Լևոն Սրապյան
Լևոն Ղազարի Սրապյան (Տեր-Սրապյան, Լեոն Հերալդ, մայիսի 15, 1896, Բթառիճ, Ճիմին, Էրզինջանի մարզ, Թուրքիա - սեպտեմբերի 7, 1976), ամերիկահայ բանաստեղծ, հեղինակ, Հայոց ցեղասպանության թեմային անգլերենով անդրադարձած առաջին հայ հեղինակը[1]։
Լևոն Սրապյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1896 |
Ծննդավայր | Բթառիճ, Ճիմին, Էրզինջանի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1976 (80 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Սրապյանը ծնվել է Երզնկա քաղաքի մոտ գտնվող Բթառիճ գյուղում։ Սովորել է Էրզրումի Սանասարյան վարժարանում։ 1912 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Որոշ ժամանակ աշխատել է Դետրոյթի մեքենաների գործարաններում։ 1920-ական թվականների սկզբին սովորել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում, որտեղ ընկերացել է ամերիկյան գրող Զոնա Գեյլի և գրական ամսագրի խմբագիր Մարիաննա Մուրի հետ։ «Վիսկոնսին» ամսագրում տպագրել է բանաստեղծություններ և ակնարկներ։ 1923 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[2]։ Հետագայում հաստատվել է Նյու Յորքում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
Խմբագրել է «Հայ երիտասարդ» անգլերեն թերթը։ 1925 թվականին լույս է տեսել «Ժամն այս զարթնումի» հայերեն բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծություններում («Գիւղէս յիշատակներ», «Լուսինը 1915-ին», «Բանտէն կախաղան», «Ողբամ մեռելոց», «Առեղծուածի հաճոյքը», «Տիեզերքի կենսագրութիւնը») արծարծել է կորուսյալ հայրենիքի, Մեծ եղեռնի թեմաները[3]։ Այնուհետև ստեղծագործել է անգլերեն։ «Ինչու գրեցի անգլերէն» («Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք», 1925, Բոստոն, էջ 254-255) հոդվածում անդրադարձել է իր անգլերենով ստեղծագործելու պատճառներին։ 1927 թվականին աշխատել է Նյու Յորքի Հանրային գրադարանում։ Մինչև 1930-ական թվականներն աշխատակցել է «Հայրենիք», «Նոր երկիր», «Արարատ» պարբերականներին։ Սրապյանի «Հորիզոնի հզորությունը» երկը տպագրվել է Էդվարդ Ջոն Օ'Բրիենի 1929 թվականի «Լավագույն ամերիկյան կարճ պատմություններ» (անգլ.՝ The Best American Short Stories) ժողովածուում։ 1935 թվականին օգնել է ձևավորել ԱՄՆ-ի Դաշնային գրողների միությունը (անգլ.՝ Federal Writers' Project)[4]: Եղել է «Հայ երիտասարդ» անգլերեն շաբաթաթերթի և «Ուսուցում» ամսագրի խմբագիրը։
Կյանքի վերջին տարիներին գրել է իմաստասիրական բնույթի աշխատություններ։ Մահացել է 1974 թվականին, Նյու Յորքում[5]։
Ընտանիք խմբագրել
1938 թվականին ամուսնացել է Բեթի Ֆորսթերի հետ։ 1939 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջոն Հերալդը, ով եղել է ժողովրդական երգիչ[6]։ Սրապյանի կինը մահացել է 1942 թվականին, քաղցկեղից։
Անդամակցություն խմբագրել
- ԱՄՆ Կոմունիստական կուսակցության անդամ
- Ամերիկյան գրողների միության անդամ, 1935-1943
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Papers from the archive of Armenian-American poet Leon Srabian Herald
- ↑ U.S. Naturalization Record Indexes, 1791-1992
- ↑ Demirdjian, Alexis, ed. (2016). The Armenian Genocide Legacy. Palgrave MacMillan. p. 278.
- ↑ The dream and the deal; the Federal Writers' Project, 1935-1943
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-28-ին։ Վերցված է 2020-07-28
- ↑ Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»։