Թերեզա «Թեսսի» Ռեյնոլդս (անգլ.՝ Tessie Reynolds, օգոստոսի 20, 1876(1876-08-20)[1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հուլիսի 13, 1954(1954-07-13), Barnet, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի հեծանվորդուհի, որը 1893 թվականին Բրայթոնից ռեկորդային հեծանվավազք և հետդարձ է կատարել Լոնդոն 8 ժամ 30 րոպեում։ Այդ ժամանակ նա տասնվեց տարեկան էր և հեծանիվը վարել է «նպատակահարմար» (անգլ.՝ rational) հագուստով` վարտիք, շապիկ և վերարկու։ Այդ հանդերձանքը, որն ամենայն հավանականությամբ պատրաստել է քույրը, գրավել է լայն հասարակության ուշադրությունը, և նրա ուղևորությունն սկսել է դիտվել որպես կարևոր ուղենիշ կանանց իրավունքների պաշտպանության գործում։ Իր ուղևորության համար Ռեյնոլդսը, ըստ «Cycling and Society» գրքի վարկածի, համարվել է 19-րդ դարի ամենանշանակալի հեծանվորդուհիներից մեկը։ Ռեկորդը խփել է 1894 թվականին, իսկ անձամբ Ռեյնոլդսը շարունակել էր Լոնդոնում աշխատել որպես ճանապարհային երթևեկության անվտանգության աշխատակից։

Թեսսի Ռեյնոլդս
անգլ.՝ Teresa "Tessie" Reynolds
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1876(1876-08-20)[1]
ԾննդավայրԲրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 13, 1954(1954-07-13) (77 տարեկան)
Մահվան վայրBarnet, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեծանվորդ
Tessie Reynolds Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Թեսսի Ռեյնոլդսը ծնվել է Ուայթ կղզում և մեծացել Բրայթոնում` տասնմեկ երեխայից բաղկացած ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ զավակը[2][3]։ Նրա հայրը՝ Ռոբերտ Ջեյմս Ռեյնոլդսը, մարմնամարզության հրահանգիչ և հեծանվասպորտի գործակալ է եղել, խրախուսել է սպորտը երեխաների շրջանում[3]։ Նա եղել է Հեծանվորդների ազգային միության անդամ և հեծանվային ակումբի քարտուղար, ինչպես նաև պրոֆեսիոնալ մրցարշավների դատավոր[3]։ Նրա մայրը՝ Շառլոտան, ղեկավարել է Քեյփթաունում գտնվող գիշերօթիկ հյուրանոցը, որը սպասարկում էր հեծանվորդներին, իսկ Թեսսին օգնում էր նրան[4]։

Երբ Ռեյնոլդսը տասնվեց տարեկան էր[5], նա 1893 թվականի սեպտեմբերին տղամարդկանց համար հեծանվով Բրայթոնից ուղևորվել է Լոնդոն և նույն օրը վերադարձել[Նշում 1][2][3][6][7]։ Ուղևորությունը կատարելու համար պահանջվել է 8 ժամ 30 րոպե, որի համար նա ճանապարհորդել է 120 մղոն (190 կիլոմետր) և դրանով իսկ սահմանել ռեկորդ[5][5][8]։ Այս ուղևորության ժամանակապահը նրա հայրն էր[3]։

Այդ ժամանակ կանանց ամենօրյա հագուստը ներառել է երկար զգեստներ և ամուր սեղմիրան, որոնք հեծանվավազքի համար անհարմար էին[5], ուստի Ռեյնոլդսը հեծանիվ վարելու համար կրել է «նպատակահարմար հագուստ» (անգլ.՝ rational dress), որը բաղկացած էր «ծնկից կտրված և սեղմված» վարտիքից, վերնաշապիկից և երկար վերարկուից[2][7][9]։ Ենթադրվում է, որ Ռեյնոլդսի կոստյումը կարել է նրա քույրը՝ Ադան, որը զբաղվում էր դերձակագործությամբ[3]։ Հանդերձանքը առաջացրել է հանրության վրդովմունքը և ակնարկներն այն մասին, որ նա անվայել տղամարդկային էր, և որ նա Նյու Յորքի բնակչի հագուստով հեծանիվ էր վարում[3]։ Միջոցառման մասին լուրերը տարածվել են ընդհուպ մինչև Ամերիկա, իսկ Ռեյնոլդսի հագած կոստյումի պես հագուստի առաջխաղացմանը ձեռնամուխ են եղել վիկտորյանական հագուստի բարեփոխման կողմնակիցները[3][5]։ Նա հեծանվորդների համար հագուստի բարեփոխումների տեղական ակումբի հիմնադրումից հինգ տարի առաջ ակտիվորեն քարոզում էր հագուստի բարեփոխումը և շարունակում էր պարբերաբար հագնել այդ զգեստը[3]։

Հեծանվային «Cycling Weekly» ամսագիրը սուր ռեպորտաժ է գրել զգեստի «սղության» մասին, բողոքել համեստության կորստից և այդ իրադարձությունն անվանել «տխուր պատահար»[2]։ Նույն կերպ «Yorkshire Evening Post» թերթը նշել է, որ հեծանվասպորտն առանց այդ էլ տհաճ տեսարան է տղամարդու համար, իսկ «աննորմալ ազդրերով» կանայք այն միայն ավելի վատ են դարձրել[10]։ Սուֆրաժիստուհիների շարժումը մասնավորապես նշել է, որ իրադարձությունն ու դրա հրապարակայնությունը կարևոր ուղենիշ են դարձել[7]։ «Huck» ամսագրում պատմական ակնարկի հեղինակի կարծիքով՝ միջոցառման հրապարակումը, չնայած դրա բացասական բնույթին, օգնել է բարելավել կանանց իրավունքների ոլորտում դրությունը և նրանց ավելի շատ ազատություն է տվել հագուստի մեջ[5]։ Բացի այդ, Ռեյնոլդսի օրինակը ցույց է տվել, որ կանայք չպետք է կապված լինեն այն փողոցին, որտեղ մեծացել են, և որ նրանք հնարավորություն ունեն ճանապարհորդել[6]։ Հրապարակման մեկ այլ հետևանքն այն է, որ Ռեյնոլդսը սիրային նամակներ է ստացել, այդ թվում՝ անծանոթից ամուսնության առաջարկը, որը բացահայտ զգալիորեն ավելի մեծ էր նրանից[3]։ Ռեյնոլդսը և նրա ընտանիքը օգտվել են հայտնիությունից, և հետագա տարիներին նա գովազդել է մի քանի կանացի հեծանիվներ, ընդ որում` մշտապես լինելով հեծանվային «նպատակահարմար» հանդերձանքով[3]։

Ռեկորդը տևել է մեկ տարի` մինչև 1894 թվականի սեպտեմբերը, մինչև որ այն չի գերազանցել «Dover Road» ակումբից Է. Ուայթը[11]։ 2012 թվականին «Cycling and Society» գրքում Ռեյնոլդսի մասին պատմական ակնարկում նա իր ուղևորության համար ներառվել է 19-րդ դարի ամենանշանավոր հեծանվորդների ցանկում[12]։ Երբ նա 18 տարեկան է եղել, ցանկացել է Բրայթոնում բացել կանանց ազգային հեծանվային ասոցիացիայի բաժանմունքը, սակայն նրան մերժել էին, ենթադրաբար տարիքի և «փորձի բացակայության» պատճառով, բայց ըստ երևույթին նրա «նպատակահարմար» հագուստի պատճառով[3]։

1908 թվականին Ռեյնոլդսն ամուսնացել է Մոնթեգա Սոլսբերի Մեյնի հետ[13] և տեղափոխվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Բարնեթ շրջանը։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնք բոլորը մահացել են մանուկ հասակում[3]։ Բարնեթում նա դարձել է ճանապարհային երթևեկության անվտանգության աշխատակից, այդ աշխատանքը 1930-1940-ական թվականներին Լոնդոնում հազվադեպ են կանայք կատարել[4]։ 1948 թվականի նախաշեմին նրա ամուսինը մահացել է, և նա կենտրոնացել է դժբախտ պատահարների կանխարգելման գործի վրա[3]։

Թեսսի Ռեյնոլդսը մահացել է 1954 թվականին` 77 տարեկան հասակում, տեղական թերթերը նրան մահախոսականներ են նվիրել[3]։

ԿարծիքներԽմբագրել

«Cycling Weekly» ամսագրում այսպես է նկարագրվել հեծանվորդուհու ուղևորությունը[10]. «Յուրաքանչյուր հեծանվորդ, որը կարողացել է պահպանել հավատն առ բնածին համեստություն և ամոթալի զգացում հակառակ սեռի մոտ, իսկական ցավով, և ոչ առանց զզվանքի, կլսի այն, ինչը անցյալ կիրակի` առավոտյան, մենք անվանում ենք Բրայթոնի ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահար»։

ՆշումներԽմբագրել

  1. ։ Լոնդոնում նրա կայանման կետերը եղել են Լոնդոնի կամուրջը և Հայդ Փարք Քորները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 England & Wales, Civil Registration Birth Index, 1837-1915
  2. 2,0 2,1 2,2 2,3 Wilson, Elizabeth; Taylor, Lou Through the looking glass: a history of dress from 1860 to the present day. — BBC Books, 1989. — С. 57. — ISBN 9780563214410
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Barlow, Morgan E. Tessie Reynolds – A 'Rational' Activist(անգլ.) // Proceedings of the International Cycling History Conference. — 2013. — Т. 23. — С. 213–217.
  4. 4,0 4,1  
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Zanetti, Olly Radical Bikes Revolutionary Change. — Huck Magazine, 2010.
  6. 6,0 6,1 Hamilton, Ray The Joy of Cycling: For Those Who Love to Ride. — Summersdale Publishers LTD, 2013. — ISBN 9780857659927
  7. 7,0 7,1 7,2 Penn, Robert It's All About the Bike: The Pursuit of Happiness On Two Wheels. — Penguin UK, 2010. — ISBN 9780141930893
  8. Heijmans, Jeroen; Mallon, Bill Historical Dictionary of Cycling. — Scarecrow Press, 2011. — С. xix. — ISBN 9780810871755
  9. Patterson, Victoria The Peerless Four: A Novel. — Counterpoint, 2013. — С. 203. — ISBN 9781619021778
  10. 10,0 10,1 «'Womanly Cycling' – Part Two» (անգլերեն)։ 2015-02-15։ Վերցված է 2016-03-24 
  11. «A Lady makes a record»։ Freeman's Journal։ 1894-09-20։ էջ 7։ Վերցված է 2016-03-24 
  12. Horton, Dave; Rosen, Paul; Cox, Peter Cycling and Society. — Ashgate Publishing Ltd, 2012. — С. 49. — ISBN 9781409487364
  13. London, England, Church of England Marriages and Banns, 1754—1932