Լիպարիտ Ավետիսյան

օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիպարիտ Ավետիսյան (նոյեմբերի 30, 1990(1990-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի օպերային երգիչ, տենոր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2020)։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։

Լիպարիտ Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1990(1990-11-30) (33 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լիպարիտ Ավետիսյանը ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։ Փոքր տարիքից տեղափոխվել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցի վոկալ բաժինը`Վերա Ռիբալկոյի դասարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Երկու տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում[1]։ Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի ունեցավ Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում։ Լիպարիտը հանդես եկավ Ֆենտոնի դերերգով Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում, արժանալով օպերային հասարակության բարձր գնահատանքին[2]։ Որից հետո նա անմիջապես հրավիրվեց կատարելու Ռուդոլֆի դերերգը (Պուչչինի «Բոհեմ») Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում և Ալֆրեդի դերերգը (Վերդի «Տրավիատա») Լոնդոնի Քովենտ Գարդեն Թագավորական օպերային և Սիդնեյի Օպերային թատրոններում[3]։ 2013 թվականից Լիպարիտ Ավետիսյանը Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ Այստեղ նրա խաղացանկում են` Սարոյի (Տիգրանյան «Անուշ»), դոն Խոսեի (Բիզե «Կարմեն»), Ալֆրեդի (Վերդի «Տրավիատա»), երիտասարդ գնչուի (Ռախմանինով «Ալեկո») դերերգերը։ Լիպարիտ Ավետիսյանը համագործակցում նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նա հանդես է եկել Ռուդլֆի (Պուչչինի «Բոհեմ»), Դուքսի (Վերդի «Րիգոլետտո») դերերգերով, ինչպես նաև կատարել է տենորի մեներգերը Վերդիի և Մոցարտի Ռեքվիեմներում և Մալերի «Երգ հողագնդի մասին» ստեղծագործությունում։ Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոնների։ Այդ թվում` «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» փառատոնը Լոնդոնում, «Ազգային Պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնը» Երևանում, «Սպիտակ գիշերների աստղեր» XXI-րդ միջազգային երաժշտական փառատոնը, Սանկտ-Պետերբուրգում, «Զատկի փառատոնը» Մոսկվայում, «Բեթհովեն-Ֆեսթ»-ը Լեհաստանում, «Մուստոնեն-Ֆեսթ»-ը Էստոնիայում, «Միդեմ Ֆեսթ»-ը Ֆրանսիայում, «ԱՀԱՎԱ-Ֆեսթ»-ը Գերմանիայում։ 2014 թվականին Լիպարիտ Ավետիսյանը ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ։ Ավետիսյանը իր մասնակցությունը ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ելույթ ունենալով «Հովեր» Պետական կամերային երգչախմբի և հանրահայտ Եվգենի Կիսինի հետ Նյու-Յորքի Կարնեգի Հոլլ համերգասրահում, Վաշինգտոնի Ստրատմոր երաժշտական կենտրոնում, ինչպես նաև կատարեց տենորի մեներգը Մոցարտի «Ռեքվիեմում» Փարիզի «Շաթլե» թատրոնում։ 2015 թվականից Լիպարիտ Ավետիսյանը հրավիրյալ երգիչ է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում։ Այստեղ նրա խաղացանկում են` Դոն Ժոզեյի (Բիզե «Կարմեն»), Դե Գրիյեի (Մասնե «Մանոն»), Կոմս Ալմավիվայի (Ռոսինի «Սևիլյան սափրիչ»), Արքայազնի (Պրոկոֆև «Սեր դեպի երեք նարինջ») և Նեմորինոյի (Դոնիցետի «Սիրո ըմպելիք»)դերերգերը։ 2016 թվականի մարտին Երևանում կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը,Լիպարիտ Ավետիսյանը հաղթող ճանաչվեց, լավագույն տղամարդ դերասան անվանակարգում, Բիզեյի «Կարմեն օպերայում իր ցուցաբերած դերակատարման համար։ 2016 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխությունը, որտեղ նա արժանացավ մրցանակի լավագույն հրավիրյալ երգիչ անվանակարգում[4], Դե Գրիյեի (Մասնե «Մանոն», Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն) և Դոն Ժոզեյի (Բիզեյի «Կարմեն», Եկատերինբուրգի օպերային թատրոն[5]) դերերգերում իր ցուցաբերած դերակատարման համար։ Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար Ավետիսյանը առաջադրվել է նաև «Ոսկե Դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխությանը, լավագույն տղամարդ դերասան անվանակարգում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2020 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[6]։
  • 2015 թվականի հուլիսին մասնակցել է տենորների մրցույթ-փառատոնին, Լեհաստանում և արժանացել երկու հատուկ մրցանակի։
  • 2014 թվականի հոկտեմբերին մասնակցել է «Մուսլիմ Մագոմայեվի անվան III-րդ միջազգային մրցույթին» և արժանացել երկրորդ մրցանակի։
  • 2014 թվականի оգոստոսին մասնակցել է Հելսինկիյում կայացած «Միրյամ Հելին» երգիչների VII-րդ միջազգային մրցույթին, արժանանալով դիպլոմի և դրամական պարգևի։
  • 2013 թվականին« Մարիա Բիեշույի անվան օպերային երգիչների երկրորդ միջազգային մրցույթում» արժանացել է երկրորդ մրցանակի եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
  • 2012 թվականի հոկտեմբերին մասնակցել է «Ջ.Բ. Վիոտտիի անվան երգիչների միջազգային մրցույթին» և արժանացել դիպլոմի։
  • 2010 թվականին Մոսկվայում «Աշխարհի մուսա» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Liparit Avetisyan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  2. Hochgenuss aus einem Guss
  3. Липарит Аветисян, приглашенный солист оперы
  4. В Петербурге назвали лауреатов первой оперной премии "Онегин"
  5. В ЕКАТЕРИНБУРГЕ ПОСТАВИЛИ ОТЛИЧНУЮ «КАРМЕН
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.

Աղբյուրներ խմբագրել