Իլենի եվրոպական

բույսերի տեսակ
Իլենի եվրոպական
Իլենի եվրոպական
Իլենի եվրոպական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Իլենի (Euonymus)
Տեսակ Իլենի եվրոպական (E. europaeus)
Միջազգային անվանում
Euonymus europaeus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Իլենի եվրոպական (լատին․՝ E. europaea), իլենազգիներ ընտանիքի, իլենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր ծառ է` մինչև 7 մ բարձրությամբ և 5—10 սմ բնի տրամագծով։ Երբեմն աճում է թփանման։ Երիտասարդ ճյուղերը քառանկյունի են, կանաչ, 4 գորշավուն խցանային թմբիկներով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրավուն է, երբեմն` գրեթե սև։ Տերևները հակառակ ձվաձև են կամ երկարավուն էլիպսաձև, 2—11 սմ երկարությամբ և 1-6 սմ լայնությամբ, սրածայր, մանր, սղոցաեզր, թեթևակի կաշվեկերպ, վերևի կողմից` մերկ, ներքևից` ջղերի երկարությամբ մազմզուկապատ։ Ծաղկաբույլը իսահովանոց է, կազմված 3—15 ծաղիկներից, որոնք դեղնավուն են, կամ սպիտակականաչավուն։ Պտուղը 4 բլթականի է` 1—13 սմ լայնությամբ և 0,7—1 սմ բարձրությամբ, անթև, մուգ կարմրավուն, կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս, հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, ԽՍՀՄի Եվրոպական մասում, Ղրիմում, հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, խառն անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1800—1900 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Աչքի է ընկնում բարձր ձմեռնադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ, արագ աճով։ Բավականին լուսասեր է։ Լավ է աճում քաղաքի յուրահատուկ պայմաններում, քանի որ բավականին գազադիմացկուն է։ Լավ է տանում խուզումը։ Արմատակեղևում պարունակում է մինչև 20 % բարձր որակի գուտապերչ, իսկ սերմերում՝ 45 % չչորացող ճարպ, որը լայն կիրառում ունի արդյունաբերության բնագավառում։ Փայտը շատ ամուր է, օգտագործում են կոշկակարային մեխեր, իլիկներ, ստեղներ պատրաստելու համար։ Ածուխից տուշային մատիտներ են պատրաստում։ Պտուղներն ունեն դեղագործական նշանակություն։ Հայտնի են այս տեսակի մոտ 20 այլատեսակներ, որոնք աչքի են ընկնում լացող սաղարթով, թզուկ աճով, խայտաբղետ, նեղ նշտարաձև տերևներով և տարբեր գույնի պտուղներով։ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (182)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի եվրոպական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի եվրոպական» հոդվածին։