Էրդողանիզմ, վերաբերում է Թուրքիայի ներկայիս նախագահ և նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գաղափարներին և օրակարգին, որը վարչապետ է դարձել 2003 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2014 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելը։ Խարիզմատիկ հեղինակության շնորհիվ էրդողանիզմը նկարագրվել է որպես «քեմալականության ժամանակներից ի վեր Թուրքիայի ամենաուժեղ երևույթ»։ Այն ամբողջ երկրում լայն աջակցություն է վայելել[1] մինչև 2018 թվականի թուրքական տնտեսական ճգնաժամը, որը Էրդողանի վարկանիշի զգալի նվազում է առաջացրել[2][3]։ Նրա գաղափարական արմատները սկիզբ են առնում թուրքական պահպանողականությունից, և նրա առավել գերակշռող քաղաքական հետևորդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որը Էրդողանը հիմնել է 2001 թվականին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Նկարագրություն խմբագրել

Որպես պահպանողական ժողովրդավարության անձնավորված տարբերակ՝ էրդողանիզմի առանցքային գաղափարներն իրենց մեջ ներառում են կրոնից ոգեշնչված, ուժեղ կենտրոնացված ղեկավարություն, որը հիմնված է հիմնականում ընտրական համաձայնության և իշխանությունների բաժանման ու ինստիտուցիոնալ զսպումների ու հակակշիռների վրա[4]։ Քննադատները հաճախ անդրադարձել են Էրդողանի քաղաքական հայացքներին՝ անվանելով այն ավտորիտար և բռնապետական։ Էրդողանի նախընտրական հայացքները օտարերկրյա առաջնորդների կողմից, ինչպիսիններից է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաճախ նկարագրվում են որպես ոչ լիբերալ ժողովրդավարություն[5][6]։

Էրդողանիզմը նույնպես գտնվում է «Նոր Թուրքիա» ստեղծելու ձգտման խիստ ազդեցության տակ․ այն հեռանում է Թուրքիայի Հանրապետության քեմալական հիմնարար սկզբունքներից և վերացնում ամրագրված սահմանադրական առանցքային գաղափարները, որոնք հակասում են Էրդողանի տեսլականին, ինչպիսիք են աշխարհիկությունը[7]։ Էրդողանի կողմնակիցները հաճախ կոչ են անում վերականգնել Օսմանյան կայսրության մշակութային ու ավանդական արժեքները և քննադատում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնած արևմտամետ սոցիալական բարեփոխումներն ու արդիականացումը։ Էրդողանի նկատմամբ լայն աջակցությունը հիմնականում բխում է Էրդողանի շուրջ անձի պաշտամունքի զարգացումից, ինչպես նաև խարիզմատիկ հեղինակության գերակայությունից։ Էրդողանի դերը, որը անձնավորված է որպես թուրքական պահպանողական արժեքների անհատական ներկայացուցիչ, դրսևորվել է Թուրքիայում նախագահական ընտրությունների նախընտրական ակնառու կարգախոսների տեսքով, ինչպիսիք են «Ազգի մարդը», որը թուրքերեն թարգմանվել է որպես «Milletin Adamı»:

Պատմություն խմբագրել

«Էրդողանիզմ» տերմինն առաջին անգամ հայտնվել է 2011 թվականի համընդհանուր ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո, որտեղ նա առավելապես նկարագրվում էր որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության լիբերալ տնտեսական և պահպանողական ժողովրդավարական գաղափարների կրող, որոնք խառնված էին Էրդողանի դեմագոգիայի և անձի պաշտամունքի հետ[8]։ Այդ տերմինի օգտագործումն ուժեղացել է, ինչը կապված է համաշխարհային ասպարեզում Էրդողանի մեծ ճանաչման հետ։ Տերմինը մեծ ճանաչում է գտել հատկապես նեոօսմանիզմի պատճառով, ինչը Էրդողանիզմի առանցքային գործոններից մեկն է և որի վրա էլ հիմնված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը[9]։

Հիմնարար արժեքներ խմբագրել

Ամերիկյան «Foreign Policy» լրատվական պարբերականը էրդողանիզմը բնութագրել է որպես գաղափարախոսություն, որի հիմքում Էրդողանի շուրջ ձևավորվող անձի պաշտամունքն է՝ այն անվանելով պոպուլիստական ավտորիտարիզմի ձև, որը նման է Ռուսաստանում իշխող պուտինիզմին։ «Foreign Policy» պարբերականը էրդողանիզմի հիմնական ատրիբուտներից է համարում նեոօսմանիզմը (Օսմանյան կայսրության փառաբանում), իսլամիզմը, Մերձավոր Արևելքում աևմտյան քաղաքական միջամտության նկատմամբ կասկածամտությունը, քեմալականության մերժումը և ժողովրդավարական գործընթացի և ընտրությունների սահմանափակումը[10]։

Կոնֆլիկտ իսլամիզմի հետ խմբագրել

Թեև էրդողանիզմի տարրերը, հատկապես նրա կողմնակիցների կողմից օգտագործվող քաղաքական հռետորաբանությունը, ոգեշնչված էին իսլամիզմով, Էրդողանին շրջապատող անձանց անձի հսկայական պաշտամունքը, ինչպես պնդում են, մեկուսացրել է արմատական իսլամիստներին, որոնք թերահավատորեն են վերաբերվում պետական քաղաքականության մեջ նրա գերիշխանությանը։ Էրդողանի կենտրոնական և համապարփակ իշխանությունը՝ էրդողանիզմի կենտրոնական թեման, քննադատության է ենթարկվել իսլամիստների կողմից, որոնք կարծում են, որ հետևորդների նվիրվածությունը պետք է լինի ոչ թե առաջնորդի, այլ ավելի շուտ Ալլահի և իսլամի ուսմունքի նկատմամբ[11]։ Այսպիսով, Էրդողանի համապարփակ գերիշխանությունը նպաստել է իսլամիստական քննադատությանը․ նրան քննադատել են հատկապես իսլամիստական կուսակցությունները, որոնցից է «Երջանկություն» կուսակցությունը, որոնք պնդում են, որ էրդողանիզմը հիմնված չէ իսլամիզմի վրա, այլ դրա փոխարեն հիմնված է ավտորիտարիզմի վրա և կրոնական հռետորաբանություն է օգտագործում՝ պահպանողական կողմնակիցների շրջանում հասարակական աջակցությունը պահպանելու համար[12][13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Erdoganism and Turkey's new prime minister – Middle East Monitor». Middleeastmonitor.com. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  2. «As Turkish Economy Sours, Erdogan's Party Could Lose Grip on Big Cities». Haaretz (անգլերեն). 2019 թ․ հունվարի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Erdogan picks EU fight, as Turkish economy tanks». EUobserver (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Türk tipi Başkanlık Sistemi nedir Kuzu açıkladı». Internethaber.com. 2015 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. Doug Bandow. «Why Both Erdoganism and Kemalism May Finally Be Dead in Turkey». Huffingtonpost.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  6. Zoltan Simon (2014 թ․ հուլիսի 28). «Orban Says He Seeks to End Liberal Democracy in Hungary». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  7. East 61 Turkey. «Erdoganism and democracy». Eastonline.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Awiti, Alex (2011 թ․ հոկտեմբերի 2). «Erdoganism: A Word of Caution». Intpolicydigest.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Party purges and a war against the Kurds move Turkish President Erdogan closer to one-man rule». Gisreportsonline.com. 2016 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  10. Akyol, Mustafa (2016 թ․ հունիսի 21). «Erdoganism». Foreign Policy. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Is 'Erdoganism' a Threat to Turkey's Islamism?». US News. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  12. Mustafa Akyol (2015 թ․ մարտի 30). «Is 'Erdoganism' threat to Turkey's Islamism?». Al-monitor.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  13. Yavuz, M. Hakan; Öztürk, Ahmet Erdi (2019 թ․ փետրվարի 18). «Turkish secularism and Islam under the reign of Erdoğan». Southeast European and Black Sea Studies. 0: 1–9. doi:10.1080/14683857.2019.1580828. ISSN 1468-3857.