Երևանյան արշավանքներ (1804, 1808, 1827)

Երևանյան արշավանքներ 1804, 1808, 1827, ռուսական զորքերի ռազմական գործողությունները 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ՝ Երևանը գրավելու նպատակով։

Արշավանքներ խմբագրել

Առաջին արշավանք խմբագրել

Առաջին արշավանքը տեղի է ունեցել 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի սկզբին, երբ ռուսական զորքերը գեներալ Պ․ Ցխցխանովի հրամանատարությամբ գրավեցին Գյումրին (1804 թվականի հունիսի 12) և շարժվեցին դեպի Երևան։ Իրանի գահաժառանգ Աբբաս-Միրզան, որը 20 հազարանոց զորքով օգնության էր եկել Երևանի խանին, հունիսի 20-ին Էջմիածնի մոտ հարձակվեց ռուսական զորքերի վրա, բայց պարտվեց ու նահանջեց Երևան։ Հունիս-հուլիսին կատաղի մարտեր մղվեցին Երևանի շրջակայքում։ Ռուսական զորքերը հուլիսի 24-ին գրոհեցին Երևանի բերդի վրա և պաշարեցին այն։ Բերդի կայազորը համառ դիմադրություն ցույց տվեց։ Ցիցիանովին չհաջողվեց գրավել բերդը։ Ուժեղ շոգերը, կենդանի ուժի և ռազմամթերքի պակասը, ինչպես նաև Վրաստանում ծագած խռովությունները նրան հարկադրեցին վերացնել Երևանի պաշարումը և վերադառնալ Թիֆլիս։

Երկրորդ արշավանք խմբագրել

Երկրորդ արշավանքը ևս ձեռնարկվել է 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, երբ արդեն կարևոր իրադարձություններ էին տեղի ունեցել ԱնդրկովկասումՇիրակն ու Ղարաբաղը և Ադրբեջանը միացել էին Ռուսաստանին։ Սկսվել էր 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը, որի ռազմաբեմերից Էր Արևելյան Հայաստանը։ Ռուսական զորքերը 1808 թվականի սեպտեմբերին գեներալ Ի․ Գուդովխչխ հրամանատարությամբ արշավեցին Երևանի վրա։ Հոկտեմբերի սկզբներին նրանք պաշարեցին բերդը և կայազորին առաջարկեցին հանձնվել։ Մերժում ստանալով՝ ռուսական զորքերը նոյեմբերի 17-ին գրոհեցին բերդի վրա, բայց՝ ապարդյուն, բերդն ամրացվել Էր ֆրանսիական զինվորական մասնագետների ղեկավարությամբ։ Նոյեմբերի 30-ին Գուդովիչը հարկադրված վերացրեց պաշարումը և վերադարձավ Վրաստան։

Երրորդ արշավանք խմբագրել

Երրորդ արշավանքը տեղի է ունեցել 1827 թվականի գարնանը՝ գեներալ Ի․ Պասկևիչի հրամանատարությամբ։ Ապրիլին ռուսական առաջապահ զորամասերը գեներալ Կ․ Բենկենդորֆի հրամանատարությամբ մտան Երևանի խանության սահմանը և հասան Էջմիածին։ Հունիսի 8-ին Համամլու-Աշտարակ ճանապարհով Էջմիածին հասան բանակի գլխավոր ուժերը, ընդ որում՝ նաև հայ կամավորական ջոկատները։ Հունիսի կեսերին գեներալ Կրասովսկու դիվիզիան պաշարեց Երևանի բերդը, իսկ գլխավոր ուժերը սկսեցին հետապնդել Աբբաս-Միրզայի զորքերին։ Հունիսի 26-ին ռուսները գրավեցին Նախիջևանը, իսկ հուլիսի 6-ին Ջևան-Բուլաղի ճակատամարտում փայլուն հաղթանակից հետո՝ Աբբասաբադի բերդը։ Աբբաս-Միրզան զինադադար խնդրեց։ Շոգի և հիվանդությունների պատճառով գեներալ Կրասովսկին հուլիսին վերացրեց Երևանի պաշարումը և հեռացավ դեպի Աշտարակ։ Աբբաս-Միրզան, խախտելով զինադադարը, 30 հազարանոց զորքով հարձակվեց Էջմիածնի վրա։ Օգոստոսի 17-ին Օշականի մոտ կատաղի ճակատամարտ տեղի ունեցավ։ Գեներալ Կրասովսկու դիվիզիան ծանր կորուստների գնով փախուստի մատնեց հակառակորդին և մտավ Էջմիածին։ Սեպտեմբերի 19-ին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, 25-ին նորից պաշարեցին Երևանը։ Արյունահեղությունից խուսափելու համար Պասկևիչը կայազորի պետական Հասան խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, սակայն մերժում ստացավ։ Ծանր թնդանոթները սկսեցին ռմբակոծել բերդը։ Բայց գրավումը ձգձգվում էր։

Նվաճումներ խմբագրել

Պասկևիչի բանակում գտնվող Ներսես Ե Աշտարակեցու կոչով հայերը ամեն կերպ օգնում էին ռուսական զորքերին։ Սեպտեմբերի 30-ի գիշերը 40 թնդանոթ մինչև լույս անընդհատ ռմբակոծեցին բերդը։ Հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը, նրանց առաջին շարքերում՝ հայ կամավորները, մտան բերդ։ Գերվեց կայազորը, գրավվեց 100 թնդանոթ, մեծ քանակությամբ ռազմամթերք։ Երևանի գրավմանը ակտիվ մասնակցություն ունեցան դեկաբրիստներ Մ․ Պուշչինը, Ն․ Օրժիցկին, Է․ Լաչինովը, Պ․ Կոնովնիցինը, Պ․ Բեստուժևը, Ի․ Շիպովը, Ա․ Գանգեբլովը, Ի․ Սելիչևը և ուրիշներ։ Երևանը գրոհողների շարքերում էին դեկաբրիստների ապստամբության մասնակից ավելի քան 2800 զինվորներ։ Երևանն ազատագրելու գործում մեծ էր Ա․ Ս․ Գրիբոյեդովի դերը։ Շատ ռուսներ և հայեր պարգևատրվեցին «Երևանի գրավման համար» մեդալով, Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվաևսկի» տիտղոսը։ Երևանի գրավումը ռազմական և քաղաքական խոշոր նշանակություն ունեցավ։ Հայ ժողովուրդը, որն անձնազոհաբար օգնում էր ռուսական զորքերին, այն համարեց հայրենիքի ազատագրության խորհրդանիշ։ Բանաստեղծ Հ․ Ալամդարյանը Թիֆլիսից 1827 թվականի հոկտեմբեր 12-ին Ներսես Աշտարակեցուն շնորհավորեց «Հայաստան աշխարհի փրկության» առթիվ։ Խաչատուր Աբովյանը գրեց «․․․դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանում բերդի առնիլը հայերի համար» («Վերք Հայաստանի», 1959 թ., էջ 200)։ Երևանի գրավումը փաստորեն վճռեց 1826-1828 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ելքը, որն իր դիվանագիտական ձևակերպումն ստացավ Թուրքմենչայի պայմանագրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 581