Թառափազգիներ (լատին․՝ Acipenseridae), կռճիկային գանոիդների խմբի ձկների ընտանիք։

Թառափ

Ընդհանուր բնութագիրը խմբագրել

Դունչը երկարացած է, ատամներ չունեն։ Մարմնի վրա կան 5 շարք (1-ը մեջքին, 2-ական կողքերին) ոսկրային գոյացումներ՝ «բզեզիկներ»։ Բերանի ներքին շրթունքին ունեն 4 բեղիկ։ Ներքին կմախքը կռճիկային է, առանց ողների։ Կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է։

Հայտնի է 4 սեռ (23 տեսակ), թառափներ, բահաքթեր, կեղծ բահաքթեր, թիաքթեր։ Տարածված են Հյուսիսային կիսագնդում։ Ամենախոշոր թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ։

Բազմացումը խմբագրել

Բազմանում են միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում։ Ձվադրում են գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում են ջրի հատակին։ Թառափազգիների մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում (թիաքթեր, կեղծ բահաքթեր, ամերիկյան և լճային թառափներ), մյուս մասը կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով։ Սեռահասուն են դառնում կյանքի 8–10 տարում։

Սննդառություն խմբագրել

Սնվում են մանր ձկներով, հատակային անողնաշարավոր կենդանիներով։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, ունեն համեղ միս (10–15% ճարպ է պարունակում) և արժեքավոր ձկնկիթ՝ սև խավիար։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Կասպից և Ազովի ծովերում, որտեղ 1914-ից բուծվում են նաև արհեստական եղանակով։

Արդյունաբերական նշանակություն խմբագրել

Թառափազգիների համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափազգիներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափազգիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 142