Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան
Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան (ճապ.՝ ティコティン日本美術館), գտնվում է Հայֆայում (Իսրայել), Կարմել սարի գագաթին և նվիրված է ճապոնական արվեստի պահպանմանը, տարածմանն ու ցուցադրմանը։ Սա Մերձավոր Արևելքում միակ նման մասնագիտացմամբ թանգարանն է։ Թանգարանը հիմնվել է 1959 թվականին Նիդերլանդներից Ֆելիքս Թիկոթինի նախաձեռնությամբ` Հայֆայի քաղաքապետ Աբբա Հուշիի օժանդակությամբ[1](ճապոներեն):
Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Հայֆա |
Ղեկավարության նստավայր | Հայֆա, Հայֆայի մարզ |
Հիմնադրվել է | 1959 |
Կայք | tmja.org.il/eng(անգլ.), tmja.org.il(եբրայերեն) և tmja.org.il/arb(արաբ.) |
Պատմություն
խմբագրելՄասնագիտությամբ ճարտարապետ Ֆելիքս Թիկոթինն ամբողջ աշխարհում հայտնի կոլեկցիոներ էր և ճապոնական արվեստի գործերի վաճառող։ Ավելի քան 40 տարում նա հավաքել է իր բոլոր արժեքավոր և հազվագյուտ հավաքածուներն ու դրանց հիման վրա կազմակերպել է ճապոնական արվեստի ցուցահանդեսներ մի շարք թանգարաններում։ Ֆելիքս Թիկոթինը հրեա էր և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փախել է նացիստներից։ Որպեսզի կանխի հավաքածուները ֆաշիստների ձեռքում հայտնվելը` նա դրանք թաքցրել է Հոլանդիայում[2]։ Պատերազմից հետո Թիկոթինը որոշել է իր յուրահատուկ հավաքածուն տեղակայել Իսրայելի թանգարաններից մեկում, իսկ 1956 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և իրականացրել է իր որոշումը։ Հայֆա կատարած իր այցի ընթացքում նա հանդիպել է քաղաքապետ Աբբա Հուշիի հետ և որոշել է, որ հավաքածուն պետք է մնա Հայֆայում և որ ինքը պետք է հատուկ պավիլիոն կառուցի դրա ցուցադրության համար[3]։ Իր մտահղացումն իրականացնելու և հովանավորելու համար Թիկոթինն այցելեց Նիդերլանդներ, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա և Ճապոնիա։ Նա ստացավ մի քանի այնպիսի թանգարանների տնօրենների, գիտական և հոգևոր առաջնորդների աջակցությունը, ինչպիսիք են Նագատակէ Ասանոն (1895-1965), Տիսաբուրո Յամադան (1908-1984) Տոկիոյի արվեստի համալսարանից. վերջինս նաև ընտրվել է Հայֆայում Ճապոնական թանգարանի առաջին տնօրեն։ Թանգարանի տնօրենի պաշտոնը 1966-1992 թվականներին իրականացրել է Էլի Լանկմանը, ով 2001 թվականին մրցանակ է ստացել ճապոնական կառավարության կողմից[4]։ 1958 թվականի մայիսի 8-ին Հայֆայի քաղաքապետարանի նիստում որոշում է ընդունվել ձեռք բերել «Կիշ Հաուս»-ն ու դրա շրջակա հողային տարածքը։ Տունը կառուցվել էր Ֆրեդերիկ Կիշի կողմից, ով 1923-1931 թվականներին եղել է Իսրայելի Սիոնիստական աշխատավորական կոմիտեի նախագահ և Պետական դեպարտամենտի ղեկավար։ Կիշն ապրել է այդ տանը 1934-1939 թվականներին։ 8-րդ բրիտանական բանակի ինժեներական բրիգադի հրամանատար Ֆրեդերիկ Կիշը զոհվել է 1943 թվականի ապրիլին հյուսիսաֆրիկյան արշավանքներից մեկի ժամանակ։ Կիշ Հաուսում նախկինի պես գտնվում են թանգարանի գրասենյակը, գրադարանը, ստեղծագործական արվեստանոցն ու ճապոնական սենյակը։ Գրադարանում, որն իր տեսակով ամենամեծն է Իսրայելում, պահվում են ավելի քան 3000 գիրք ու հրատարակություններ, որոնք կապ ունեն ճապոնական արվեստի ու մշակույթի հետ։ Ճապոնական պավիլիոնի նախագիծը հաստատվել ու սկսել է իրականացվել ըստ Ֆելիքս Թիկոթինի ծրագրերի ու ճարտարապետ Մ. Լևի ղեկավարությամբ 1959 թվականի փետրվարին` ցուցահանդեսային դահլիճի կառուցմամբ։ Ցուցասրահը ձևավորվել է ճապոնական ոգով։ Ընդարձակ, դեպի այգի տանող թղթե դռները ներդաշնակորեն լրացնում են ճապոնական միջավայրը։ 1960 թվականի մայիսի 25-ին հովանավորների հավաքածուների ցուցադրությունը նշանավորել է թանգարանի բացումը լայն հանրության համար։ Թիկոթինի ցանկությամբ ստեղծվել է թանգարանի խորհուրդ, որը մինչև այսօր ղեկավարում է նրա աղջիկը Իլանա Դրուկկեր-Թիկոթինը։
Հավաքածուներ
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 7000 արվեստի պարագաներ` նկարներ, կտավներ, տեքստիլ առարկաներ, հնագույն տեքստեր, կերամիկա, մետաղական իրեր, հնագույն սրեր և 17-19-րդ դարերի արվեստի այլ ցուցանմուշներ, ինչպես նաև` ժամանակակից ճապոնական արվեստի նմուշներ[5]։ Ժամանակի ընթացքում հավաքածուն մեծացել է մասնավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Ցուցահանդեսները ներառում են ճապոնական մշակույթի տարբեր ասպեկտներ` ցուցադրելով ճապոնական ավանդական և ժամանակակից արվեստը և ընդգծելով ճապոնական արվեստի գեղագիտական արժեքը։ Ճապոնական ավանդույթների համաձայն` սենյակը կահավորվում է ըստ որոշակի իրադարձությունների ու որոշակի եղանակի։ Հետևելով այս ավանդույթին` թանգարանի ցուցադրությունները թարմացվում են մոտավորապես յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ` պահպանելով ընդհանուր թեմատիկան, ոճն ու դարաշրջանը։ Ցուցադրություններն ուղեկցվում են կատալոգներով և բացատրական տեքստերով։ 1982 թվականին ճապոնական մեկենաս Ռյոիտի Սասակավան 1.5 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել` թանգարանի նոր մեծ թևի կառուցման համար։ Նախագիծը մշակվել է ճապոնացի ճարտարապետ Ձյունձո Յոսիմուրայի կողմից` հայֆացի ճարտարապետ Ալ Մանսֆելդի հետ համատեղ։ Թանգարանի այս թևի բացումը տեղի է ունեցել 1995 թվականին և գործում է Եվա Թիկոթին-Լիխտի ֆոնդի ֆինանսական աջակցությամբ[6]։ Յոսիմուրան, ով Ճապոնիայի ամենահայտնի ճարտարապետներից է, մշակել է Ազգային պատկերասրահի և Նյու Յորքում Japanese House-ի նախագծերը։ Մանսֆելդը հայտնի է որպես Երուսաղեմում Իսրայելի թանգարանի ճարտարապետ։ Երկու հարկի բարձրություն ունեցող նոր թևն ունի ավտոկայանատեղի և զբաղեցնում է ավելի քան 1800 քառակուսի մետր։ Նոր թևի ցուցասրահն զբաղեցնում է 350 քառակուսի մետր և կապված է հին շենքի ցուցասրահի հետ։ Մեծ սրահի մոտ տեղակայված է փոքր սրահը` 120 քառակուսի մետր տարածությամբ։ 2000 թվականին երկրորդ հարկում կառուցվել է "Raphael Angel" ակուստիկ լսարանը` 200 տեղով։ Դեպի լսարան է տանում հատուկ աստիճան։ Հին ու նոր շենքերը ներդաշնակորեն ստեղծում են մեկ միասնություն` ճապոնական մթնոլորտով ու ավանդույթներով։
Կրթական գործունեություն
խմբագրելԹիկոթինը երազում էր, որ ճապոնական թանգարանը դառնա ճապոնական արվեստի ու մշակույթի կենտրոն, ինչպես նաև` կծառայի հրեաների` Ճապոնիայի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Այսօր թանգարանի կրթական մասնաճյուղում անց են կացվում մանկական ցուցահանդեսներ` սկսած նախադպրոցական տարիքի երեխաների համար, ինպես նաև` ցուցադրություններ ուսուցիչների և այլ խմբերի համար։ Թանգարանում գործում են ճապոնական լեզվի դասընթացներ, կալլիգրաֆիա և տուշով նկարչության, իկեբանայի, սննդի պատրաստման դասընթացներ, ինչպես նաև` երեխաների համար հատուկ միջոցառումներ[7]։ Կան նաև ոճային ճապոնական սենյակներ, որտեղ տեղեկություններ են ներկայացված Ճապոնիայում ապրող մարդկանց հագուստի, սննդի և կենցաղի վերաբերյալ։ Թանգարանում անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք կապված են Ճապոնիայի արվեստի ու մշակույթի հետ։ Դրանք կարող են լինել թեմատիկ դասախոսությունների կազմակերպում, ֆիլմերի դիտում, ավանդական թեյախմություններ, փառատոներ և հանդիսավոր արարողություններ։ Այս իրադարձություններից շատերը տեղի են ունենում "Raphael Angel" լսարանում։ Իր գործունեության արդյունքում թանգարանը դարձել է ճապոնական արվեստի տարածման յուրահատուկ կենտրոն` աջակցելով երկու ազգերի միջև սերտ կապերի հաստատմանը։
Պարգևներ և ճանաչում
խմբագրել1995 թվականի դեկտեմբերին երկրորդ անգամ բացումից հետո թանգարանում հաշվվում էր մոտավորապես 100 նոր ցուցանմուշ, որոնք ներառված էին թանգարանի ֆոնդում թանգարանի գլխավոր փորձագետ Իլան Զինգերի կողմից[8]։ 2007 թվականին այն ստացել է Գիտության և մշակույթի նախարարության մրցանակ։ 2000 թվականին այն ստացել է Ճապոնական ֆոնդի հատուկ ամենամյա մրցանակ, որը շնորհվում է Ճապոնիայի մշակույթի զարգացմանը ներդրման համար[9]։
Տես նաև
խմբագրելԻսրայելի թանգարանների ցանկ(ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թիկոթինի Ճապոնական արվեստի թանգարանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ֆելիքս Թիկոթին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ The Jewish art dealer who changed the way Holland saw Japan.
- ↑ «Japanese Decorations: Awards in Israel opening ceremony of the jubilee celebrations of the Tikotin Museum of Japanese Art». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Meeting Japanese culture face to face
- ↑ Discover Haifa: Tikotin Museum of Japanese Art
- ↑ «Speech at opening ceremony of the jubilee celebrations». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ origin.jpost.com/servlet/Satellitecid=1236246870248&pagename=JPost%2FJPArticle%2FPrinter Depicting the Myth Արխիվացված 2017-02-20 Wayback Machine, The Jerusalem Post
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան» հոդվածին։ |