Էստոնիայի ազգային խորհրդանիշեր
Էստոնիայի ազգային խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը, սրբապատկերները կամ Էստոնիայի համար տիպական կամ այլ առումով հատկանշական համարվող մշակութային դրսևորումները։
Էստոնիայի ազգային խորհրդանիշեր | |
---|---|
Տեսակ | aspect in a geographic region? |
Երկիր | Էստոնիա |
Իրավասության տարածք | Էստոնիա |
Էստոնիայի դրոշ
խմբագրելԷստոնիայի դրոշը ներկայացնում է Էստոնիայի Հանրապետությունը։ Այն կապույտ-սև-սպիտակ գույներով 105 × 165 սմ ուղղանկյուն է։
Դրոշի պատմություն
խմբագրելԿապույտ-սև-սպիտակ դրոշը առաջին անգամ օծվել է 1884 թվականի հունիսի 4-ին՝ որպես Էստոնիայի համալսարանի ուսանողների միության դրոշ։ Հետագա տարիների ընթացքում կապույտ-սև-սպիտակ դրոշը դարձավ ազգային խորհրդանիշ։
Արդեն որպես պետական դրոշ սկսվել է կիրառվել փետրվարի 24-ից, երբ Էստոնիան հռչակեց իր անկախությունը։ Էստոնիայի ժամանակավոր կառավարությունը 1918 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացնում հռչակել կապտասևասպիտակ դրոշը որպես պետական դրոշ։ 1922 թվականի հունիսի 27-ին Էստոնիայի խորհրդարանը (Ռիյգիկոգու) ընդունեց օրենք պետական դրոշի մասին՝ վերջնականորեն ամրակայելով նկարագրությունը, կարգավիճակը և կիրառման կանոնները։ 1940 թվականին ԽՍՀՄ-ի հետ Էստոնիայի միացումից հետո այս դրոշն արգելվեց։
Դրոշն ստեղծվել է Ալեքսանդր Մոտուսի կողմից, իսկ գույները խորհրդանշում են.
- Կապույտը նշանակում է անձնվիրություն և Էստոնիայի երկնքի, ծովի և լճերի գույնն է, նաև խորհրդանշում է հավատարմությունը ազգային գաղափարներին։
- Սևը խորհրդանշում է անցյալի հարստահարված վիճակը, հայրենի հողը և էստոնական ազգային հագուստը։
- Սպիտակը նշանակում է մարդկային երջանկություն, առաքինություն, ձյուն և ազատության համար Էստոնիայի մղած պայքարը։
Էստոնիայի դրոշի մասին օրենք
խմբագրելՍկսած 2006 թվականի հունվարի 1-ից՝ Էստոնական դրոշի կիրառությունը կանոնակարգվում է Էստոնական դրոշի մասին օրենքով, որն ընդունվել է 2005 թվականի մարտի 23-ին[1]։ Յուրաքանչյուր ոք կարող է ցուցադրել և օգտագործել Էստոնական դրոշը օրենքով նախատեսվածի սահմաններում և հետևելով պատվո ավանդույթներին։ Էստոնական դրոշը բարձրացվում է շինությունների վրա և մշտական է ռազմական հենակայանների վրա Անկախության օրը, Հաղթանակի օրը և Անկախության վերականգնման օրը։ Էստոնական դրոշը բարձրացվում է արևածագին, ժամը 8.00-ից ոչ ուշ և իջեցվում մայրամուտին, ոչ ուշ քան 22.00։
Հետաքրքիր փաստեր Էստոնիայի դրոշի մասին
խմբագրելԱշխարհում տասից պակաս երկրներ կան, որոնց դրոշը թվագրվում է հարյուր տարուց ավելի։ Առաջին կապտասևասպիտակ դրոշը պահպանվում է Էստոնիայի ազգային թանգարանում։
Այլ ազգային խորհրդանիշեր
խմբագրելԻ համալրումն 3 հիմնական պետական խորհրդանիշերի՝ Էստոնիան ընտրել է նաև իր ազգային ծաղիկը և ազգային թռչունը։ Էստոնիան նաև ունի ազգային քար և ազգային ձուկ, որոնք հազվադեպ են այլ ազգային խորհրդանիշերի համեմատությամբ։ Այս չորսն էլ ունեն պետական կարգավիճակ։
Ազգային ծաղիկ
խմբագրելՆախաձեռնությունը, ընտրելու ազգային ծաղիկ, կազմակերպվել էր Էստոնիայի բնապահպանական միության կողմից։ Հեռուստատեսային մրցույթն իրականացվեց 1967-68 թվականներին։ Նախապատվությունը դեկորատիվ կապույտ տերեփուկինն էր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. համընդհանուր ժողովրդականություն, գեղարվեստական տեսքը, հեշտ կիրառելիությունը որպես զարդանախշ։
Տերեփուկը աճել է էստոնական հողում ավելի քան 10 000 տարի՝ սկսած այն ժամանակներից, երբ առաջին մարդը ոտք է դրել Հյուսիսային Եվրոպա։ Բույսը սովորաբար աճում է տարեկանի արտերում՝ էստոնացիների գիտակցության մեջ ստեղծելով ամուր կապ ծաղիկի և իրենց ամենօրյա հացի միջև։ Տերեփուկի ծաղիկներն ունեն առանձնահատուկ վառ պատկերավոր տեսք, որը պատճառ է դարձել արվեստագետների կողմից դրա լայն կիրառության դեկորատիվ նկատառումներով։ Տերեփուկը նաև երիտասարդ աղջիկների տոնական ծաղկեպսակի մաս է։
Շատ հավանական է, որ տերեփուկը 1968 թվականին ազգային ծաղիկ է ընտրվել այլ կարևոր պատճառով։ Մարդիկ գիտեին, որ այդ ընթացքում արգելված էստոնական դրոշի կապույտը բնորոշվում էր որպես «տերեփուկի կապույտ»։ Սա դարձնում էր տերեփուկը իր տեսակի մեջ դիմադրության խորհրդանիշ։ 1969 թվականին էստոնական երգի փառատոնի 100-րդ հոբելյանին ձևավորման համար օգտագործված բոլոր տերեփուկները ներկվեցին կարմիր և ներկայացվեցին «մեխակներ»։
Ազգային թռչուն
խմբագրելԳյուղական ծիծեռնակը էստոնացիների տների յուրօրինակ հյուրն է։ Նրա կանչը լսելի է գրեթե բոլոր քիվերից և ամբարների ծպեղներից։ Երբ թռչունը գտնում է հարմար բաց տեղ տանիքի անկյունում կամ ջարդված լուսամուտի տակ, նա կառուցում է իր բաժակաձև բույնը, նա կարող է անգամ սարքել դա տան ներսում։ Գյուղական ծիծեռնակի ընտրությունը՝ որպես ազգային թռչուն, 60-ականների սկզբին թռչնաբանների վարած քարոզարշավի արդյունք է։
Ազգային քար
խմբագրելԷստոնիայի ազգային քարը երկրի արժեքավոր մոխրագույն կրաքարն է։ Էստոնիան գտնվում է կրաքարի հաստ շերտում, որը տեսանելի է ափամերձ զառիթափերին հյուսիսային և արևմտյան Էստոնիայում։ Շատ ամրոցներ, եկեղեցիներ, գյուղատնտեսական կառույցներ և անհամար քարե պարիսպներ կառուցված են կրաքարով։ Կրաքարի հետազոտումը և դրա՝ դարերի ընթացքում լավ պահպանված բրածոները էստոնացի գիտնականներին միջազգային ճանաչում բերեցին։ Միգուցե դա է պատճառներից մեկը, որ շատ գիտնականներ կողմ էին կրաքարի՝ որպես Էստոնիայի ազգային քարի ճանաչման հռչակագրին։
Ազգային ձուկ
խմբագրելԷստոնիայի ազգային ձուկը բալթիական տառեխն է։ Առցանց հարցման ժամանակ, որի մասնակիցները 50 000 էին, առավել 500 ձայնով հաղթեց գայլաձուկը։ Գաղափարի կազմակերպող խումբը Էստոնիայի ձկնորսական ազգային միավորումն էր։ Դատավորների խորհուրդը չընդունեց քվերարկության արդյունքը, այն հիմնավորմամբ, որ էստոնական սննդակարգի հիմնատարր բալթիական տառեխը երկրի պատմության ընթացքում առավել մեծաթիվ մարդկանց համար է կարևորություն ունեցել։ Բալթիական տառեխը Էստոնիայի մերձափյա տարածքներում է մոտ 5 000 տարի։
Ոչ պաշտոնական խորհրդանիշեր
խմբագրելԻնչպես այլ երկրներում, Էստոնիայում ևս կան մի շարք խորհրդանշական արժեք, բայց պետական կարգավիճակ չունեցող երևույթներ։ Ինչպես օրինակ կաղնին, որը վաղուց ի վեր համարվում է սուրբ ծառ։ Էստոնիան գտնվում է ծառի հանդիպելիության ամենահյուսիսային գոտում, կաղնով խառն անտառները արդյունք են տվել երկրում չափազանց արգասավոր հումուսային հողի։
Կաղնիները էստոնացիների մինչքրիստոնեական հավատալիքների մաս են կազմել։ Հին էստոնացիները կաղնիներ էին տնկում իրենց սրբատեղերում։ Գերագույն աստվածությունը Տաարան էր, նա փառաբանվում էր Տարտուի շրջակայքի կաղնու սուրբ անտառներում։
Տարբեր շենքեր և դրանց դետալներ դիտարկվում են որպես ազգային արժեք։ Դրանց շարքում են Ծեր Թոմասի արձանիկը Տալլինի քաղաքապետարանի ցցի գագաթին՝ որպես եղանակի հողմացույց, Տոոմպեա ամրոցը իր հզոր Հասակով Հերման դիտարանի և Հերմանն ամրոցի հետ միասին, որոնք գտնվում են Նառվա գետի արևմտյան ափին և վաղուց ի վեր կազմում են արևելքի և արևմուտքի սահմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Օրենք Էստոնիայի դրոշի մասին 2005 թվականի մարտի 23-ից». Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2017-06-29-ին.