Երևանի առաջին ՀԷԿ-ի շենք

Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) շենք, հանրապետական նշանակության պատմամշակութային շինություն Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ Հրազդան գետի ձախ ափին՝ Մանկական երկաթուղու հարևանությամբ[1]։

Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի շենք
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Նախապատմություն խմբագրել

Մինչև առաջին հիդրոէլեկտրակայանի կառուցումը, Երևանը լուսավորվում էր լապտերներով։ Այսպես, օրինակ, Աստաֆյան փողոցում կար ընդամենը 3 լապտեր։ Ընդհանուր առմամբ Երևան քաղաքը լուսավորվում էր մոտ 220 լապտերով։ Քաղաքային բյուջեի մոտ իներորդ մասը հատկացվում էր լուսավորությանը[2]։

20-րդ դարի սկզբերին Երևանում կային փոքր ՀԷԿ-եր, բայց դրանք չէին բավարարում քաղաքի մեծ պահանջներին։ Դրանցից մեկը Երևանի բերդի տարածքում գտնվող ՀԷԿ-ն էր։ Այն կառուցվեց 1907 թ., երբ գինեվաճառ և կապիտալիստ Նիկոլայ Շուստովը Հրազդանի ափին հիմնեց կոնյակի ու օղու զտման գործարանները։ Այդ ՀԷԿ-ից օգտվում էին նաև Երևանի բերդի տարածքում գտնվող տներն ու կառույցները։

Կառուցում խմբագրել

1923 թ. մարտի 9-ին դրվեց Երևանի ՀԷԿ-ի շենքի հիմնաքարը։ Ըստ այլ աղբյուրների՝ 1925 թվականի գարնանը՝ Երևանում անցկացվող ԽՍՀՄ ԿԸՀ նիստի ժամանակ։ Շինարարությունը իրականացրել է Պետական էլեկտրատեխնիկական տրեստը, որի Լենինգրադյան գործարաններում է կառուցվել ՀԷԿ-ի ողջ սարքավորումները[3]։ Շենքի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է։ Հատկանշական է, որ ՀԷԿ-ի շենքը Թամանյանի առաջին գործերից էր։ ՀԷԿ-ի շինարարությունը տևեց 3 տարի։ 1926 թ. մայիսի 11-ին Ալ. Թամանյանի ներկայությամբ տեղի ունեցավ հիդրոէլեկտրակայանի շահագործման հանդիսավոր արարողությունը[4]։

Առավոտյան ժամը 11-ին զուռնայի ու նվագախմբի ձայների ներքո մեկնարկել է ելթ՝ բաղկացած աշխատավորներից, շրջակա բնակավայրերից ժամանած մարդկանցից, ինչպես նաև ավտոմեքենաների ու տրակտորներից։ Երեկոյան փորձնական կերպով միացրեցին Աբովյան փողոցի լուսավորությունը։

Կայանի հզորությունը 6000 ձիաուժ էր։ Չունենալով այդ տարիների համար զգալի հզորություն՝ այն բացառիկ էր, քանի որ պետք է գործեր ողջ տարվա ընթացքում ողջ հզորությամբ, ինչը բացառիկ էր այդ տարիների համար։ Արտադրված հոսանքը արժեր 1,3 կոպեկ 1 կվ/ժ-ի համար, ինչն էլ ԽՍՀՄ տարածքում բացման պահին ամենաէժան գինն էր։ Այն նաև հոսան է սկսել մատակարարել մի շարք գործարանների, Երևան ու Էջմիածին քաղաքներին, ինչպես նաև թույլ է տվել ջուր հասցնել շուրջ 8000 դեսյատին տարածքի[3]։

Շենք խմբագրել

Շենքը կառուցված է կոպտատաշ բազալտից, որը ձուլվում է Հրազդանի կիրճի ժայռերին։ Ունի պայտաձև կամարներ և ատամնաձև քիվ։ Լուսամուտները կամարակապ են։ Տանիքը ծածկված է կղմինդրով։ Աշտարակներից մեկի վրա եղել է էլեկտրական ժամացույց։

Ալ. Թամանյանը, անդրադառնալով Երևանի ՀԷԿ-ի շենքին, գրել է.

  ՀԷԿ-ի կառուցման ընդհանուր ճարտարապետական կոմպոզիցիայում ես փորձեցի օգտագործել հին հայկական մոտիվները և տեղական շինանյութը (բազալտ)։ Կոմպոզիցիոն առումով պետք էր կապել կառույցի ծավալները և ճակատային հարթությունները բազալտե ժայռերի հետ։ Այդ խնդիրը թելադրեց պարզ ու հասարակ ճարտարապետական ձևեր և քարի կոպտատաշ մշակում:  

Արձագանքներ խմբագրել

  Պարզությամբ ու որոշակիությամբ հանճարեղ, կառուցվածքով ինքնօրինակ հայկական ճարտարապետությունը ասես լեռներում աճել բարձրացել է ժայռազանգվածներից և կատարելապես ձուլվել բնությանը… Հայաստանի հինավուրց կառույցները զարմանալիորեն, օրգանապես կապվում են բնապատկերի հետ։ Ճարտարապետները կառուցում էին միայն տեղական քարից` տարբեր գույնի ու որակի։ Լեռների գեղեցիկ կոնֆիգուրացիան մեծ ազդեցություն է թողել կառույցների ձևի վրա։ Բազմաթիվ հուշարձանների ավերակները վկայում են, թե ինչ ճաշակով է ընտրվել տեղը, նյութը, ձևը` դարերի ընթացքում բյուրեղացնելով հայկական ոճը[2]։  
  Որևէ բան կառուցել բնության այդ չքնաղ, անկրկնելի վայրում և ավելացնել դրա հմայքը, բայց ոչ խաթարել։ Ջրի վրա, թիկունքով ժայռերին կպած՝ թվում է հիդրոէլեկտրակայանի շենքը հոծ մի ամբողջություն է, ուժեղ, անքակտելի մի մարմին, և բազալտե կոշտերը դիֆուզիայի օրենքով ներթափանցել են միմյանց մեջ։ Դրան նպաստել է նշանավոր շաղախը[4]։  

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԵՆՔ. ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀէԿ-Ը(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. 3,0 3,1 «3. Пробный пуск гидростанции. 5 мая 1926 г. | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 «Երևան» ծրագիր
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/93