Լա Բոկա (իսպ.՝ La Boca, նշանակում է գետաբերան), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը; Գտնվում է մայրաքաղաքի հարավարևելյան ծայրամասում; Անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ այս քաղաքամասի մոտակայքում է Լա Պլատայի մեջ թափվող Մատանսա-Ռիաչուելոյի գետաբերանը։

Բնակավայր
Լա Բոկա
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մակերես3,3 կմ²
Բնակչություն45 113 մարդ (2010)[1]
Լա Բոկա (Արգենտինա)##
Լա Բոկա (Արգենտինա)

Լա Բոկան ընկած է Բուենոս-Այրեսի Ռեխիմենտո դե Պատրիսիոս, Մարտին Գարսիա, Պասեո Կոլոն, Բրազիլիայի, Դարսենա-Սուր փողոցների և Ռիաչուելո գետի միջև։ Սահմանակից է արևմուտքում՝ Բարակաս, հյուսիս-արևմուտքում՝ Սան-Թելմո, հյուսիս-արևելքում՝ Պուերտո-Մադերո շրջաններին, հարավում՝ Դոք-Սուդ և Ավելյանեդա քաղաքներին։

Հենց Լա Բոկայի ներկայիս տեղում է, որ Պեդրո դե Մենդոսան 1536 թվականին հիմնել է Բուենոս-Այրես քաղաքը։ Իսպանական գաղութատիրության ժամանակներում այստեղ են գտնվել սևամորթ ստրուկների կացարան-բարաքները։ Անկախության նվաճումից հետո այս վայրերում հիմնվել են աղի ու կաշվի արտադրության ձեռնարկություններ։

Լա Բոկայում է մի ժամանակ գտնվել Բուենոս-Այրեսի առաջին նավահանգիստը, որը հետագայում տեղափոխվել է դեպի ավելի հյուսիս։ Տասնիններորդ դարի վերջերին նավահանգստի շրջակայքում մեծ ակտիվությամբ տներ են կառուցել ու բնակություն հաստատել բազմաթիվ ներգաղթյալներ Իտալիայից՝ գերազանցապես Ճենովա քաղաքից, որոնք եվրոպական և արդիական շունչ են հաղորդել բնակավայրին (այդ շունչը այսօր էլ զգացվում է քաղաքում)։ Տները, շենքերը այստեղ ներկված են յուրաքանչյուրը՝ իրեն հատուկ, վառ գույներով, հաճախ՝ միաժամանակ մի քանի գույնով; Շինությունների արտաքին գունային ձևավորման գործում մեծ է եղել նկարիչ Բենիտո Կինկելի ավանդը։

Արդեն իսկ 1870 թվականին Լա Բոկան միայն իրեն հատուկ, շատ ինքնատիպ տեսք ուներ։ 1895 թվականին դարձել էր Բուենոս-Այրեսի՝ մեծությամբ երկրորդ շրջանը։ Իտալիայից գաղթած երիտասարդները 1905 թվականի ապրիլի 3-ին այստեղ հիմնեցին Բոկա Խունիորս ֆուտբոլային թիմը, որն այսօր աշխարհում ճանաչված մարզական կոլեկտիվ է և մեծ ժողովրդականություն է վայելում Արգենտինայում։ Թիմի մարզադաշռը գտնվում է Լա-Բոկայի մերձակայքում։ Մարզադաշտի պաշտոնական անունը Էստադո Ալբերտո Արմանդո է, բայց ժողովուրդը վերանվանել է «բոնբոներա»՝ անուշեղենի տուփ։

Ֆուտբոլից ու նավահանգստից բացի՝ Լա Բոկային համբավ են բերել նրա նկարիչները և առաջին հերթին Բենիտո Կինկել Մարտինը, որը նեոիմպրեսիոնիստական ոճով իր նկարներում արտացոլել է նավահանգստի և քաղաքի ու նրա բնակիչների առօրյան, հույզերն ու ապրումները։

Լա-Բոկայի տարեգրության մեջ կարևոր ու հիշարժան է նաև հետևյալ փաստը. 1882 թվականին գործադուլ հայտարարած ճենովացի մի մեծ խումբ ներգաղթյալներ, որոնք բախումներ էին ունեցել իշխանությունների հետ, որոշեցին Լա Բոկան անկախ հռչակել Արգենտինայից, այդ մասին տեղեկացրին Իտալիայի թագավորին, ստեղծեցին ու բարձրացրին նորանկախ հանրապետության դրոշը, բայց շատ շուտով այդ դրոշն իջեցվեց անձամբ Արգենտինայի նախագահ Խուլիո Ռոկայի կողմից։ Հետագայում ևս մի քանի անհաջող փորձեր կատարվեցին վերականգնելու Լա Բոկայի անկախությունը (1907, 1923, 1986 թվականներին)։

Քաղաքի բնակիչները հպարտությամբ են նշում, որ 1884 թվականին հենց իրենց բնակավայրում է ստեղծվել Արգենտինայում առաջին հրշեջ կամավորական ջոկատը;

Լա Բոկան հռչակված է նաև իր կառնավալներով, դիմակահանդեսներով։ Զբոսաշրջիկներին հրապոուրում է միմիայն հետիոտնների համար նախատեսված Կամինիտո փողոցը, որտեղ վարպետ պարողները տանգո են ցուցադրում, վաճառվում են այդ պարի հետ առնչվող հուշանվերներ, գործում են տանգոյի ակումբներ, իտալական ոճի պանդոկներ... Ճոխությամբ, շքեղությամբ փայլող այս զբոսավայրը, որ միայն վերջերս է նոր տեսք ստացել, ընդամենը մի փոքրիկ տարածք է զբաղեցնում, իսկ դրա հարևանությամբ աղքատ թաղամասեր են՝ դրանց հատուկ քրեական հանցագործությունների առատությամբ...

Բոլորովին պատահական չէ, որ Լա Բոկան Արգենտինայում արմատական քաղաքականության կենտրոնի համբավ է ձեռք բերել. հենց այստեղ է 1935 թվականին երկրի Կոնգրեսի անդամ ընտրվել սոցիալիստ կոնգրեսականներից առաջինը՝ Ալֆրեդո Պալասիոսը, այստեղ են 2001 թվականի ճգնաժամի ժամանակ տեղի ունեցել մի շարք հզոր ցույցեր։

Ներկայումս քաղաքի բնակիչներին ամենից շատ մտահոգող հիմնախնդիրներից է Մատանսա-Ռիաչուելո գետի խիստ աղտոտվածությունը ծանր մետաղներով, մկնդեղով և այլ թունավոր նյութերով[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
  2. «The Mists of Riachuelo». ArgentinaIndependent.com. Argentina Independent. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Բոկա» հոդվածին։