ԵՂԵԳԻՔ (Եղեգիս, Եղեգյաց ավան, Եղեգս, Եղեգք, Սմբատաբերդ), ավան, բերդ, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում։ Օտարների մոտ աղավաղելով` այդ անունը մեզ է հասել Ալայազ տարբերակով։ Միջին դարերում Եղեգիքը կոչվել է Եղեգյաց ձոր, որ ուղիղ իմաստով ստուգաբանում են եղեգների ձոր։ Տարբեր ժամանակներում այն եղել է տարբեր կարգերի բնակավայր` գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք և նույնիսկ մայրաքաղաք, ինչպիսին այն երբեմն համարել են իշխանանիստ եղած ժամանակներում՝ 10-13-րդ դարերում։

Եղեգիս

Պատմություն խմբագրել

Եղեգիքի հիմնադրման ժամանակը անհայտ է։ Սակայն, նկատի ունենալով տարածքի հնությունները, կարելի է ենթադրել, որ այն Սյունյաց աշխարհի Վայոց ձորի գավառի ամենահին բնակավայրերից է։ Ըստ երևույթին, մինչև 9-րդ դարը՝ մինչև նույն աշխարհի Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքի (այժմյան Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի մոտակայքում) փոխարեն Սյունիքի իշխանների աթոռանիստ դառնալը, Եղեգիքը սովորական բնակավայր էր, իսկ դրանից հետո աստիճանաբար վերափոխվել է, բարեկարգվել, խոշորացել և դարձել գյուղաքաղաք կամ քաղաք։ Հավանաբար նույն ժամանակներում (9-րդ դարում) է կառուցվել նաև նրա միջնաբերդը, տեղացիների հորջորջմամբ` Սմբատաբերդը, որի տակ սովորաբար հասկացել են գյուղաքաղաքն ու նրա միջնաբերդը միասին վերցրած։Սակայն դրանք առանձին միավորներ էին, 1-2 կմ հեռավորությամբ իրարից անջատված (նման Կապան քաղաքին ու նրա միջնաբերդ Բաղաբերդին)։ Բուն Եղեգիք ավանը գտնվում էր Արփա գետի աջակողմյան վտակ Եղեգիսի հովտում այժմյան Եղեգնաձորի շրջանի Ալայազ գյուղի տեղում և նրա շրջակայքոում, այդ թվում և Հոստուն ավերակ բնակավայրի տարածքում։ Գյուղաքաղաքը Եղեգիս գետի աջակողմյան Հովտով ձգվել է 4-4,5 կմ երկարությամբ նեղ շերտով։ Իսկ միջնաբերդը` Սմբատաբերդը, գտնվում էր բուն ավանից հյուսիս-արևմուտք՝ երկու խոր ձորերի միջև ձգվող բարձր լեռան վրա։ Եղեգիսը իր միջնաբերդի հետ միասին 9-րդ դարից դարձել էր Սյունյաց տերերի իշխանանիստը։ 10-րդ դարի 70-ական թվականներից, երբ կազմավորվել էր Սյունյաց կամ Կապանի թագավորությունը, որտեղ իշխում էր Սյունյաց գահերեց իշխանական տան մի ճյուղը, Սյունիքի հյուսիս-արևելյան մասն ընդգրկող այդ ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը դառնում է Կապանը, իսկ մյուս (նույնպես գահերեց), ճյուղի համար շարունակում է ոստան մնալ Եղեգիսը։ Սյունյաց իշխանների այդ ճյուղը 11-րդ դարի սկզբներին ենթարկվում է Անի-Շիրակի Բագրատունի թագավորներին։ Գագիկ Ա թագավորը (989-1020) 1002 կամ 1003 թվականներին Վայոց ձոր գավառի հետ միասին Բագրատունիների կենտրոնական թագավորությանն է միացնում նաև Արցախի մեջ մտնող Խաչենն ու Փառիսոսը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-1988