Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան գտնվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Զվարթնոց տաճարի շրջակայքում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ մասում։ Զբաղեցնում է 14,1 հա տարածք[1]։
Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արմավիրի մարզ և Վաղարշապատ |
Հիմնադրվել է | 1924 |
Պատմություն
խմբագրելՀԽՍՀ Լուսժողկոմատի 1923 թվականի մարտի 20-ի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և տարածքի վարչություն, որի ղեկավար է նշանակվել հայ բանահավաք-բանասեր, հնագետ Խաչիկ վարդապետ Դադյանը։ 1924 թվականի ապրիլի 17-ի ՀԽՍՀ Լուսժողկոմատի №141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում։
1936-1937 թվականներին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ Զվարթնոց տաճարի հարավային կողմում կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թվականի նոյեմբերիր 7-ին։
1924-1944 թվականներին արգելավայրը գործել է որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր, 1944-1986 թվականներին` «Զվարթնոց» հուշարձան թանգարան, 1986-1989 թվականներին` «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան, 1990-2003 թվականներին` «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան։
1957 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հուշարձանի տարածքում վերականգնվել է 7-րդ դարի բնապատմական միջավայրը։
2003 թվականի հունիսից «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղ անվանմամբ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում։
Նախնական շրջանում թանգարանի ցուցադրությունը կատարվել է 80 քմ մակերես ունեցող տարածքում։ 1988 թվականին ճարտարագետ-շինարար Լիպարիտ Սադոյան նախագծով սկսվել է թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները, որի տարածքը դարձել է մոտ 300 քմ։ 2003 թվականին թանգարանային շենքի հարդարման աշխատանքներն ավարտվել են։
Ցուցադրություն
խմբագրելՑուցադրության համար թանգարանն ունի 3 սրահ և բաց ցուցադրություն, որտեղ կան մոտ 10 հազար միավոր նյութեր։ Դրանցից առավել ամբողջականները ներառվել են մշտական ցուցադրության մեջ։
Թանգարանի առաջին մշտական ցուցադրությունը տեղի է ունեցել 1937 թվականին՝ հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ, երկրորդ մշտական ցուցադրությունը՝ 1981 թվականին՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ։
Թանգարանի ցուցադրությունում ներկայացվել են պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքից հայնաբերված միջնադարյան կավե 2 կարաս՝ յուրաքանչյուրը մոտ 500 լիտր տարողությամբ, հայատառ գրառմամբ արևային բոլորակ ժամացույց, Ներսես Գ կաթողիկոսի թողած «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք» հունատառ արձանագրությունը, «Յոհան» մակագրությամբ շինարար վարպետի բարձրաքանդակը, ինչպես նաև տաճարի ավերակներից մնացած այլ քներիանդակ բեկորներ։ Ցուցադրությունում տեղ են գտել նաև տարբեր գույների խեցեղեն և զարդերի նմուշներ, մետաղյա գործիքներ, գամեր և խոփեր։
Թանգարանի բացօթյա ցուցադրությունում ներկայացված է Զվարթնոց տաճարի ավերակներ և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5-րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, ինչպես նաև պեղումների ժամանակ տաճարի տարածքից հայտնաբերված մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը (չորս տարբեր փոսիկներով և առվակով), նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային կոթողը, ինչպես նաև ուրարտական Ռուսա Բ արքայի (Ք. ա. 685-645թթ.) սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին, որը Հրազդան (Իլդարունի) գետի ջրերը հասցնում էր քաղաք[2][3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հայատառ գրառմամբ արևային բոլորակ ժամացույց
-
Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին, որը Հրազդան (Իլդարունի) գետի ջրերը հասցնում էր քաղաք, գտնվում է թանգարանի տարածքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
- ↑ «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ