Սովորել է Պետրոգրադի Կոմիկական օպերայի ստուդիայում։ 1921 թվականին Գ․ Մ․ Կոզինցևի և Ս․ Ի․ Յուտկևիչի հետ կազմակերպել է դերասանների և ռեժիսորների խումբ՝ էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա անունով։ 1924-1946 թվականներին կինոյում աշխատել է Կոզինցևի հետ։ Նրանց ֆիլմերից են՝ «Օկտյաբրինայի արկածները» (1924 թ.), «Շինել» ըստ Գոգոլի (1926 թ.) և այլն, որոնք առանձնանում են նոր կինոձևերի որոնումներով։ Հաջորդ կինոնկարները՝ «Նոր Բաբելոն» (1929 թ.) և հատկապես «Մենակը» (1931 թ.), եղել են անցում ռեալիստական արվեստին։ Սովետական կինոյի նշանավոր ստեղծագործություններից է «Մաքսիմի պատանեկությունը» (1935 թ.), «Մաքսիմի վերադարձը» (1937 թ.), «Վիբորգյան կողմ» (1939 թ.) եռերգությունը։ Տրաուբերգի այլ կինոնկարներից են՝ «Դերասանուհին» (1943 թ.), «Քայլում էին զինվորները» (1959 թ.), «Ազատ քամի» (1961 թ.)։ Հեղինակ է մի շարք սցենարների։ Դասավանդել է 1922 թվականից։ 1962-1968 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ռեժիսորական բարձրագույն դասընթացները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։