Ժառանգման իրավունք, քաղաքացիական իրավունքի մաս, որով կարգավորվում է մահացածի (ժառանգատուի) գույքի փոխանցումն այլ անձանց։ Ժառանգման իրավունքի նպատակն է բավարարել քաղաքացիների անձնական կարիքները։ Անձնական սեփականությունը ժառանգելու իրավունքը սահմանադրական է։ Ժառանգության իրավահարաբերությունները կարգավորում են քաղաքացիական օրենսգրքերը, պետական նոտարիատի կանոնադրությունները։

Գույքը ժառանգվում է ըստ օրենքի և ըստ կտակի։

Ըստ օրենքի ժառանգվում է կտակի բացակայության դեպքում։ Երբ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ չկան, կամ ժառանգները չեն ընդունել ժառանգությունը, կամ ժառանգատուն բոլոր ժառանգներին զրկել է ժառանգությունից, նրա ողջ գույքը ժառանգության իրավունքով անցնում է պետությանը։ Ժառանգելու իրավունքից չեն օգտվում ծնողական իրավունքից զրկվածները, ժառանգատուին պահելու պարտավորություններից խուսափած ծնողներն ու չափահաս զավակները։

Ըստ օրենքի ժառանգության են հրավիրվում երկհերթ. առաջին հերթին՝ մահացածի զավակները (այդ թվում որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեզրողները), ինչպես նաև ժառանգատուի մահից հետո ծնված նրա երեխաները։ Եթե առաջին հերթի ժառանգներ չկան կամ հրաժարվել են ժառանգությունից, ինչպես նաև, եթե ժառանգատուն նրանց զրկել է ժառանգությունից, երկրորդ հերթի ժառանգներ են դիտվում և ժառանգության հրավիրվում մահացածի եղբայրներն ու քույրերը, պապը, տատը (ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից)։ Այս հերթին ժառանգների հետ հավասար իրավունքներով ժառանգության են հրավիրվում նաև մինչև ժառանգատուի մահը առնվազն մեկ տարի նրա խնամքի տակ գտնված անաշխատունակներն ու անչափահասները։ Ըստ օրենքի ժառանգներ են ճանաչվում նաև ժառանգատուի այն թոռներն ու ծոռները, որոնց ծնողները կենդանի լինելու դեպքում ժառանգներ կհամարվեին։ Առանձնահատուկ կարգով են ժառանգվում տնային գործածության առարկաները։ Դրանք անցնում են ժառանգատուի հետ առնվազն մեկ տարի համատեղ ապրած ըստ օրենքի ժառանգներին՝ անկախ հերթից կամ ժառանգության բաժնից։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 283