Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում

Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում, խորհրդային շրջանի հաստոցաշինության և գործիքային արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ Հայաստանում։ Հիմնադրվել էր 1976 թվականին։ Ներառում էր Երևաևի Ֆ․ Զերժինսկու անվան (մասնաճյուղ է ունեցել Ապարանի շրջանի Քուչակ գյուղում) և Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանները։

Երևանի Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը հիմնադրվել էր 1905 թվականին, երբ Տեր-Ավետիքովների նախաձեռնությամբ Գուբերնսկայա (հետագայում՝ Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության) փողոցի վրա կառուցվեց հիդրավլիկ մամլիչներ, պոմպեր, ջեռուցման կաթսաներ արտադրող թուջաձուլական մեխանիկական տնայնագործական ձեռնարկություն։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո հետո այն ազգայնացվեց։ 1924 թվականին Լենինգրադի «Պրոմյոտ» (հետագայում՝ Վորոշիլովի անվան) գործարանը 32 մետաղահատ հաստոց էր նվիրում թուջաձուլական-մեխանիկական գործարանին, գործուղում հմուտ մասնագետներ։ 1930 թվականին գործարանի նորակառույց շենքում (ներկայիս՝ Արշակունյաց պողոտայի վրա) արտադրվեց առաջին ձուլվածքը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձեռնարկությունը կատարում էր ռազմական, պատվերներ, անձնուրաց աշխատանքի համար կոլեկտիվի 406 անդամ պարգևատրվել էր մեդալներով, իսկ Ա․ Մուրադյանին շնորհվել էր Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1976 թվականին դրությամբ, գործարանն ունեցել է 6 հիմնական արտադրամաս, դարբնոցային-նախապատրաստական համար 1, մեխանիկական համար 2 և 2ա, հավաքման համար 3, ձուլման համար 4, մեխանիկական հավաքման համար 8։ Արտադրում էր խառատային հաստոցներ, ֆրեզերային և հղկող հարմարանքներ, կիսաավտոմատներ, լայն սպառման ապրանքներ են։ 1975 թվականին թողարկել էր 4460 հաստոց (ապրանքային արտադրության ծավալը 10320 հազար ԽՍՀՄ ռուբլի

Թողարկվող արտադրանքը իրացվել է ԽՍՀՄ-ում և արտահանվում էր այլ պետություններ (Կուբա, Մոնղոլիա, Բուլղարիա, Եգիպտոս, Իրան, Ալժիր և այլն)։ Ձեռնարկության արտադրած հաստոցները բազմիցս ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների ու տոնավաճառների (ԽՍՀՄ ԺՏՆՑ, Զագրեբ, Սան-Պաուլու, Դամասկոս, Բուենոս Այրես) և արժանացել են մեդալների ու դիպլոմների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 574