձիզնօվ» կամ «զիզնօվ»: Տրական հոլովում անձնական դերանունների եզակիում և հոգնակիում վերջին «զ»-ն կորչում է, բայց վերականգնվում է բացառականում՝ տրական - մե, քյե, ձե, բացառական - մեզնից, քյեզնից, ձեզնից:
Եզակի Հոգնակի
- Ուղղ. ես տü մենքյ տüքյ
- Սեռ. իմ քյո մեր ծեր
- Տր. ձի, ձիկ, զի, զիկ քյե մե ծե
- Հայց. » » » »
- Բաց. ձիզնից, զիզնից քյեզնից մեզնից ծեզնից
- Գործ. ձիզնօվ, զիզնօվ քյեզնօվ մեզնօվ ծեզնօվ
Ցուցական դերանունները լինում են էս, էսի, էսա, էտ, էտի, էտա, էն, էնի, էնա ձևերով. բացակայում են սա, դա, նա ցուցական դերանունները: Հոլովման ժամանակ «է» ձայնավորը, հետևելով հայերենի ընդահանուր օրենքին, վերածվում է ի-ի, իսկ սեռականը ստանում է «որ» վերջավորություն, որն առկա է գրաբարյան սորա, դորա, նորա, այսորիկ, այդորիկ, այնորիկ ձևերի մեջ: Այդ «որ» մասնիկը Վանի բարբառում արտասանվում է ուէր
Եզակի
- Ուղղ. էս, էսի, էսա | էտ, էտի, էտա | էն, էնի, էնա|
- Սեռ. իսոր, իտոր, ինոր
- Տր. », », »
- Հայց. էս, իսոր, էտ, իտոր, էն, ինոր
- Բաց. իսորմից, իտորմից, ինորմից
- Գործ. իսորմօվ, իտորմօվ, ինորմօվ
Հոգնակի
- Ուղղ. իսոնքյ իտոնքյ ինոնքյ
- Սեռ. իսոնց իտոնց ինոնց
- Տր. » » »
- Հայց. » » »
- Բաց. իսոնցից իտոնցից ինոնցից
- Գործ. իսոնցօվ իտոնցօվ ինոնցօվ
Հարցական և հարաբերական դերանունները Վանի բարբառում կլինեն վով և վոր ձևով, այսինքն՝ բառասկզբի ո-ն (ով), որ մենք արտասանում ենք «օ», Վանի բարբառը, հավատարիմ մնալով գրաբարին և իրեն, արտասանում է «վո», այսինքն՝ «ո» հնչյունի շրթնային էլեմենտը ուժեղացնում է և արտասանում «վ», իսկ «ո»-ն շարունակում է երկբարբառային ձևով արտասանելը: Նույն հիմնավորմամբ էլ «ով» դերանվան գրաբարյան «ոյր» ձևը արտասանում է «վիր»:
Եզակի Հոգնակի
- Ուղղ. վուէվ վուէր վուրոնքյ
- Սեռ. վիր վուրու վուրոնց
- Տր. վիր վուրու վուրոնց
- Հայց. վիր վուէր վուրոնքյ
- Բաց. վիրնից վուրուց վուրոնցից
վիրմից
- Գործ. վիրնօվ վուրնօվ վուրոնցով
վիրմօվ
ԽոնարհումԽմբագրել
Վանի բարբառի ներկան կազմվում է «կը» մասնիկով, որն ավելանում է ըղձական ձևի վրա, այսինքն՝ Վանի բարբառի ներկայի ձևը նույնանում է մեր գրական լեզվի պայմանական ձևի հետ: Այդ պատճառով Վանի բարբառի ներկան, անցյալի անկատարը և պայմանականի ձևերը նույնն են: Քանի որ Վանի բարբառը ապառնի դերբայ չունի, հետևաբար ներկայի և անցյալ անկատարի ձևերը նաև ապառնի ժամանակներ են ցույց տալիս: Վաղակատարն ունենում է «ր» վերջավորություն, որին նախորդում է «է», եթե օժանդակ բայն ունի «ե» ձայնավոր, և «ի», եթե օժանդակ բայն ունի «ի» ձայնավոր: Հարակատար դերբայն ունենում է և «ած», և «ուկ» վերջավորություն: Բարբառագետ Արարատ Ղարիբյանի կարծիքով այս վերջին վերջավորությունը Մշո բարբառից յուրացրած ձև է[2]:
Ներկա - կը սըրեմ, կը սըրես, կը սըրի, կը սըրենքյ, կը սըրէքյ, կը սըրեն
Անցյալ անկատար - կը սըրի, կը սըրիր, կը սըրէր, կը սըրինքյ, կը սըրիք, կը սըրին
Վաղակատար - սըրէր եմ, սըրէր ես, սըրէր ի, սըրէր ենքյ, սըրէր էքյ, սըրէր են
Անցյալ վաղակատար - սըրիր ի, սըրիր իր, , սըրեր էր, սըրիր ինքյ, սըրիր իքյ, սըրիր ին
Անցյալ կատարյալ - սըրիցի, սըրիցիր, սըրեց, սըրիցինքյ, սըրիցինքյ, սըրեցին
Հրամայական - սըրի, մի սըրե, սըրէքյ, մէքյ, սըրե
Ուսումնասիրություններ Վանի բարբառի մասինԽմբագրել
Վանի բարբառը հայերենի բարբառների գանձարանի ամենահետաքրքիր, ամենահարուստ, և ցավոք, արդեն կորուսյալ շերտերից մեկն է, որը դեռեւս առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի: Հայտնի են ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի «Քննություն Վանի բարբառի» հիմնարար աշխատանքը[3], բարբառագետներ Մարո Մուրադյանի, Ժաննա Միքայելյանի, Հայկանուշ Մեսրոպյանի և այլոց գիտական աշխատանքները[4]։ Վանի բարբառին անդրադարձ է կատարում նաև Արարատ Ղարիբյանը «Հայ բարբառագիտություն» գրքում (1948 թ.):
Հայ բարբառագիտության մեջ կարևոր իրադարձություն էր տոհմիկ վանեցի, պատմաբան Հարություն Թուրշյանի «Բառարան Վանի բարբառի» գրքի հրատարակումը, որը լրացնում է հայերենի ամենագեղեցիկ բարբառներից մեկին նվիրված գիտական ուսումնասիրությունների շարքը։ Գիտական մեծ արժեք ունի Հարություն Թուրշյանի նշված աշխատանքը, որտեղ ոչ միայն վստահելի աղբյուրից ներկայացված է Վանի բարբառի ողջ բառամթերքը, այլև գլխաբառերին կից ներկայացված են Վանի և վանեցու առօրյան ներկայացնող օրինակներ, բանահյուսական եզակի նմուշներ։
Գիրքը ամենայն բարեխղճությամբ եւ խնամքով տպագրության է պատրաստել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը՝ բառարանը համալրելով Վանի բարբառի վերաբերյալ ձեռագիր այլ աշխատանքներից քաղված նյութերով և աշխատանքը դարձնելով առավել գիտական:
Բառարանն օգտակար կարող է լինել ինչպես մասնագետներին, այնպես էլ Վան-Վասպուրականով և Վանի բարբառով հետաքրքրվողներին[4]։
ԳրականությունԽմբագրել
- Հրաչյա Աճառյան, Քննություն Վանի բարբառի, Երևան, 1952, 300 էջ:
- Մարօ ջան:Ժողովրդական սիրերգ Վանի բարբառով(Դաշնակի խմբերգի կամ մեներգի համար)Բանաստեղծ.`Յար. Տապաղեանի,[Նոտա]/ Ա. Պարթեւեան, Փարիզ, 1956, 15 էջ[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 282
- ↑ Ղարիբյան Արարատ (1948)։ Հայ բարբառագիտություն։ Երևան: Հեռական Մանկավարժական ինստիտուտի հրատարակություն։ էջ 246
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1952)։ Աղայան Էդուարդ Բագրատի, Տեր-Ղազարյան Մ Գ, eds.։ Քննություն Վանի բարբառի =: Исследование Ванского диалекта։ Երևանի պետական համալսարան Վ.Մ. Մոլոտովի անվան։ Երևան: ԵՊՀ հրատ
- ↑ 4,0 4,1 «Նոր աշխատանք Վանի բարբառի վերաբերյալ»։ www.hhpress.am։ Վերցված է 2019-04-21
- ↑ Պարթեւեան Արա (1956)։ Մարօ ջան :Ժողովրդական սիրերգ Վանի բարբառով(Դաշնակի խմբերգի կամ մեներգի համար) Բանաստեղծ.`Յար. Տապաղեանի: Maro djan։ Paris: Ա.հ