Իսահակ Բաբել
Իսահակ Բաբել (ռուս.՝ Исаак Эммануилович Бабель, սկզբնապես ազգանունը եղել է Բոբել, ռուս.՝ Бобель, հուլիսի 13, 1894[1][2][3][…], Օդեսա, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 27, 1940[3][5][6][…], Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ։
Իսահակ Բաբել ռուս.՝ Исаак Эммануилович Бабель | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Օդեսա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հունվարի 27, 1940[3][5][6][…] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, գրող, արձակագիր, խմբագիր, ռազմական թղթակից, ռազմական գործիչ, կինոռեժիսոր և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան |
Ժանրեր | արձակ, պատմվածք, ակնարկ և պիես |
Ուշագրավ աշխատանքներ | Հեծյալ բանակը |
Ամուսին | Անտոնինա Պիրոժկովա |
Իսահակ Բաբել Վիքիքաղվածքում | |
Իսահակ Բաբել Վիքիդարանում | |
Isaac Babel Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Օդեսայի Մոլդավանկա թաղամասում, հրեա խանութպանի ընտանիքում։ Մինչև 10 տարեկանը ապրել է Նիկոլաևոյում։
1911 թվականին ավարտելով Օդեսայի առևտրային ուսումնարանը՝ ընդունվել է Կիևի առևտրային ինստիտուտը, որն ավարտել է 1917 թվականին։ Առաջին հրապարակումը «Ծեր Շլոյմե» պատմվածքն է Կիևի «Օգնի» պարբերականում։
1916 թվականին ուղևորվում է Պետրոգրադ։ Այստեղ ընդունվում է Հոգենյարդաբանական ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետի միանգամից 4-րդ կուրս։ 1916 թվականին հանդիպում է Մաքսիմ Գորկու հետ, որը ծանոթանում է Բաբելի ստեղծագործություններին։ 1917 թվականի աշնանը մի քանի ամիս շարքային զինվոր է եղել Ռումինական ճակատում, դասալիք է դառնում, գնում Պետրոգրադ։ 1918 թվականի սկզբին աշխատում է որպես թարգմանիչ։ 1920 թվականի գարնանը որպես զինվորական թղթակից՝ Կիրիլ Վասիլևիչ Լյուտով անունով, ուղարկվում է Բուդյոննու հրամանատարությամբ I Հեծբանակը, որպես մարտիկ և քաղաշխատող։ Ընթացքում գրառումներ է անում և տպագրվում I Հեծբանակի քաղբաժնի «Կրասնի կավալերիստ» թերթում։ Հեծբանակի կազմում 1920 թվականին մասնակցում է Խորհրդա-լեհական պատերազմին։ Այնուհետև տարբեր տեղերում աշխատելուց հետո՝ 1922 թվականին դառնում է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» թերթի թղթակից, շրջում Աբխազիայում և Աջարիայում։
Առաջին՝ «Պատմվածքներ» գիրքը տպագրվել է 1925 թվականին։ 1926 թվականին լույս է տեսնում «Հեծբանակը»։
1924 թվականից՝ հոր մահից հետո մոր և քրոջ հետ բնակության է տեղափոխվում Մոսկվա։
1939 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է դավադիր, հակախորհրդային տեռորիստական գործունեության և լրտեսության մեղադրանքով։ Բռնագրավվել են ձեռագրերը, ապա իսպառ անհետացել՝ 15 թղթապանակ, 11 նոթատետր և 7 ծոցատետր՝ գրառումներով։ Անհետ կորած է Չեկայի մասին վեպը։ Ձերբակալվածների գնդակահարության ենթակաների ցուցակին, որտեղ Բաբելը 12-րդն էր, անձամբ «за» է ստորագրել Ստալինը։ ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան Հունվարի 26-ին նրան դատապարտել է պատժի առավելագույն չափին՝ մահապատժի։ Գնդակահարությունն ի կատար է ածվել հաջորդ օրը՝ 1940 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում։ Դիակիզել են։ Մոխիրը թաղված է Դոնսկայա I գերեզմանոցի ընդհանուր գերեզմանափոսում։
1954 թվականին ետմահու արդարացվել է[7]։
Անձնական կյանք
խմբագրել1919 թվականին ամուսնանում է Եվգենյա Բորիսովնա Գրոնֆայնի հետ։ 1929 թվականին ծնվում է դուստրը՝ Նատալյան։ Դերասանուհի Կաշիրինայից՝ քաղաքացիական կնոջից 1926 թվականին ունենում է որդի Էմանուիլին (նրան հետագայում որդեգրել է դերասանուհու ամուսինը՝ նկարիչ Վսեվոլոդ Իվանովը), որը հայտնի է որպես նկարիչ Միխայիլ Իվանով։ Բաբելի վերջին կինը Անտոնինա Պիրոժկովան է, համատեղ ապրել են 7 տարի՝ մինչև գրողի մահը։ 1937 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիդիան։
Հիշատակ
խմբագրելՊամիրի գագաթներից (6007 մ) մեկը, որը 1968 թվականին նվաճել են օդեսացի ալպինիստները, 1970 թվականից կոչվում է Բաբելի անվամբ։ 1989 թվականից Օդեսայի Մոլդավանկայում փողոց կա նրա անունով։ Նրա տան վրա Ռիշելևյան 17 հասցեում, փակցված է մի հուշատախտակ։ Ի պատիվ Բաբելի՝ 5808 աստերոիդը, որ հայտնաբերել է Լյուդմիլա Կարաչկինան Ղրիմի աստղադիտարանում 1987 թվականի օգոստոսի 27-ին, կոչվում է Babel’: 2011 թվականի սեպտեմբերի 4-ին Օդեսայում, օդեսացիների հանգանակությամբ, հանդիսավորապես բացվել է Բաբելի հուշարձանը, որի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է։
1939 թվականին Արամ Վանեցյանը վրձնել է նրա դիմանկարը, որը Բաբելի կենդանության օրոք արված վերջին նկարն է։
Հայերեն հրապարակումները
խմբագրելԳրքեր
խմբագրել- Օդեսյան պատմվածքներ, Ե., «Հայպետհրատ», 1964, 57 էջ, ռուսերենից թարգմանությունը՝ Արմեն Հովհաննիսյանի։
- Հեծյալ բանակը (պատմվածքներ) Ե., «Հայաստան», 1967, թարգմանությունը՝ Ա. Հովհաննիսյանի։
- Հատընտիր, Ե., «Լուսակն», 2015, 460 էջ, թարգմանությունը՝ Ա. Հովհաննիսյանի։
Մամուլ
խմբագրել- Իմ առաջին հոնորարը։ «Գարուն», 1974, թիվ 10, էջ 22։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Freidin G. Encyclopædia Britannica
- ↑ Իսահակ Բաբել, Հատընտիր, Ե., «Լուսակն», 2015, էջ 447-450։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Բաբել» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Բաբել» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Բաբել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 188)։ |