Լեսլի Դևիս
Լեսլի Ա. Դևիս (անգլ՝ Leslie A. Davis, 1876 - 1960), ամերիկացի դիվանագետ, 1914-17 թթ. Խարբերդում ԱՄՆ հյուպատոս, Հայոց ցեղասպանության ականատես։ Նկարագրել է Դեր-Զոր հայ բնակչության տեղահանության գործընթացը ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված իր զեկույցներում։ Անգամ օսմանյան իշխանությունների զգուշացումից հետո Դևիսը շարունակել է օգնել հայերին՝ կոտորածից թաքցնելով շուրջ 80 մարդ հյուպատոսարանի շենքում։
Լեսլի Դևիս | |
---|---|
Ծնվել է | 1876 |
Մահացել է | 1960 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Կենսագրություն խմբագրել
Մասնագիտությամբ իրավաբան է։ 1909-1911 թվականներին եղել է փաստաբան Նյու Յորքում։ Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1912 թվականին, Բաթումում։ 1913 թվականին ճամփորդել է Ուզբեկաոանում և Կովկասում, սեպտեմբերի 7-ին բարձրացել է Արարատ լեռը։ 1914 թվականի ապրիլին նշանակվել է ամերիկյան հյուպատոս Խարբերդում, ուր մնացել է մինչև 1917 թվականի ապրիլը։ 1918 թվականի մայիսին նշանակվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուսաստանում սպիտակգվարդիականների մոտ և մեկնել Արխանգելսկ, որտեղից ամերիկյան զորքերի մեկնումից հետո տեղափոխվել է Հելսինկի։ 1941 թվականից թոշակառու։ 1915-1916 թվականներին Դեյվիսը եղել է հայերի զանգվածային սպանդի տեղավայրերում, արել լուսանկարներ և կազմել այն հայերի անունների ցանկը, ում տեսել է ողջ տեղահանման նախօրյակին։ Հյուպատոսական իր տանը թաքցրել է շուրջ 80 հայ փախստականների։ Պետդեպարտամենտին և Կ. Պոլսում գտնվող ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուին հղած բազմաթիվ զեկուցագրերում Դեյվիսը ընդգծել է, որ հայերի սպանություններն ու խոշտանգումներն առանձին պատահական դեպքեր չեն, այլ լայնածավալ, հետևողական, պետության կողմից իրականացվող քաղաքականություն։ Պատրաստել է զեկուցագիր (132 էջ) 1915-1917 թվականներին Խարբերդում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Փարիզի կոնֆերանսին ներկայացնելու համար։ Կցվել են նաև լուսանկարներ։ Փաստաթուղթը հանձնվել է ԱՄՆ-ի պետքարտուղարին (պահվում էր Պետդեպարտամենտի, իսկ 1945 թվականից՝ ԱՄՆ-ի ազգային արխիվներում. 1987 թվականի նոյեմբերին գաղտնազերծվել է և հրատարակվել 1989 թվականին՝ որոշ հավելումներով)։
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |