Իվա (գերմ.՝ Yva, իրական անուն՝ Էլզա Էրնեստինա Նոյլենդեր-Սիմոն, Else Ernestine Neuländer-Simon, հունվարի 26, 1900(1900-01-26)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 31, 1942(1942-12-31)[2][3][4][…], Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), գերմանացի լուսանկարիչ, որը հայտնի է բազմակի ցուցադրության տեխնիկայում, նյու ոճով և նորաձև լուսանկարչության ժանրում կատարած աշխատանքներով։ Բեռլինում հաջող կարիերայից հետո 1942 թվականին արտաքսվել է հրեական ծագում ունենալու պատճառով և, հավանաբար, մահացել Մայդանեկում։

Իվա
գերմ.՝ Yva
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1900(1900-01-26)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1942(1942-12-31)[2][3][4][…] (42 տարեկան)
Մահվան վայրՍոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունլուսանկարիչ և fashion photographer
 Yva Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլզա Էրնեստինա Նոյլանդերը ծնվել է 1900 թվականին Բեռլինում։ Նա հրեա վաճառականի ինը երեխաներից մեկն էր։ Հայրը մահացել է, երբ Էլզան 12 տարեկան էր, և նրա մայրը ստիպված է եղել պահել ընտանիքը՝ աշխատելով որպես դերձակուհի[5][6]։ «Lette-Verein» կիրառական արվեստի դպրոցում սովորելուց հետո Էլզա Նոյլանդերը 1925 թվականին բացել է իր սեփական լուսանկարչական խանութը և սկսել աշխատել «Իվա» կեղծանունով։ 1920-ական թվականներին մասնագիտացել է նորաձևության և գովազդային լուսանկարչության մեջ, ինչպես նաև ստեղծել է նյու ժանրի լուսանկարներ և բալերինաների դիմանկարներ[5][7]։ 1926 թվականին համագործակցել է նկարիչ և լուսանկարիչ Հայնց Հայեկ-Հալկեի[en] հետ[8]։ 1927 թվականին նրա լուսանկարները սկսել են հրապարակել «Weltspiegel» և «Die schöne Frau» ամսագրերը, և նույն թվականին Բեռլինի Նոյման-Նիրենդորֆ պատկերասրահում (Galerie Neumann-Nierendorf) տեղի է ունեցել Իվայի առաջին անհատական ցուցահանդեսը[7]։ Նրա արտասովոր, ինքնատիպ աշխատանքները, որոնք աչքի էին ընկնում մտածված «թատերական» լուսավորությամբ և իռացիոնալ մթնոլորտով, անմիջապես նրա վրա են գրավել քննադատների ուշադրությունը[5]։

1929 թվականին Իվան համագործակցել է այնպիսի ամսագրերի հետ, ինչպիսիք են «Die Dame», «Uhu», «Querschnitt», «Das Illustrierte Blatt», «Wiener Magazin», «Moden-Spiegel», «Berliner Illustrirte Zeitung», «Münchner Illustrierte Presse»[7]։ Ընդ որում, գովազդային լուսանկարը նա համարել է արվեստի նույն ձևը, ինչ գեղարվեստական լուսանկարը[6]։ 1932 թվականին Իվան Հռոմում մասնակցել է լուսանկարչական արվեստի առաջին միջազգային բիենալեին։ 1933 թվականին նա մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Լոնդոնում և Փարիզում, սակայն նույն թվականին նրան արգելվել է համագործակցել մամուլի հետ հրեական ծագում ունենալու պատճառով[7]։

1934 թվականին Իվան ամուսնացել է Ալֆրեդ Սիմոնի հետ, ով ստանձնել է նրա գործերի ղեկավարությունը։ Նույն թվականին Իվան հին արվեստանոցից տեղափոխվել է նոր ընդարձակ ստուդիա, որտեղ սկսել է փորձեր կատարել գունավոր լուսանկարչության հոտ։ Նրա աշակերտ, ապագա հայտնի լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնը հիշում է, որ Իվան ստուդիայում պահվում էր որպես կինոռեժիսոր[5]։ Նույն թվականին ռեժիմի պատճառով, որը սահմանափակում էր հրեաների աշխատանքի և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքները, Իվան ստիպված է եղել ստուդիայի ղեկավարությունը փոխանցել իր ընկերուհուն՝ արվեստի պատմաբան Շարլոտա Վայդլերին[7][6]։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ էլ նա սկսել է արտագաղթ պլանավորել Գերմանիայից, սակայն մնացել է Բեռլինում, հնարավոր է՝ ամուսնու պնդմամբ[8]։

1938 թվականին Իվային արգելվել է շարունակել լուսանկարչի աշխատանքը, և նա ստիպված է եղել փակել ստուդիան, որն այդ ժամանակ ուներ տասը աշխատակից[7]։ Նա սկսել է աշխատել որպես Բեռլինի Հրեական հիվանդանոցի ռենտգեն բաժանմունքի ասիստենտ, իսկ ամուսինը՝ դռնապան[7][6]։ Մինչդեռ Իվան հրավեր է ստացել ամերիկյան LIFE ամսագրից, որն ընդունել է, բայց չի հասցրել գնալ[6]։ 1942 թվականին ամուսինները ձերբակալվել են, արտաքսվել և ի վերջո հայտնվել Մայդանեկի մահվան ճամբարում[7]։ Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրի ցուցակներում Ալֆրեդ Սիմոնը ճամբարում մահացածների թվում է, իսկ նրա կնոջ մասին տեղեկություններ չկան։ Հավանաբար նա սպանվել է ճամբար հասնելուն պես։ Նրա մահվան պաշտոնական ամսաթիվը ընդունվել է 1944 թվականի դեկտեմբերի 31-ին[6][7]։

Պլանավորված մեկնման նախօրեին Իվան Համբուրգի նավահանգիստ է ուղարկել 34 արկղ՝ անձնական իրերով, լուսանկարներով և սարքավորումներով։ Իվայի ձերբակալությունից հետո դրանք բոլորն առգրավվել են։ 21 արկղը ոչնչացել է 1943 թվականի ռմբակոծությունների ժամանակ, մնացած 13-ը վաճառվել են աճուրդում[6][9]։ Ներկայումս Իվայի աշխատանքները պահվում են Բեռլինյան պատկերասրահում և մի շարք այլ հավաքածուներում[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Հղումներ

խմբագրել
  • Ганна Руденко (2016-12-13). «Լուսանկարիչ Իվայի վերելքն ու անկումը». Jewish.ru.
  • Gerhild H. M. Komander. «Yva». Die Geschichte Berlins (գերմաներեն).
  • Maria Cristina Marzola. «Else Ernestine Neuländer-Simon». Enciclopedia delle donne (իտալերեն).