Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը

Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը[1] (ֆր.՝ Le Roi est mort, vive le Roi!, [lə.ʁwa.ɛ 'mɔːʁ,viv.lə 'ʁwa]), ֆրանսիական ավանդական արտահայտություն, որ որոշ երկրներում արտասանվում է նոր միապետի հռչակման ժամանակ; Օգտագործվում են նաև այլ լեզուներով թարգմանված տարբերակներ, օրինակ՝ անգլերեն (անգլ.՝ The King is dead. Long live the King!)[2]։

«Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավոր», 1 սեպտեմբերի, 1715 թվական, Լյուդովիկոս XIV-ի մահվան օրը ռեգենտ Օռլեանի դուքսը նոր թագավոր է հռչակում հնգամյա Լյուդովիկոս XV-ին, Կարդինալ դը Նոայը հավատարմության երդում է տալիս նոր միապետին, ֆրանսիական փորագրանկար

Ծագում խմբագրել

Արտահայտությունն առաջին անգամ բարձրաձայն ասվել է 1422 թվականին՝ Ֆրանսիայի թագավոր Շառլ VII-ի թագադրման ժամանակ։ Մոնմորանսի վերջին թագավորի մահապատժից հետո այդ արտահայտությունն ավանդաբար արտասանել է դուքս դ’Յուզեսը՝ որպես Ֆրանսիայի ավագ պեր, հենց որ հանգուցյալ թագավորի աճյունով դագաղն իջեցվել է Սեն Դենի աբբայության դամբարանը։ Արտահայտությունը ծագում է ֆր.՝ le mort saisit le vif օրենքի տեքստից, որը պահանջում է գերագույն իշխանությունը փոխանցել նախորդ միապետի մահվան պահին։ Առաջին մասը՝ «Թագավորը մեռավ», հայտարարություն է միապետի մահվան մասին։ Երկրորդ մասը՝ «Կեցցե՛ թագավորը», վերաբերում է նրան հաջորդողին, որն այդ պահին ժառանգում է միապետական գահը։

Օգտագործում խմբագրել

Միջնադարյան Անգլիայում ֆրանսերենը եղել է արիստոկրատների հաղորդակցման լեզու, և այդ արտահայտությունը բավական ստույգ արտահայտել է անգլիական նմանատիպ ավանդույթը, որը հայտնի է 1272 թվականից, երբ մահացել է Անգլիայի թագավոր Հենրիխ III-ը, իսկ նրա որդի Էդուարդ I-ն այդ ժամանակ մասնակցում էր Խաչակրաց արշավանքի։ Գահաժառանգման օրենքի հիման վրա գերագույն իշխանությունը փոխանցելու ժամանակ հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Գաղտնի խորհուրդը հայտարարել է. «Գահը երբեք չպետք է դատարկ լինի, երկիրը երբեք չի կարող լինել առանց միապետի»։ Այդպիսով՝ Էդուարդ I-ն անմիջապես հռչակվել է թագավոր և կառավարել երկիրը in absentia, այսինքն՝ ինքն էլ այդ մասին չիմանալով, մինչև նա իմացել է հոր մահվան մասին ու վերադարձել Անգլիա։

Ֆրանսիայում 1774 թվականի մայիսի 10-ի երեկոյան ժամը 11-ին Լյուդովիկոս XV մահվանից հետո նրա գահն անմիջապես ժառանգել է Լյուդովիկոս XVI-ը հենց այն ժամանակ, երբ արտասանվել է «Le Roi est mort, vive le Roi!» արտահայտությունը։

Դանիայում նմանատիպ արտահայտությունը (դան․՝ kongen leve kongen er død) արտասանում է վարչապետը միապետի մահվանից անմիջապես հետո։ Վարչապետը արտահայտությունն արտասանում է Քրիստիանսբորգի պալատի պատշգամբից, որը նախկինում եղել է թագավորական կեցավայր, իսկ ներկայում խորհրդարանի շենքն է[3]։

Արտահայտությունը ներկայում դարձել է տարածված շրջասություն, այն պարբերաբար օգտագործվում է որպես հոդվածների, առաջնորդողների կամ գովազդային հայտարարությունների վերնագիր, որոնցում այս կամ այն համատեքստում անդրադարձ է հաջորդելու կամ փոխարինելու հարցին։ Օրինակ՝ բրիտանացի քաղաքական գործիչ Ռոբերտ Սեսիլը, որը եղել է Ազգերի լիգայի ստեղծման գաղափարախոսներից մեկը, Ազգերի լիգայի 1946 թվականի վերջին նիստում իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Լիգան մեռած է։ Կեցցե՛ Միացյալ ազգերի կազմակերպությունը»[4]։

Գրականության մեջ խմբագրել

Ուրախ խնջույքի աղմուկն ու աղաղակները լռեցնելով՝ հանկարծ դահլիճ ներխուժեց եղջերափողի հստակ ու պարզ ձայնը։ Մի ակնթարթում խորին լռություն տիրեց, և այս լռության մեջ լսվեց մի ձայն՝ պալատից ուղարկված համբավաբերի ձայնը։ Մի մարդու նման բոլորը ոտքի ելան ու լռեցին։
Սուրհանդակի ճառն ավարտվեց հանդիսավոր բացականչությամբ.
– Թագավորը մեռա՜վ։
Բոլորը կարծես հրամանով, կրծքներին խոնարհեցին իրենց գլուխները և մի քանի վայրկյան մնացին խորին լռության մեջ։ Հետո ծնկի իջան Թոմի առաջ, և ձեռքերը մեկնելով դեպի նա, բարձր աղաղակեցին, որից, կարծես, ցնցվեց շենքը։
– Կեցցե՜ թագավորը։
Այս ապշեցուցիչ տեսարանից շփոթված խեղճ Թոմը ցրված նայում էր շուրջը, և, ի վերջո, նրա հայացքը կանգ առավ ծնկաչոք իշխանուհիների, ապա լորդ Գերտֆորդի վրա։

Արքայազնը և աղքատը, Մարկ Տվեն

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։