Էնկիդու (𒂗𒆠𒆕 EN.KI.DU3, «Էնկիի ստեղծած»), «Գիլգամեշ» շումերա-բաբելոնական հերոսական էպոսի գլխավոր հերոսներից մեկը։ Աստվածների խնդրանքով Էնկիդուն ստեղծվել է Արուրու աստվածուհու կողմից կավից ու թքից, որպեսզի դիմակայի Գիլգամեշի ամբարտավանություններին։ Ըստ առասպելի՝ նա եղել է վայրի մարդ, որ մեծացել է կենդանիների մոտ և չի շփվել մարդկանց հետ նախքան Շամխաթի կողմից գայթակղվելը։ Դրանից հետո նա սկսում է համագործակցել մարդկանց հետ և ծանոթանում քաղաքակրթությանը, որի գագաթնակետն է դառնում Ուրուկի թագավոր Գիլգամեշի դեմ պայքարը։ Էնկիդուն մարմնավորում է վայրի կամ բնական աշխարհը։ Չնայած Էնկիդուն իր ուժով ու դիմացկունությամբ հավասար է Գիլգամեշին, սակայն Էնկիդուն որոշ չափով հանդես է գալիս որպես հակադրություն քաղաքակիրթ, մարդկանց շրջանում մեծացած ռազմիկ թագավորին։ Էնկիդուն դառնում է թագավորի մշտական ուղեկիցն ու սիրելի ընկերը, որ մշտապես ուղեկցում է նրան իր արկածների ընթացքում։ Սակայն Էնկիդուի հիվանդությունն ու մահը ողբերգական կորուստ է դառնում Գիլգամեշի համար՝ նրան ստիպելով որոնել մահվանից փրկվելու և աստվածային անմահություն ձեռք բերելու ուղի[1]։

Էնկիդուի հավանական նկարը, արձան Սարգոն II-ի պալատից (Դուր-Շարրուքին), ներկայում պահվում է Լուվրում

Հնագույն աղբյուրներում երբեմն հիշատակվում է որպես Էաբանի կամ Էնկիտա։ Էնկիդուն նրա անվան ժամանակակից տարբերակն է։

Էնկիդուի կյանքը

խմբագրել

Ուրուկ քաղաքի բնակչությունը աստվածներին բողոքում է, որ իրենց հզոր թագավոր Գիլգամեշը չափազանց դաժան է։ Արուրու աստվածուհին ջրից ու կավից ստեղծում է Էնկիդուին՝ որպես Գիլգամեշի հակառակորդ ու նրան դիմակայող ուժ։ Էնկիդուն ապրում է վայրի բնության մեջ, թափառում էր կենդանիների խմբերի հետ ու սնվում բույսերով։ Մ․ Հ․ Հենզեն դրանում ընդգծում է հին Միջագետքում եղած ավանդությունը վայրի մարդու մասին, որ ապրում էր մենակ ու թափառում էր մարդկանց բնակավայրերից հեռու, սնվում էր բույսերով և ջուրը խմում կենդանիների նման[2]։ Որսորդը, տեսնելով նրան, հասկանում է, որ Էնկիդուն է, որ կենդանիներին ազատում է իր դրած թակարդներից։ Նա այդ մասին հայտնում է Գիլգամեշին, և վերջինս տաճարի մարմնավաճառ Շամխաթին ուղարկում է նրան գայթակղելու[3]։

Էնկիդուն վեց օր ու յոթ գիշեր է անցկացնում Շամխաթի հետ։ Դրանից հետո կենդանիները, Էնկիդուի վրայից առնելով կնոջ հոտը, հեռանում են նրանից, և Էնկիդուն հասկանում է, որ այլևս չի կարող վերադառնալ իր նախկին կյանքին[4]։ Էնկիդուն վերադառնում է Շամխաթի մոտ, որը նրան ծանոթացնում է քաղաքակրթությանը։ Այժմ նա հոտը պաշտպանում է գազաններից՝ հանդես գալով իր նախկին ընկերների դեմ։ Մորիս Ջաստրոն ու Ալբերտ Քլեյն այն կարծքին են հայտնել, թե նախապես գոյություն է ունեցել առանձին առասպել Էնկիդուի մասին, որում ներկայացվում է մի մարդու կյանքն ու ճակատագիրը, որ կնոջ հետ հարաբերությունների շնորհիվ գիտակցում է մարդկային արժանապատվությունը[5]։

Շամխաթն Էնկիդուին պատմում է Ուրուկ քաղաքի ու նրա թագավոր Գիլգամեշի մասին։ Էնկիդուն գնում է Ուրուկ և կռվի բռնվում Գիլգամեշի հետ, որպեսզի չափեն իրենց ուժը։ Գիլգամեշը հաղթում է, և նրանք դառնում են ընկերներ։

Արկածներ Գիլգամեշի հետ

խմբագրել

Էնկիդուն օգնում է Գիլգամեշին կռվել Մայրիների անտառի պահապան Խումբաբայի դեմ և սպանել նրան։ Էնկիդուն ընտրում է բարձր ծառերից մեկը, որ նրանից նոր դուռ պատրաստի Էնլիլի տաճարի համար, որ գտնվում էր Ուրուկում։ Հետագայում նա Գիլգամեշին օգնում է սպանել Գուգալանային՝ երկնային ցլին, որին աստվածներն ուղարկել էին սպանելու Գիլգամեշին որպես վրեժ Իշտար աստվածուհու սերը մերժելու համար։ Իշտարը պահանջում է, որ երկու ընկերներն էլ պատժվեն ցլին սպանելու համար։ Շամաը դիմում է մյուս աստվածներին՝ խնդրելով չսպանել նրանց, սակայն փրկվում է միայն Գիլգամեշը։ Էնկիդուն մահանում է հիվանդությունից։ Նա մարմնավորում է այն հերոսին, որ արժանանում է փառքի, սակայն վաղ է մահանում[6]։ Գիլգամեշը, վշտացած ընկերոջ կորստից, գնում է որոնելու Ուտնապիշտիմին, որպեսզի ձեռք բերի հավերժական կյանք։

Գոյություն ունի առասպելի մեկ այլ տարբերակ, որում ներկայացվում է Էնկիդուի ճանապարհորդությունն անդրաշխարհում, սակայն շատ գիտնականներ կարծում են, որ դա էպոսի շարունակությունն է կամ հավելումը, քանի որ այն մի քանի անգամ վերափոխվել է։ Ջրհեղեղի մասին բաժինը նույնպես համարվում է հավելում[7]։

Գոյություն ունի տարածվող կարծիք, թե Գիլգամեշի ու Էնկիդուի հարաբերությունները կրել են էրոտիկ բնույթ[8][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jastrow, 1911, էջեր 788–789
  2. Henze, M.H., The Madness of King Nebuchadnezzar, Brill, 1999 9789004114210
  3. "The Coming of Enkidu", The Epic of Gilgamesh, Assyrian International News Agency
  4. Westenholz, Aage and Koch-Westenholz, Ula. "Enkidu - the Noble Savage?", Wisdom, Gods and Literature: Studies in Assyriology in Honour of W.G. Lambert, (Wilfred G. Lambert, A. R. George, and Irving L. Finkel, eds.), Eisenbrauns, 2000 9781575060040
  5. Jastrow, Jr., Morris and Clay, ALbert T., An Old Babylonian Version of the Gilgamesh Epic, p.20, Yale University Press, New Haven, Connecticut, 1920
  6. Wolff, H. N. "Gilgamesh, Enkidu, and the Heroic Life", Journal of the American Oriental Society, Vol. 89, No. 2 (Apr. - Jun., 1969), pp. 392-398, American Oriental Society
  7. Moran, William L. (1991). Epic of Gilgamesh: A Document of Ancient Humanism. The Canadian Society for Mesopotamian Studies Bulletin. էջ 20. ISSN 0844-3416. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  8. Ackerman, Susan (2005). When Heroes Love. Columbia University Press. ISBN 9780231507257. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  9. Sadownick, Douglas; Walker, Mitch (2012 թ․ ապրիլի 7). «The Romance of Gilgamesh». YouTube. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնկիդու» հոդվածին։