Լոխման, (արաբ․՝ لقمان‎‎), արաբական առասպելական իմաստուն, որի անունը ավանդաբար փոխանցվել է արաբական առածների ու առակների միջոցով։ Լոխման անունով հայտնի է 2-3 անձնավորություն։ Ամենից վաղ հայտնի Լոխմանը, ըստ ավանդության, ապրել է նախաիսլամական շրջանում։ Մյուսը, որը կրել է «իմաստուն» (հեքիմ) մականունը, հիշատակվում է Ղուրանի 31-րդ սուրահի խորագրում, ըստ աղբյուրների, եղել է նուբիական բռնապետ և ապրել Աստվածաշնչի Դավթի ժամանակներում։ Այս Լոխմանին վերագրում են իմաստուն շատ ասույթներ, ոտանավորներ, առածներ, որոնք ավելի հին են, քան նրա մասին եղած բազմաթիվ զրույցներն ու առակները, որոնք տարածված են Արևելքում և ընդհանրություններ ունեն Եզոպոսի, Սինտիպի, Իփկարի առակների ու զրույցների հետ։ Արաբ գրողները Լոխմանի առակների մասին ոչ մի տեղ չեն հիշատակում, թեև դրանք գոյություն են ունեցել XIII դարից։ Լոխման. հայ բանահյուսության մեջ հանդես է եկել որպես իմաստուն բժիշկ, որը, բնության գաղտնիքները յուրացնելով, կենդանացնում է մեռած մարդկանց, երիտասարդացնում ծերերին, հասկանում կենդանիների ու թռչունների լեզուն։ Լոխման. ընկալվում է նաև բժիշկ իմաստով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 654
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխման» հոդվածին։