ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն

ՀՀ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն (1956-1998 թվականներին՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ, 1998-2000 թվականներին՝ Այգեպտղագինեգործության գիտական կենտրոն), կազմակերպվել է 1956 թվականին՝ Այգեգործության ու գինեգործության (1943) և Պտղաբուծության (1949) ԳՀԻ-ների հիման վրա։

Հիմնական խնդիրներԽմբագրել

Հիմնական խնդիրներն են խաղողի որթի, պտղատու ծառատեսակների և հատապտղատու սորտերի շրջանացումը, գինեգործության և պահածոների արդյունաբերության՝ ըստ գոտիների տեղաբաշխումը, խաղողի, պտուղների և հատապտուղների տեսակաշարի բարելավումը, բերքատվության բարձրացումը։

ԿառուցվածքԽմբագրել

Ունի խաղողագործության, պտղաբուծության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժիններ, փորձարարական 2 բազա (Արմավիր, Թալին քաղաքներ) և 1 հենակետ (Մերձական գյուղ)։ Մշակվել են այգիների ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական, կիսաանապատային, քարքարոտ հողերի ու զառիթափ լանջերի իրացման միջոցառումներ, գինիների և պահածոների արտադրության տեխնոլոգիայի նոր եղանակներ։ Ստեղծվել են պտղատու մշակաբույսերի 59 և խաղողի 101 սորտեր, որոնցից 41-ը շրջանացվել են ՀՀ-ում. խաղողի՝ Ազատենի, Կարմրահյութ, Շահումյանի, Հադիսի, Տոկուն, Մուսկատ երևանյան, Արևշատ, Մեղրաբույր, Ներկառատ և այլն, տանձենու՝ Հեղինե, Լեռնային գեղեցկուհի, սերկևիլենու՝ Ալեմա, Անի, դեղձենու՝ Արմինե, Ոսկե աշուն, Գեղարդ, Այգեզարդ, Բյուրականի, Օշականի, ծիրանենու՝ Դիմա, Արագածի, Նաիրի, գետնաելակի՝ Արևիկ, Լոռի, Ոուբինե սորտերը։ Գիտական կենտրոնում մշակված տեխնոլոգիայով ՀՀ-ում թողարկվում են «Արևիկ», «Աշտարակ», «Նեկտարենի», «Արմավիրի աղանդերային», «Հայկական» գինիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։