Խաղաղ վանք

Իսահակ Լևիտանի նկար (1890)

«Խաղաղ վանք» (ռուս.՝ Тихая обитель), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի բնանկարը (1860-1900)՝ նկարված 1890 թվականին։ Նկարը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մասն է կազմում (ինվ. Ժ-584)։ Չափերը՝ 87,5 × 108 սմ [1]։

Խաղաղ վանք
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1890
բարձրություն87,5 սանտիմետր
լայնություն108 սանտիմետր
ուղղությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 A Quiet Monastery by Isaac Levitan Վիքիպահեստում

Լևիտանը կտավը, որի սյուժեում միահյուսված են նկարչի՝ մի քանի վանքերի հետ կապված տպավորությունները, ավարտել է 1890 թվականին՝ Վոլգա այցելելուց հետո։ 1891 թվականին նկարը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 19-րդ ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Պետերբուրգում, իսկ այնուհետև՝ Մոսկվայում։ «Խաղաղ վանք» նկարը մեծ հաջողություններ է ունեցել ցուցահանդեսի այցելուների շրջանում և բարձր է գնահատվել արվեստի քննադատների կողմից, ինչը վերջնականապես հաստատել է Լևիտանի՝ որպես ռուս առաջատար բնանկարիչներից մեկի ճանաչումը[2][3]։

Նույն` 1891 թվականին կտավը ձեռք է բերվել մասնավոր հավաքածուներից մեկի համար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կտավի հետքերը կորել են, և նրա գտնվելու վայրն անհայտ է մնացել մինչև 1960 թվականը, երբ այն «գտնվել է» մեկ այլ մասնավոր հավաքածուում։ 1970 թվականին «Խաղաղ վանք» նկարը հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին[1]։

Պատմություն

խմբագրել

1890 թվականի մարտին Լևիտանն առաջին անգամ մեկնեց արտասահման։ 2 ամսում նա եղավ Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Նկարչուհի Սոֆյա Կուվշիննիկովայի հետ Ռուսաստան վերադառնալուց հետո նա գնաց Վոլգա, որտեղ անցկացրեց ամառն ու աշունը՝ այցելելով Պլյոս, Յուրևեց և Կինեշմա[4]։

Լևիտանի կենսագրության հեղինակ Սոֆյա Պրորոկովան գրել է․ «Յուրևեցը գրավել է նկարչի համակրանքը» և, մասնավորապես, «նրան հիացրել է մի վանք», որը գտնվում է Կրիվե մեծ լճի հարևանությամբ գտնվող անտառում»[5]։ Նրան ուղեկցող Սոֆյա Կուվշիննիկովան պատմել է՝ համեմատելով Զվենիգորոդի Սաավինո-Ստորոժևսկի վանքից ավելի վաղ ստացած տպավորությունների հետ[6][7]։

  Լևիտանը Պլյոսից գնաց Յուրևեց՝ հույս ունենալով այնտեղ գտնել նոր մոտիվներ, և, թափառելով շրջակայքում, հանկարծ հանդիպում է փոքրիկ պուրակում տեղավորված վանքի։ Այն տգեղ էր և նույնիսկ տհաճ էին գույները, բայց այնպիսի երեկո էր, ինչպիսին լինում է Սավինում․ գետի վրայի խարխուլ կամրջակները խաղաղ վանքը միացնում էին կյանքի փոթորկոտ ծովին, և Լևիտանի գլխում հանկարծ ստեղծվեց նրա լավագույն նկարներից մեկը, որում միավորվում էին և՛ Սավինի ապրումները, և՛ կրկին զգացածները, և՛ հարյուրավոր այլ հիշողություններ։  

Լևիտանը «Խաղաղ վանք» նկարն ավարտել է Վոլգա կատարած ուղևորությունից վերադառնալուց անմիջապես հետո։ Կտավը մեծ հաջողություններ է ունեցել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 19-րդ ցուցահանդեսում, որը բացվել է Սանկտ Պետերբուրգում 1891 թվականի մարտին[8]։ 1891 թվականի մարտի 16-ին Անտոն Չեխովն իր քրոջը՝ Մարիա Չեխովին, ուղղված նամակում այսպես է գրել[9]․ «Ես եղա պերեդվիժնիկների ցուցահանդեսում։ Լևիտանը նշում էր իր գերազանց մուսայի տոնախմբությունը։ Նրա նկարը ֆուրոր է առաջացնում։ <…> Ամեն դեպքում, Լևիտանի հաջողությունն սովորական չէ։» Հետագայում Չեխովը այդ կտավի պատկերն օգտագործել է իր «Երեք տարի» (1894) պատմվածքում, որի հերոսուհին՝ Յուլյան, մտածում է՝ ցուցահանդեսում դիտելով բնանկարը[10][11]

  Առաջին պլանում գետակ է, նրա վրայով անցնում է գերանակապ կամրջակ, մյուս ափին արահետ է, որ կորչում է մուգ խոտերի մեջ։ <…> Իսկ հեռվում հանգչում է վերջալույսը։ <…> Եվ, չգիտես ինչու, նրան սկսեց թվալ, որ դրանք նույն ամպերն են,<…> և՛ անտառը, և՛ դաշտը նա տեսել է վաղուց ու շատ անգամներ, <…> և ուզեց գնալ, գնալ ու գնալ արահետով, և այնտեղ, որտեղ վերջալույսն էր, խաղաղ հանգչում էր ինչ-որ գերբնական, հավերժական բան։  
 
Խաղաղ վանք (էսքիզ, թուղթ, գրաֆիտե մատիտ, 9 × 15 սմ , Տրետյակովյան պատկերասրահ)

Պերեդվիժնիկների ցուցահանդեսում «Խաղաղ վանք» նկարի ունեցած հաջողության արդյունքում Լևիտանը վերջնականապես ճանաչվեց որպես ռուս ամենահայտնի բնանկարիչներից մեկը։ Նրա նկարները հոժարակամությամբ ցուցադրվում էին ցուցահանդեսներում, դրանք գնում էին լավ գներով, ինչի արդյունքում նկարչի ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվեց։ Ավելի վաղ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նախկին ցուցադրողը 1891 թվականի մարտից դարձավ նրա լիիրավ անդամը[12]։

1891 թվականին՝ հենց պերեդվիժնիկների ցուցահանդեսի ժամանակ, «Խաղաղ վանք» նկարը հեղինակից գնեց ոմն Ալֆերովը․ Տրետյակովյան պատկերասրահի քարտագրացուցակում նրա ազգանունը նշված է առանց անվան և հայրանվան սկզբնատառերի[1]։ Ամեն ինչից դատելով՝ Լևիտանն ինքը չգիտեր գնորդի անունն ու ազգանունը, քանի որ 1891 թվականի մայիսին նկարիչ Գեորգի Խռուսլովին ուղղված նամակում նա գրել է․ «Պարոն Ալֆերովի անունն ու ազգանունն ինձ համար նույնքան անհայտ է, որքան և Ձեզ համար, այդ պատճառով էլ նկարը նրան ուղարկեք առանց անունը նշելու։ Նկարը վաճառվել է 600 ռուբլով, ինչի մասին արդեն ասել է Կիրիլ Լեմոխը։ Հավանաբար հիշյալ Ալֆերովի հասցեն է՝ Նիկոլաևսկայա, տ. 8, բն. 4»[13]։ Համաձայն Պետերբուրգի հասցեների գրքի՝ 1890-ական թվականներին Նիկոլաևսկայա փողոցի (այժմ՝ Մարատի փողոց) 8-րդ տունը պատկանել է առևտրականների 1-ին գիլդիաների և բանկային գրասենյակի հիմնադիր Ֆյոդոր Ալեքսանդրովիչ Ալֆերովին (1839- 1917 թվականից ոչ շուտ), որն էլ, ըստ երևույթին, եղել է նկարի գնորդը[14]։

 
Խաղաղ վանք (էսքիզ, փայտ, յուղաներկ, 9 × 16 սմ , 1890, մասնավոր հավաքածու)

Հետագայում միացել է դիրիժոր և կոմպոզիտոր Նիկոլայ Գոլովանովի հավաքածուին (1891-1953)։ Գոլովանովը 1940-ական թվականների վերջերից մինչև 1950-ական թվականների սկզբները եղել է Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր։ Գոլովանովի մահից հետո՝ 1953 թվականից հետո, նրա հավաքածուն մնացել է քրոջը՝ Օլգա Սեմյոնովնային[15]։ Ըստ երևույթին արվեստագետները չեն իմացել, թե Ալֆերովի մահից հետո նկարն ում մոտ է եղել, քանի որ 1956 թվականի հրապարակումը ցույց է տալիս, որ նրա «գտնվելու վայրն անհայտ է»[16]։ Այն նորից «գտնվել է» 1960 թվականի ցուցադրության համար նախապատրաստելիս, որն անցկացվում էր Տրետյակովյան պատկերասրահում և նվիրված էր Լևիտանի 100-ամյակին[17]։ Գոլովանովի քույրը մահացել է 1969 թվականին։ Դրանից հետո ստեղծվել է Գոլոբանովի տուն-թանգարանը (այժմ՝ Մ․ Ի․ Գլինկիի անվան երաժշտական արվեստի համառուսաստանյան թանգարանային միության մասը), որտեղ մնացել է նրա հավաքածուի մի մասը, իսկ որոշ կտավներ տրվել են արվեստի թանգարաններին։ Մասնավորապես, Լևիտանի «Խաղաղ վանք» նկարը և Նիկոլայ Գեի «Վ․ Ա․ Կոչուբեի դիմանկարը» 1970 թվականին հանձնվել են Տրետյակովյան պատկերասրահին[1][18][19]։

Սյուժե և նկարագրություն

խմբագրել

Նկարի առաջին պլանում պատկերված է գետ, որի վրա գցված է փայտե խարխուլ կամրջակ։ Գետի մյուս ափին կամրջակը փոխվում է անտառ գնացող արահետի, իսկ անտառի խորքում գտնվում է վանքը։ Կոմպոզիցիան նախագծված է այնպես, որ «կամրջակը դիտողի հայացքը քաշում է դեպի խորքերը, կարծես նրան հրավիրում է դրանով գնալ այնտեղ՝ գետով դեպի վանքը»[20]։ Երկնքում երեկոյան ոսկե ամպեր են, որոնց երանգների մեջ հանդիպում են և՛ դեղին, և՛ մանուշակագույն գույներ։ Եկեղեցու և զանգակատան շինությունները ծառերի համեմատ բարձր են, և նրանց արտացոլանքը երևում է գետի խաղաղ մակերեսի վրա․ «հանգիստ ջրի մեծ տարածությունն ու նրանում հազիվ տարուբերվող հեռավոր ափի արտացոլանքները և նրա կառուցվածքը հնարավորություն են տալիս ուժեղացնել երեկոյան լռության և խաղաղության զգացողությունը»[20]։

Նկարի սյուժեում միահյուսված են նկարչի՝ մի քանի վանքերից ստացած տպավորությունները։ Նկարի գաղափարն առաջին անգամ, ըստ երևույթին, ծագել է 1887 թվականին, երբ Լևտանը դիտել է Սավինո-Ստորոժևի վանքի մայրամուտը[7][3][21]։ Բացի դա, նկարելիս նա օգտագործել է նաև Յուրևեցի մոտակայքում գտնվող Կրիվոոզերի վանքի պատկերը, որտեղ նա գնացել էր Պլյոսից[7][22][23]։ Այդ վանքը, որն անվանում են նաև Կրիվոեզերի կամ Կրիվոզերի վանք[24][25], 1917 թվականից հետո փակվել է, իսկ 1950-ական թվականների կեսերին հայտնվել է Գորկովի ջրամբարի հեղեղումների գոտում[24]։

Նկարում պատկերված է նաև վրանաձև տիպի զանգակատուն (կոնաձև տանիքով)։ Գրող Սոֆյա Պրորոկովան հաստատում է, որ նկարիչը այդպիսի զանգակատան նախատիպը գտել է Պլյոսի Սոբորնյան լեռան վրա, որտեղ գտնվում է Վերափոխման տաճարը[26]։ Արվեստաբան Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը, մեկնաբանելով նրա պնդումը, քննարկել է նաև այլընտրանքային տարբերակը՝ ենթադրելով, որ, որպես նրա նախատիպ, նկարիչը կարող էր օգտագործել Ռեշմա գյուղի (գտնվում է Վոլգայում՝ Կինեշմայի և Յուրևեցի միջև) Հարության եկեղեցու զանգակատունը, քանի որ Լևիտանի ալբոմում նկարված կա այդ եկեղեցին[27]։ Գավառագետ Լեոնիդ Սմիրնովը, հանգամանալից ուսումնասիրելով Ֆյոդորով-Դավիդովի փաստարկները, համաձայնվում է Պրորոկովայի հետ և գտնում է, որ Լևիտանն օգտագործել է Պլյոսի Սոբորնյան լեռան զանգակատան պատկերը։ Դա հաստատող փաստարկներից է այն, որ նկարում այդ շինության հարևանությամբ նկարված կառույցը նույնպես ունի Պլյոսի եկեղեցու ճարտարապետությունը[7]։

 
Կրիվոոզերի վանք (1913 թվականի լուսանկար)
 
Վերափոխման մայր տաճար (Պլյոս)
 
Հարություն եկեղեցին Ռեշմա գյուղում

«Խաղաղ վանք» նկարը նկարելուց 2 տարի անց Լևիտանը շատ նման վանք է պատկերել «Երեկոյան զանգահարություն» կտավում, այդ նկարը նույնպես գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում[28][29]։

Արձագանքներ

խմբագրել

Արվեստի քննադատ Վլադիմիր Ստասովը, «մինչև այժմ անտեսելով Լևիտանին»[30], բարձր է գնահատել այս բնանկարը՝ գրելով, որ «Խաղաղ վանքը», իր կարծիքով, «գեղեցկության և երեկոյան արևի երանգների պոեզիայի լավագույն նկարն է»[31]։ Նկարիչ Վասիլի Պոլենովը, նույնպես ներկա գտնվելով Պետերբուրգի ցուցահանդեսին, 1891 թվականի մարտի 4-ին իր կնոջը գրած նամակում նշել է, որ ««Վանքում» բոլորին դուր է գալիս վերևը, իսկ ջուրն ամբողջությամբ չի հաջողվել, շատ է կտրատված»[32]։

Նկարիչ և քննադատ Ալեքսանդր Բենուան «XIX դարի ռուսական գեղանկարչության պատմություն» գրքում գրել է[33]

  Լևիտանն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1891 թվականի Պերեդվիժնիկների ցուցահանդեսի ժամանակ։ Նրա նկարները ցուցադրվել են նաև անցյալում, և նույնիսկ մի քանի տարի, բայց այն ժամանակ իր ընդհանուր, գորշ ու թորշոմած զանգվածով չէր տարբերվում մեր մյուս բնանկարիչներից։ «Խաղաղ վանք» նկարի հայտնվելն առաջացրեց, ընդհակառակը, զարմանալիորեն վառ տպավորություն։ Թվում է՝ ճշգրիտ են նկարվել պատուհանների փեղկերը, ճշտորեն են դրանք բոլորովին բացել, և թարմ, անուշաբույր օդի հոսանքները հորդում են հեղձուկ ցուցասրահ, որտեղ այդպես գարշելի բուրում է չափազանց մեծ քանակությամբ քուրքերից ու յուղովի ճտքակոշիկներից։  

Մյուս հեղինակները համաձայն էին Բենուայի բարձր գնահատականի հետ, սակայն նրա կարծիքից տարբերվում էին նրանով, որ այդ նկարը շրջադարձային է եղել նկարչի ստեղծագործության մեջ։ Արվեստաբան Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը, «Խաղաղ վանքը» դիտելով որպես Լևիտանի «տրամադրությունների բնանկարների» շարք, նշել է, որ այդ նկարը «եղել է Վոլգայի երկարատև աշխատանքի մի տեսակ եզրափակիչ փուլ», և այն «ոչ միայն չի հակադրվում Լևիտանի նախկին աշխատանքներին, այլև միանգամայն բխում է նրանից»[34]։

Արվեստաբան Գլեբ Պոսպելովը «Խաղաղ վանք» նկարը համարում է մեկն այն ամենակարևոր նկարներից, որ ներկայացնում են «ապաստանի» գաղափարը 19-րդ դարավերջի ռուս նկարիչների բնանկարային ստեղծագործության մեջ, այդ «ապաստան» ասելով նա հասկանում էր «փոթորիկներից պաշտպանված խաղաղ շրջան, որտեղ մարդկային հոգին ոչ միայն հալվում է, այլ նաև ծլարձակում»[35]։ «Խաղաղ վանք» նկարից բացի Պոսպելովն այդ թեման քննարկել է Լևիտանի ավելի ուշ նկարված «Երեկոյան զանգահարություն» (1892, Տրետյակովյան պատկերասրահ) կտավում, իսկ «որպես դրանց բնական նախակարապետ» համարում է «Երեկո։ Ոսկե Պլյոս» (1889, Տրետյակովյան պատկերասրահ) նկարը։ «Ապաստանի» այդ մոտիվն ներառում է նաև «ճանապարհի զգացողություն, որը պետք է հաղթահարել, որպեսզի հասնեն խորքում նշմարվող ապաստարանը»[36]․ մասնավորապես, «Խաղաղ վանքը» նկարում, «նախքան անտառում թաքնված վանքը հասնելը», դիտողի հայացքը պետք է անցնի գետի փայտե կամրջակի վրայով»[37]։

Նկարիչ Ալեքսանդր Գոլովինը Լևիտանի մասին իր հուշերում գրել է[38]

  Իմ՝ Գեղանկարչության դպրոցում եղած ժամանակ Լևիտանի մասին արդեն խոսում էին որպես խոշոր տաղանդի մասին։ <…> Բայց նա իր վրա հատուկ ուշադրություն է հրավիրել, երբ Պերեդվիժնիկների ցուցահանդեսում հայտնվեց նրա «Խաղաղ վանքը»։ Այդ նկարն իր սյուժեով շատ պարզ է (ամառային առավոտ, գետ, անտառապատ հրվանդան, վարդագույն, արշալույսի երկինք, հեռվում վանք), բայց տպավորություն է թողել հիանալի թարմությամբ, շիտակությամբ, անկեղծությամբ։ Այդպիսին է Լևիտանի ողջ ստեղծագործությունը։ Նա հասկացել է ինչպես ոչ ոք, ռուսական բնության նուրբ, թափանցիկ գեղեցկությունը, նրա տխուր հմայքը։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 357
  2. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 135—140
  3. 3,0 3,1 В. А. Петров, 1992, էջ 63—65
  4. Чижмак, Маргарита Сергеевна. «Хроника жизни и творчества Исаака Левитана» (PDF). журнал «Третьяковская галерея», 2010, № 3, с.58—71. Վերցված է 03.09.2015-ին.
  5. С. А. Пророкова, 1960, էջ 109—111
  6. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 135
  7. 7,0 7,1 7,2 7,3 Смирнов, Леонид Павлович. «Левитан в Плесе — Исторический очерк по документам, печатным материалам и семейным воспоминаниям» (HTML). www.plyos.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 29.08.2015-ին.
  8. В. А. Петров, 1992, էջ 62
  9. А. П. Чехов Письма. Январь 1890 - февраль 1892 гг.. — Москва: Наука, 1965. — Т. 4. — С. 197. — 656 с. — (Письма: В 12 т.).
  10. А. П. Чехов Полное собрание сочинений и писем в 30-ти томах. — Москва: Наука, 1985. — Т. 9. — С. 65—66. — (Письма: В 12 т.).
  11. А. М. Турков, 1974, էջ 64
  12. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 139
  13. И. И. Левитан, 1956, էջ 35
  14. Адресная книга города С.-Петербурга на 1893 г. / П. О. Яблонский. — Санкт-Петербург, 1893. — С. 10 (Указатель адресов лиц).
  15. Марина Рахманова. «Николай Голованов: возвращение» (HTML). «Православие и современность» № 17 (33) — www.eparhia-saratov.ru. Վերցված է 08.29.2015-ին.
  16. И. И. Левитан, 1956, էջ 257
  17. Очерки по русскому и советскому искусству. — Москва: Советский художник, 1965. — Т. 4. — С. 161.
  18. Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 210—211
  19. «Музей-квартира Н. С. Голованова». ВМОМК имени М. И. Глинки — www.glinka.museum. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 13.09.2015-ին.
  20. 20,0 20,1 А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 136
  21. А. М. Турков, 1974, էջ 63
  22. В. А. Петров, 2000
  23. 24,0 24,1 «Макарьевский уезд — Троицкая Кривоезерская заштатная общежительная мужская пустынь» (HTML). www.old-churches.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 13.09.2015-ին.
  24. «Кривоезерский монастырь» (HTML). yurevets37.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 13.09.2015-ին.
  25. С. А. Пророкова, 1960, էջ 109—115
  26. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 135—136
  27. Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 359
  28. «Левитан Исаак Ильич — Вечерний звон». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 04.09.2015-ին.
  29. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 138
  30. В. В. Стасов, 1954, էջ 41
  31. Ф. С. Мальцева, 1952, էջ 230
  32. А. Н. Бенуа, 1995, էջ 345
  33. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 140
  34. Г. Г. Поспелов, 1997, էջ 255—256
  35. Г. Г. Поспелов, 1997, էջ 257
  36. Г. Г. Поспелов, 1997, էջ 258
  37. А. Я. Головин Встречи и впечатления. Письма. Воспоминания о Головине.. — Москва—Ленинград: Искусство, 1960. — С. 27. — 388 с.

Գրականություն

խմբագրել
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • Фёдоров-Давыдов А. А. Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
  • Петров В. А. Исаак Ильич Левитан. — СПб.: Художник России, 1992. — 200 с. — (Русские живописцы XIX века).
  • Петров В. А. Исаак Левитан. — М.: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
  • Пророкова С. А. Левитан. — М.: Молодая гвардия, 1960. — 240 с. — (Жизнь замечательных людей).
  • Левитан И. И. Письма, документы, воспоминания / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1956. — 335 с.
  • Бенуа А. Н. История русской живописи в XIX веке. — М.: Республика, 1995. — 448 с. — ISBN 5-250-02524-2
  • Стасов В. В. Статьи и заметки, публиковавшиеся в газетах и не вошедшие в книжные издания. — Издательство Академии художеств СССР, 1954. — Т. 2.
  • Мальцева Ф. С. Мастера русского реалистического пейзажа. — Издательство Государственной Третьяковской галереи, 1952. — Т. 2.
  • Поспелов Г. Г. Мотив «приюта» в искусстве конца XIX — начале XX века // Русское искусство XIX века. — М.: Искусство, 1997. — С. 255—261. — ISBN 5-210-00921-1
  • Турков А. М. Исаак Ильич Левитан. — М.: Искусство, 1974. — 160 с. — (Жизнь в искусстве).