Բացել գլխավոր ցանկը

Երիզորդներ, ցեստոդներ, ժապավենաձև որդեր, տափակ որդերի դաս։ Սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են։ Հայտնի է ավելի քան 3 հազար, Հայաստանում՝ 150 տեսակ՝ տարածված բոլոր շրջաններում։

Բովանդակություն

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմինը ժապավենաձև է, երկար, մի քանի մմ-ից մինչև 20 մ և ավելի։ Բաժանված են հատվածների (2-ից մի քանի հազար)։ Առջևի մասում տեղակայված է գլուխը (սկոլեքս), որն ունի 2-4 ծծիչներ, իսկ որոշ որդեր՝ կնճիթ՝ կեռիկներով։ Պարանոցի աճի ընթացքում առաջանում են հատվածներ (ստրոբիլա

Ներքին կառուցվածքԽմբագրել

Երիզորդներ զուրկ են աղիներից, սննդի ներծծումը կատարվում է ամբողջ մարմնի մակերևույթով։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Սեռական օրգաններԽմբագրել

Հերմաֆրոդիտ են. հաջորդաբար կազմավորվող հատվածներում առաջանում են արական և իգական սեռական օրգաններ, ապա արգանդը՝ լցված ձվերով։ Յուրաքանչյուր հատվածում զարգանում է 1, երբեմն՝ 2 կամ մի քանի սեռական ապարատ։ Երիզորդներ արտադրում են հսկայական քանակությամբ ձվեր (օրինակ՝ չզինված երիզորդը, որն ապրում է շուրջ 20 տարի, տարեկան արտազատում է մինչև 600 միլիոն ձու)։

Զարգացման ցիկլԽմբագրել

Երիզորդի զարգացման բոլորաշրջանը բավականին բարդ է և անցնում է տերերի հաջորդական փոփոխման ճանապարհով։ Ձվերը վերջնական տիրոջ կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր, ձվի մեջ զարգանում է 3 զույգ կեռիկներով զինված թրթուրը՝ օնկոսֆերան կամ կորացիդիան։ Հետագա զարգացումը կապված է 1 կամ 2 միջանկյալ տերերի հետ։ Առաջին դեպքում հասուն ձուն կուլ է տալիս միջանկյալ տերը (տզրուկ, միջատ, որևէ անողնաշարավոր), որի ստամոքսում ձվից դուրս եկած թրթուրը՝ օնկոսֆերան, տեղակայվում է նրա խոռոչներում կամ որևէ օրգանում, որտեղ վերածվում է ցիստիցերկի նման թրթուրի (ֆինա, ցենուր, էխինոկոկ և այլն)։ Վերջին 2 թրթուրներն անսեռ բազմացման արդյունքում առաջացնում են բազմաթիվ գլխիկներ։ Նրանք, միջանկյալ տիրոջ օրգանների հետ ընկնելով վերջնական տիրոջ օրգանիզմ, կպչում են նրա աղիքի պատին և զարգանալով՝ դառնում սեռահասուն որդ։ 2 միջանկյալ տիրոջ օրգանիզմներում աճելու դեպքում (օրինակ՝ լայն երիզորդ) առաջին տերը (խեցգետնակերպ) վարակվում է՝ լողացող կորացիդիաները կուլ տալով, որոնցից դուրս է գալիս թրթուրը (օնկոսֆերան)։ Վերջինս, թափանցելով խեցգետնի օրգանիզմի խոռոչ, զարգանում է որպես պրոցերկոիդ թրթուր։ 2-րդ միջանկյալ տերը (ձկներ) կուլ է տալիս պրոցերկոիդները, որոնք աղիներից դուրս են գալիս մարմնի խոռոչներ կամ որոշ օրգաններ ու հյուսվածքներ, ապա զարգանալով՝ վերածվում են պլերոցերկոիդի։ Վերջնական տերերը (ողնաշարավոր կենդանիներ կամ մարդ) վարակվում են պլերոցերկոիդներով վարակված ձուկն ուտելուց։

ՀիվանդություններԽմբագրել

Երիզորդներ առաջացնում են մարդկանց հիմենոլեպիդոզ, տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ, դիֆիլոբոթրիոզ և այլ հիվանդություններ։ Դրանց հետևանքով իջնում է նաև գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։