Բացել գլխավոր ցանկը
Իսլանդական դեպրեսիա, 2003 թվականի սեպտեմբերի 4

Իսլանդական դեպրեսիա, մթնոլորտի գործողության կարևորագույն կենտրոն Հյուսիսային կիսագնդում, ցածր ճնշման մարզ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում։

Կլիմայական քարտեզների վրա նրա հիմնական կենտրոնը տեղադրվում է Իսլանդիայի և Հարավային Գրենլանդիայի միջև, որտեղ հունվարին մթնոլորտի ճնշումը 996 մլ բարից ցածր է։ Ձմռանը այլ կենտրոններ են ի հայտ գալիս Գրենլանդիայից արևմուտք և Բարենցի ծովի վրա։ Ամռանը Իսլանդական դեպրեսիան թուլանում և բաժանվում է երկու կենտրոնի՝ Դանիական նեղուցի վրա և Գրենլանդիայից արևմուտք։ Երկրամերձ շերտում օդային զանգվածները իսլանդական դեպրեսիան հարավային եզրով շարժվում են Ատլանտյան օվկիանոսից դեպի Եվրոպա՝ ձևավորելով Արևմտյան Եվրոպայի ծովային կլիման։

Ըստ բարձրության՝ իսլանդական դեպրեսիան արագ շարժվում է դեպի Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան շրջանները՝ վերածվելով Մերձբևեռային դեպրեսիայի լեզվակի, որն առաջացնում է օդի արևմտյան հոսք Հյուսիսային կիսագնդի տրոպոսֆերայի մեծ մասում և ստրատոսֆերայի ստորին մասում։

Իսլանդական դեպրեսիայի դերը զգալի է Հայաստանի Հանրապետության կլիմայի ձևավորման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png