Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Աթենք)

Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Contemporary Art, հուն․՝ Εθνικό Μουσείο Σύγχρονης Τέχνης), թանգարան Աթենքում։ Նվիրված է ժամանակակից արվեստին[1]։

Ժամանակակից արվեստի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրՆեոս Կոզմոս
ՀասցեΛεωφόρος Καλλιρρόης και Αμβροσίου Φραντζή և Kallirrois Avenue and Amvrovios Frantzis Str117 43
Հիմնադրվել է2000
Մակերես3123 քառակուսի մետր
Կայքemst.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հունաստանի մայրաքաղաքի միակ հաստատությունն է, որը մասնագիտացած է հունական ու ժամանակակից արվեստի նմուշների հավաքմամբ ու ցուցահանդեսների կազմակերպմամբ։

Պատմություն և գործունեություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Fix Brewery-ի նախկին շենքում, Աթենքում[2], որը նախագծվել է Թաքիս Զենոթոսի[3] և Մարգարիտիս Ապոստոլիդի կողմից։ 2000 թվականին մի շարք խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել գարեջրի նախկին գործարանի շենքն օգտագործել Ժամանակակից արվեստի ազգային թանգարան հիմնելու համար։ Վերակառուցման նախագիծը հանձնարարվել է 3SK Stylianidis Architects and K. Kontozoglou, I. Mouzakis & Associate Architects և Tim Ronalds Architects ընկերություններին։ Դրա կառուցումն ավարտվել է 2014 թվականին։ Թանգարանը գտնվում է Աթենքի կենտրոնում, մոտ է քաղաքի հնագիտական հուշարձաններին, այդ թվում՝ Ակրոպոլիսին և Ակրոպոլիսի նոր թանգարանին։

Թանգարանի ցուցահանդեսային քաղաքականության համաձայն՝ թանգարանում պարբերաբար կազմակերպվում են միջազգային ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդեսներ, ինչպես նաև՝ անհատական ու հետահայաց ցուցադրություններ, որտեղ ներկայացվում են գեղանկարներ, ինստալյացիաներ, լուսանկարներ, տեսահոլովակներ ու նոր մեդիայի աշխատանքներ։

Կրթական քաղաքականության շրջանակներում իրականացվում են կրթական ծրագրեր դպրոցական խմբերի ու ընտանիքների համար, անցկացվում են մանկական վարպետության դասեր, էքսկուրսիաներ մեծահասակների համար, սեմինարներ՝ մանկավարժների համար, որոնց նպատակն է նշված խմբերին ծանոթացնել ինչպես հունական, այնպես էլ՝ միջազգային ժամանակակից արվեստի հետ։ Թանգարանը թողարկում է ցուցահանդեսային կատալոգներ, հատուկ կրթական գրքույկներ՝ նախնական և միջնակարգ կրթության համար, ինչպես նաև հրապարակվում է նոր նմուշների ռեեստր։

Մշտական հավաքածուներից, պարբերական ցուցահանդեսներից ու կրթական ծրագրերից բացի թանգարանն իր ջանքերն է ներդնում նաև գեղարվեստական ստեղծագործության ուսումնասիրման ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հիմնվել է արվեստի տեսաձայնային գործերի ստեղծման կենտրոն, ինչպես նաև՝ ժամանակակից արվեստի թվային վավերագրման կենտրոն։ Երկու կենտրոններն էլ զարգանում են երկրի մշակույթի նախարարության ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Culture» and «Information Society» ծրագրի աջակցությամբ։

Աթենքի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի գրադարանը ներառում է արվեստի պատմության ու տեսության, թանգարանագիտության ոլորտի նշանակալի քանակության գրքեր ու ամսագրեր, ինչպես նաև՝ հրապարակումներ փիլիսոփայության, մարդաբանության, ճարտարապետության, արտադրական դիզայնի ու մուլտիմեդիայի մասին։ Գործում է Հունաստանի ու արտասահմանի հաստատությունների հետ փոխանակման ծրագիր։ Հույն նկարիչներ ու հունական գեղարվեստական թանգարաններ այս թանգարանին են տրամադրել հունական ժամանակակից արվեստին վերաբերող արխիվ, որն իր մեջ ներառում է կատալոգներ, գրքեր, ցուցահանդեսների հրավերներ, տեսաձայնային նյութեր, նկարիչների տեքստեր, թղթակցություններ, գրախոսականներ, հոդվածներ, ստեղծագործությունների վերաթողարկումներ և կենսագրական տվյալներ։

 
Թանգարանի գրադարան

Թանգարանի համար բացառիկ իրադարձություն էր Բիա Դավուի և Պանտելիս Քսագորարիսի արխիվի փոխանցումը նրանց որդու՝ Զաֆոս Քսագորարիսի կողմից։ Այն պարունակում է երկու նկարիչների ավելի քան 2000 հոդվածներն ու ձեռագրերը, նրանց նամակագրությունն ինչպես իրար, այնպես էլ՝ այլ իրենց ժամանակակից նկարիչների և կերպարվեստի պաշտոնական հաստատությունների հետ։

Հավաքածու խմբագրել

Աթենքի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի գեղարվեստական քաղաքականության էական ասպեկտ է թանգարանի հիմնական հավաքածուի ընդլայնումը հույն և միջազգային նկարիչների աշխատանքով։ Թանգարանը մեծացնում է իր հիմնական հավաքածուն ինչպես արվեստի գործեր գնելով, այնպես էլ՝ նվիրատվությունների միջոցով։

Հավաքածուի ամենակարևոր ձեռքբերումներից են Իլյա Կավակովի, Սթիվեն Անտոնակոսի, Գէրի Հիլլի Նան Գոլդինի, Վադիմ Զախարովի, Ջիլիան Ուիրինգի, Էնն-Սոֆի Սիդենի, Վլասիլ Կանիարիսի, Նիկոս Կեսանլիսի, Դիմիտրիս Ալիտինոսի, Ջոել Սանդերսի, Ալան Սեկուլի, Յանիս Պսիխոդեպիսի և այլոց աշխատանքները։ Ստեղծվել է նաև վիդեոարտի հարուստ հավաքածու, որտեղ ներկայացված են նշանակալի այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Բիլ Վիոլը, Բրյուս Նաումանը, Նամ Ջուն Պայկը, Մոնա Խաթումը, Վիտո Ակոնչին, Դեն Գրեմը, Ռոբերտ Ուիլսոնը, Թոնի Ուեսլերը, Մարինա Աբրամովիչը, Քրիս Բուրդենը, Լինդա Բենգլիսը, Սեդի Բենինգը, Սոֆի Կալեն, Քերոլին Շնեեմանը, Մարթա Ռոսլերը, Դարա Բիրնբաումը, Ջեյմս Սալումը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EMST — Национальный музей современного искусства, Афины». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «NATIONAL MUSEUM OF CONTEMPORARY ART, ATHENS | THE FIX BUILDING». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Takis Zenetos | Electronic Urbanism». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Աթենք)» հոդվածին։