Լիտվայի թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարան

Լիտվայի թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարան (լիտ.՝ Lietuvos teatro, muzikos ir kino muziejus), Լիտվայի մշակութային և կրթական հաստատություն, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, վերականգնում և մասսայականացնում է լիտվական թատրոնի, երաժշտության և կինոյի գործիչների ստեղծագործությունները։ Թանգարանը գտնվում է Վիլնյուսում՝ Վիլնյաուսի 41 հասցեում (Vilniaus g. 41), Ռաձիվիլների Փոքր պալատի շենքում։ Թանգարանի հիմնադիրը համարվում է Լիտվայի մշակույթի նախարարությունը։

Լիտվայի թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լիտվա[1]
ՏեղագրությունՎիլնյուսի քաղաքային ինքնակառավարում
ՀասցեVilniaus Street? (41)[2]
Հիմնադրվել է1926
Կայքltmkm.lt(լիտվ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարանը համարվում է Լիտվայի համալսարանի թատերական սեմինարի թանգարանի (1936-1944 թվականներին Պետական թատրոնի թանգարան) իրավահաջորդը, որը 1926 թվականին հիմնադրվել է Կաունասում՝ Բալիս Սրուոգայի և Վինցաս Կրևեի նախաձեռնությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի գործունեությունը դադարեցվել է, ցուցանմուշներից շատերը ոչնչացել են։

 
Թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարանի բակը

1957-1964 թվականներին գործում էր Լիտվայի թատերական ընկերության թանգարանը։ 1964 թվականին բացվել է Լիտվայի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղը՝ Թատրոնի և երաժշտության թանգարանը։ Այն գործել է մինչ 1992 թվականը Տրակու (Trakų g. 2) փողոցում գտնվող Ումյաստովսկիների պալատի շենքում, որտեղ առաջին ցուցահանդեսը բացվել է 1965 թվականին։ 1992 թվականին Լիտվայի գեղարվեստի թանգարանի ստորաբաժանումը դարձավ թատրոնի, երաժշտության և կինոյի ինքնուրույն թանգարան (տնօրեն՝ երաժշտագետ Յոնաս Բրուվերիս, 1997 թվականից՝ թատերագետ Ալեքսանդրաս Գուոբիս, 2002 թվականից՝ Ռեգինա Լոպենե

1996 թվականին թանգարանին է տրամադրվել Լիտվայի թատերական միության գրադարանը, որտեղ հաշվառված էր շուրջ 15 հազար գիրք, հիմնականում ռուսերեն, դրամատուրգիայի, գրքեր և պարբերականներ թատրոնի, երաժշտության, կինոյի, արվեստի վերաբերյալ։ 1996 թվականին թանգարանը տեղափոխվեց Վիլնյաուսի փողոցում գտնվող Ռաձիվիլների վերականգնված Փոքր պալատ, որտեղ 1795-1810 թվականներին գործում էր Վիլնայի հանրային թատրոնը (շենքը համարվում է ազգային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, գրանցված է Լիտվայի Հանրապետության մշակութային ժառանգության գրանցամատյանում, ծածկագիրը՝ 644[3]): 2000 թվականին բացվել է մշտական ցուցադրություն։

 
Թատերական հագուստի ցուցահանդես
 
Պոլիֆոն լիտվական թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարանի հավաքածուից, 2008
 
Հատված թատերական հագուստի ցուցահանդեսից

Հավաքածուներ և բաժիններ

խմբագրել

Թանգարանի հավաքածուները ներառում են Լիտվայի և օտարերկրյա լիտվացիների թատրոնը, երաժշտությունը և կինոն արտացոլող տարբեր ցուցանմուշներ՝ լուսանկարներ, երաժշտական գործիքներ, կինոտեխնիկա, տեսաձայնագրություններ, ձայնագրություններ, թատերական հագուստներ, հուշանվերներ, անիմացիոն գծանկարներ, թատերական տիկնիկներ, դեկորացիաների և տարազների էսքիզներ, փաստաթղթեր, պաստառներ և ազդագրեր, մրցանակներ, ձեռագրեր, նամակներ։ Թանգարանի հավաքածուի մեծ մասը բաղկացած է թատրոնի բաժնի կողմից կուտակված ցուցանմուշներից՝ արխիվային նյութեր տարբեր թատերական դարաշրջաններից, թատերական գործիչ Յուոզաս Վայչկուսի, դերասան Կոնստանտինաս Գլինսկիսի, ռեժիսոր և դերասան Բորիս Դաուգուվետիսի, դերասան Պյատրաս Կոբերտավիչիուսի, ռեժիսոր Անտանաս Սուտկուսի, Անդրիուս Օլեկա Ժիլինսկասի անձնական դերասանական հավաքածուներից, Վիլենյան թատրոնի 1811-1898 թվականների ազդագրերից։ Երաժշտության բաժնի հավաքածուն բաղկացած է 18-20-րդ դարերի երաժշտական գործիքներից, կոմպոզիտորներ Յուոզաս Նաույալիսի, Ալեքսանդրաս Կաչանաուսկասի, Յոնաս Բենդորյուսի, Յուոզաս Պակալնիսի, Կոնստանտինաս Գալկաուսկասի, Կիպրաս Պետրաուսկասի, Յադվիգա Յովայշայտե-Օլեկենեի, Անտանաս Զաուկի, Յուոզաս Գրիբաուսկասի ձայնագրությունների պահեստարանից և տարբեր երաժշտական կոլեկտիվների, երաժշտական թատրոնների, ուսումնական հաստատությունների ընկերությունների հավաքածուներից։ Նյութեր կան նաև Ֆեոդոր Շալյապինի վերաբերյալ։

Երաժշտական գործիքների հավաքածուն ներառում է ժողովրդական երաժշտական փողային գործիքներ, տեղական արհեստավորների պատրաստած տավիղներ, ջութակներ, ցիմբալներ, հարմոններ, կոնցերտինոներ, մեխանիկական երաժշտական գործիքներ (պատեֆոնների, պոլիֆոնների, սիմֆոնիոնների, դաշնամուրի նախորդներ), որոնց մեծ մասը պատրաստվել են հանրահայտ Յու. Գ. Ցիմերմանի ֆիրմայում։ Հատուկ արժեք ունեն հիշատակի գործիքները՝ կոմպոզիտոր և դիրիժոր Յուոզաս Տալլատ-Կյալպշայի դաշնամուրը, դաշնամուրը նվագել է նաև Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսը, կոմպոզիտոր և դիրիժոր Յուոզաս Պակալնիսի ֆլեյտան և նմանատիպ այլ գործիքներ։ Դրանց թվում է 1830 թվականին պատրաստված դաշնամուրը, որը, ըստ ժամանակակիցների, նվագել է Ադամ Միցկևիչի սիրելին՝ Մարիլյա Վերեշչակը[4]։

Կերպարվեստի բաժնի ցուցանմուշների ամենանշանակալից և ամենամեծ մասը կազմված է դեկորացիաների, տարազների և տեխնիկական գծագրերի, դեկորացիայի մոդելների, թատերական զգեստների, իրերի և աքսեսուարների հավաքածուներից, որոնք պատրաստվել են Վլադաս Դիջյոկասի, Վլադիմիր Դուբենեցկու, Ադոմաս Գալդիկասի, Ադոմաս Վառնասի, Մստիսլավ Դոբուժինսկու, Լյուդաս Տրույկիսի և թատրոնի այլ նկարիչների կողմից։ Գոյություն ունի նաև նկարների, քանդակագործական, գրաֆիկական դիմանկարների և գրապիտակների, հուշարձանների հավաքածու, որոնք պատկանում էին թատրոնի և երաժշտության հայտնի գործչիներին, ներառյալ նկարներ, քանդակներ, կահույք, մոմակալներ։

Կինոյի բաժինը ստեղծվել է 1992 թվականին, երբ թանգարանն անկախ է դարձել։ Թանգարանի հավաքածուն ներառում է լուսանկարներ, պաստառներ, կինոնկարների և հեռուստատեսային խաղարկային կինոնկարների գովազդային նյութեր, տեսախցիկների և այլ կինոտեխնիկայի հավաքածու, վիդեո և աուդիո ձայնագրություններ։

Թանգարանն ունի նաև ցուցանմուշների հաշվառման և պահպանման բաժին և թանգարանային ֆոնդերի գրադարան։ Թանգարանի գրադարանը ներառում է ավելի քան 24 հազար գիրք, պարբերական և այլ հրատարակություններ 19-20-րդ դարերի լիտվերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում էին գեղարվեստական ստեղծագործություններ հեղինակների ինքնագրերով, նոտաներ, գրամեքենայով տպագրված ռեժիսորական պիեսների տեքստեր, գրքեր թատրոնի, երաժշտության, պարի, կինոյի, դրամատուրգիայի մասին։ Թանգարանի գրադարանի ամենաարժեքավոր մասը թատերագետ Վիտաուտաս Մակնիսի, կոմպոզիտոր Յուոզաս Կամայտիսի և դերասանուհի Ունե Բաբիցկայտեի անձնական գրադարաններն են։ Մեծ արժեք են ներկայացնում նաև ռեժիսորներ Ռոմուալդաս Յուկնյավիչուսի, Անտանաս Սուտկուսի, Կոնստանտինաս Գլինսկու, Յուրգիս Պետրաուսկասի, Ալֆոնսաս Զաուկի, Յուոզաս Գրիբաուսկասի, դերասաններ Օնի Ռիմայտեի, Ստասիս Պետրայտիսի, Յուոզաս Ռուձինսկասի, պարուհիներ Օլգա Դուբենեցկենե Կալպոկենեի, Յադվիգա Իովայշայտե Օլենկենի, Մարիա Յուոզապայտեի, կոմպոզիտորներ Յուոզաս Նաույալիսի և Ալեքսանդրաս Կաչանաուսկասի անձնական գրքային ֆոնդերը։

Այլ տեղեկություններ

խմբագրել

Թանգարանը բաց է երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 11։ 00-18։ 00, չորեքշաբթի օրերին՝ 11։ 00-19։ 00, շաբաթ օրերին՝ 11։ 00-16։ 00։ Չի գործում երկուշաբթի, կիրակի օրերին և պետական տոներին։ Պետական տոներին նախորդող օրերին աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատվում են։ Տոմսի արժեքը 5 լիտ է, աշակերտների, ուսանողների, կենսաթոշակառուների համար 3 լիտ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://museums.lt/tikrieji-nariai/
  2. KontaktaiLithuanian Theater, Music and Cinema Museum.
  3. «Mažieji Radvilų rūmai». Kultūros vertybių registras (լիտվերեն). Kultūros paveldo departamentas prie Kultūros ministerijos. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  4. «Muzikos instrumentų rinkinys». Muziejaus rinkiniai (լիտվերեն). Lietuvos teatro, muzikos ir kino muziejus. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարան» հոդվածին։