Ժառանգությունից հրաժարում

Ժառանգությունից հրաժարում, ժառանգի կամքի արտահայտման ձև, որի առնչակցությամբ իրավահարաբերությունները Հայաստանում կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով։ Ինքնին, ժառանգությունից հրաժարվելը կամ այն չընդունելը քաղաքացիական իրավունքում ընդունված միակողմանի գործարք է, որի արդյունքում ժառանգը հրաժարվում է իր ժառանգությունից կամ մասնաբաժնից՝ հօգուտ այլ անձի (անձանց) կամ առանց մատնանշելու որևէ սուբյեկտի, հօգուտ որի կատարվում է ժառանգությունից հրաժարումը։

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 74-րդ գլուխը նվիրված է ժառանգությունից հրաժարվելու օրենսդրական հիմունքներին, ինչպես նաև դրա արդյունքում ծագած իրավահարաբերությունների կարգավորմանը։ Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից[1]։

Օրենսդրական կարգավորում խմբագրել

Ժառանգությունից հրաժարումը և դրա արդյունքում ուղղակիորեն ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ Մասնավորապես, այսօրինակ իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումն ամրագրված է վերոնշյալ օրենսդրական ակտի 74-րդ գլխում։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի՝

  Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 74, հոդված 1230
 

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։ Ժառանգությունից հրաժարվելու գործարքն իր բնույթով միակողմանի գործարք է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և Նոտարիատի մասին ՀՀ օրենքի վերլուծությունից բխում է, որ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ միակողմ գործարքը ենթակա է նոտարական վավերացման։ Ընդ որում, ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթի նոտարական վավերացման պահից սկսած ժառանգությունից հրաժարումը նոտարի կողմից չի կարող վերացվել, այսինքն՝ ժառանգությունից հրաժարման գործարքը այս համատեքստում անվերադարձ է[2]։ Այս հանգամանքը, սակայն, չի բացառում համապատասխան հիմքերի առկայության դեպքում ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ գործարքի վիճարկումը դատական կարգով։

Ինքնին, ժառանգությունից հրաժարման գործընթացի տեսական արդյունքը ծառայում է հօգուտ մեկ այլ անձի, որը ևս դառնում է իրավահարաբերության մասնակից։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը այս հարցի շուրջ ունի հետևյալ մոտեցումը, որը սահմանված է նշյալ օրենսգրքի 1233-րդ հոդվածի առաջին մասով[2][3]։

  Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 74, հոդված 1231
 

Ժառանգությունից հրաժարվելու հետևանք խմբագրել

Ժառանգը ժառանգությունից (կամ ժառանգության իր մասնաբաժնից) հրաժարվում է հօգուտ մեկ այլ անձի, որն էլ ինքնաբերաբար դառնում է իրավահարաբերության մասնակից։ Հակառակ դեպքում, վերջինս պարզապես չի ընդունում ժառանգությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 1231) նախատեսում է, որ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։

Միևնույն ժամանակ, վերոնշյալ հոդվածի երկրորդ մասով սահմանվում են այն օրենսդրական արգելքները, որոնց առկայության պայմաններում հօգուտ այդ անձը չի կարող փոխանցվել ժառանգությունը։ Այսպիսով, ի շահ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

  • կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
  • ժառանգության պարտադիր բաժնից.
  • եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ։

Միջազգային պրակտիկայում խմբագրել

Ըստ տեսաբանների՝ ժառանգության բացման պահին անձի (որը նշյալ իրավահարաբերությունում հանդես է գալիս որպես ժառանգ) մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն, այլև այդ իրավունքից  հրաժարվելու իրավունք։ Ժառանգության ընդունումը, չընդունումը, բաժանումը, դրանից հրաժարվելը կամ նմանօրինակ այլ որոշումների կայացումը պետք է կատարվի անձի ազատ կամահայտնության սկզբունքի տրամաբանությամբ։ Ինչպես Հայաստանում և Արցախի Հանրապետությունում, այնպես էլ աշխարհի պետությունների մեծագույն մասում, ժառանգության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերը նախատեսում են, որ ժառանգությունից հրաժարվելու իրողությունը համապատասխան մարմնին պետք է ներկայացվի գրավոր տեսքով։ Միացյալ Թագավորության մաս կազմող Անգլիայում և Ուելսում ժառանգությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է դիմել դատարան, որն էլ իրավասու է վերացնել անձի իրավունքները ժառանգության նկատմամբ։ Այդ ընթացքում, դատարանը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բարեխղճորեն (օրենքի պահանջով) իրականացնում է գույքի տնօրինումը։ Դատարանը ժառանգությունից հրաժարվող անձից կարող է պահանջել երդում առ այն, որ նա այդ քայլով չի հետապնդում որևէ անարդարացի նպատակ։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց առկայության պայմաններում անձինք հակված են հրաժարվել ժառանգությունից։ Օրինակ՝ երբ ժառանգության ընդունումից հետո այն ինքնաբերաբար անցնելու է պարտատերերին կամ պետության կողմից ենթարկվելու վարչական բռնագանձման։ Բացի այդ, ժառանգության ընդունումը կարող է նպաստել մի շարք հարկատեսակների սահմանմանը, կամ անձի կողմից վճարվող հարկատեսակների տոկոսադրույթների բարձրացմանը։ Միջազգային պրակտիակն ցույց է տալիս, որ նման դեպքերում այսօրինակ իրավահարաբերությունների մասնակիցներն առավել նպատակահարմար են գտնում հրաժարվել ժառանգությունից՝ հօգուտ իրենց իրավաջորդների կամ այլ մտերիմ անձանց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ի՞նչ կարգով անձը կարող է հրաժարվել ժառանգությունից». Iravaban.net. 2017, հունվարի 14.
  2. 2,0 2,1 «Հաճախ տրվող հարցեր». www.e-notary.am. Հայաստանի Հանրապետության նոտարական պալատ. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.