Էսթեր Խեմչյան

հայ բանասեր

Էսթեր Հայկի Խեմչյան (սեպտեմբերի 10, 1947(1947-09-10), Ռևազլու, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Էսթեր Խեմչյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1947(1947-09-10) (76 տարեկան)
ԾննդավայրՌևազլու, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբանասեր

Կենսագրություն խմբագրել

Էսթեր Հայկի Խեմչյանը ծնվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Դիտավան գյուղում։ Սովորել է նախ գյուղի ութամյա, ապա՝ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1967 թ. ընդունվել և 1972 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնում որպես ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու է (թեկնածուական թեզը՝ «Տավուշի բանահյուսական ժառանգությունը»)[1]։ Զբաղվում է բանահյուսական նյութերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման գործով։

1970-ական թվականներից մինչ օրս բանահյուսական նյութեր է գրառում Իջևանի տարածաշրջանի գյուղերում։ 1977-1985 թթ զբաղվել է անուշադրության մատնված Շամշադինի շրջանի ժողովրդական բանահյուսության նյութերի գրառմամբ և շրջագայել է շրջանի բոլոր բնակավայրերում։ Հավաքչական աշխատանք է կատարել նաև Նոյեմբերյանի, Գուգարքի և Կամոյի (Գավառ) շրջաններում։ Երկարամյա հավաքչական աշխատանքների արդյունքում հրատարակվել են «Տավուշ» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 21, 2000) և «Իջևան (Ձորոփոր)» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 25, 2008) մեծածավալ աշխատությունները, որոնցում առաջին անգամ հայ բանահյուսության պատմության մեջ ներկայացրել է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հարուստ և ինքնատիպ բանահյուսական ժառանգությունը։ 2009 թ. բան. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող Սվետլանա Վարդանյանի հեղինակակցությամբ կազմել և հրատարակել է բանահավաք Հ. Հովսեփյանի ղարադաղահայերից գրառած բանահյուսական նյութերը («Ղարադաղի հայեր, Բանահյուսություն, հ. II):
2011-2013 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ աշխատել է կորուսյալ Կարսի նահանգի բանահյուսական ժառանգության արխիվային բնագրերի վրա, որն ամբողջացվել է «Կարս. հայոց բանահյուսական մշակույթը» (2013) մեծածավալ աշխատության մեջ (համահեղինակներ՝ Ս.Բ. Հարությունյան,, Ս. Ա. Վարդանյան, Լ.Խ. Ղռեջյան, Մ.Խեմչյան) Հայ իրականության մ եջ առաջին անգամ ներկայացվել է Կարսի տարածաշրջանի ժողովրդական բանահյուսությունը իր բոլոր դրսևորումներով, որը Է. Խեմչյանը հանգամանորեն վերլուծել է ընդարձակ առաջաբանում։ 2013-2015 թթ դարձյալ ՀՀ ԿԳՆ գիուտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ հետազոտական խմբի հետ (Ս.Բ. Հարությունյան, Մ.Հ. Խեմչյան, Ա.Կ. Պողոսյան) աշխատել է պատմական և կորուսյալ Մոկսի գավառի բանահյուսական ժառանգության ուսումնասիրման վրա։ Հետազոտական աշխատանքներն ամբողջացվել են «Մոկս». հայոց բանահյուսական մշակույթը (2015) ստվարածավալ աշխատության մեջ։ Հետազոտության արդյունքները Է. Խեմչյանը շարադրել է աշխատության առաջաբանում։

Է. Խեմչյանը հիմնականում զբաղվում է հեքիաթի ժանրով, մասնավորապես հեքիաթային բանաձևերով, որոնց ուսումնասիրությանն է նվիրված նրա «Կայուն բանաձևերը հայ ժողովրդական հեքիաթներում» մենագրությունը (անտիպ)։ Տարիներ շարունակ Է. Խեմչյանը ուսումնասիրել է արևելյան հանրահայտ պատմական դեմքերի (Ալեքսանդր Մակեդոնացի, Դանանդա Բահլուլ, Սողոմոն իմաստուն, Խիկար իմաստուն, Լենկ-Թեմուր, Հարուն ալ Ռաշիդ, Շահ Աբաս, Սուլթան Մուրադ և այլք) վիպական կերպավորումները և գիտական ամսագրերում ու ժողովածուներում տպագրել է բազմաթիվ հոդվածներ։ «Արևելքի պատմավիպական կերպարները հայ վիպական բանահյուսության մեջ» (դոկտորական ատենախոսություն) գիտական ուսումնասիրությունը շուտով կհասնի իր լրմանը։

Է. Խեմչյանը միաժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվի գլխավոր ֆոնդապահն է և ինստիտուտի համար ձեռք բերվող բանահյուսական նյութերի գրախոսը։ 1980-ական թթ. նա ուշադրություն է դարձրել Քուռ գետի աջ ափին տեղակայված հայկական Կռզեն գյուղի պատմությանը և բարբառին, հավաքել է մեծաքանակ բանահյուսական և ժողովրդագրական նյութեր, որոնք հետագայում համալրել է բռնագաղթված և Մասիսի շրջանում ապաստանած կռզենցիներից գրառած նյութերով՝ նպատակ ունենալով ամբողջացնելուց հետո հրատարակել։ Վերջին տասնամյակում Է. Խեմչյանը Մարինե Խեմչյանի հետ Ադրբեջանից բռնագաղթված և Տավուշի մարզում հանգրվանած փախստական գարդմանահայերից գրառում է բանահյուսական և ժողովրդագրական նյութեր՝ ոչ միայն նյութերը կորստից պահպանելու, այլև հետագա ուսումնասիրության նյութ դարձնելու համար։

1992 թ. Է. Խեմչյանը վարել է «Մեր պատմական գավառները» խորագրով հոդվածաշարը «Առագաստ» թերթում։

1996-2000 թթ. Է. Խեմչյանը վարել է «Կանչ» մանկապատանեկան թերթի «Աշխարհի զվարճախոսներ» խորագիրը կրող շարքը, որտեղ հանգամանորեն ներկայացրել է աշխարհի 200 (Բիրբալ, Մոլլա Նասրեդին, Բալակիր և ուրիշներ) և հայազգի 200 (Պոլոզ Մուկուչ, Պըլը Պուղի, Ծակ Սահակ և ուրիշներ) զվարճախոսներին և նրանց մասին պատմվող զվարճախոսությունները։

1997 թ. վարել «Հայոց ակունքներից» խորագիրը կրող հոդվածաշարը «Բումերանգ» թերթում։

1997-2004 թթ. (Մեծամորի համալսարանի բանասիրական ֆակուլտետ) և 2003-2004 թթ. (Մ. Խորենացու անվ. համալսարանի բանասիրական ֆակուլտետ) համատեղության կարգով աշխատել է որպես դասախոս (դասավանդել է բանահյուսություն, ազգագրություն, բարբառագիտություն, գրաբար, հայոց լեզվի պատմություն առարկաները)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել