Դյուրերի տուն-թանգարան
Ալբրեխտ Դյուրերի տուն, գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի տունը։ Գտնվում է Նյուրնբերգի հին հատվածում, կառուցվել է շուրջ 1420 թվականին։ Նկարիչն այստեղ ապրել և աշխատել է 1509 թվականից մինչև կյանքի վերջը (1528)։ Ապրել է կնոջ, մոր, աշակերտների և ենթավարպետների հետ։ Ներկայումս տունը վերածվել է թանգարանի և պատկանում է քաղաքի թանգարանների միությանը։
Դյուրերի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և բնակելի տուն |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Նյուրնբերգ[1] |
Հասցե | Albrecht-Dürer-Straße 39, 90403 NürnbergAlbrecht-Dürer-Straße (Nürnberg)? (39) |
Հիմնադրվել է | 1826 |
Կայք | museen.nuernberg.de/duererhaus/ |
Պատմություն
խմբագրելՏան անկյունի հին գերանները, ըստ դենդրոխրոնոլոգիական հետազոտության, թվագրվում են 1418 թվականով, ինչը հնարավորություն է տալիս որպես տան կառուցապատման թվական դիտարկել 1420֊ը։ Ներկայումս այն քառահարկ կառույց է, որի ներքևի երկու հարկերը պատրաստված են ավազաքարից, իսկ վերին երկուսը՝ ֆախվերկից։ Տանիքն ունի փողոցին նայող մեծ ձեղնապատուհաններ։ Դրանք վերանորոգվել են XIX դարում, երբ առանց հստակ հիմքերի ենթադրվեց, որ Դյուրերի արվեստանոցը գտնվում էր այնտեղ։
1501 թվականին վաճառական և աստղագետ Վալտեր Բերնհարդը գնեց տունը։ Նրա իրականացրած էական վերակառուցման արդյունքում տունը ստացավ ներկայիս տեսքը։ Աստղագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով հարավային կողմում տեղադրվեց մի քանի պատուհան։ Նյուրնբերգի քաղաքային պահոցում պահպանվել է համաձայնագիրը, ըստ որի՝ տան բնակիչներին արգելվում է նոր պատուհաններից ինչ֊որ բան նետել հարևան տանիքի վրա։ Տան հին նկարներում կարելի է տեսնել, որ այն օգտագործվել է որպես աստղագիտական դիտարան[2]։
Առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ 1509 թվականին Վալտերների ընտանիքը 275 գուլդենով տունը վաճառեց Ալբրեխտ Դյուրերին։ Նկարչի մահվանից հետո կինը՝ Ագնես Դյուրերը, շարունակեց ապրել Ցիսելգասեի տանը, որն այնուհետև ժառանգեց նրա քույր Կատերինան։ 1514 նոյեմբերի 14-ին Կատերինան 1150 ֆլորինով տունը վաճառեց դարբին Կլաուս Ֆրեյենհամերին[3]։ Թեև իր պատմության ամբողջ ընթացքում պահպանվել է տեղեկատվություն տան 24 տերերի մասին, սակայն այն ավելի հայտնի է իբրև Դյուրերի տուն։ Բարոկկո շրջանի նշանավոր նկարիչ, Նյուրնբերգի ակադեմիայի հիմնադիր Յոահիմ ֆոն Զանդրարտը 1675 թվականին Դյուրերի մասին գլխում նկարագրել է տան դիրքը[4]։
1826 թվականին՝ Դյուրերի մահվան 300֊րդ տարելիցին ընդառաջ, Նյուրնբերգը ձեռք բերեց տունը և կահավորեց սենյակ֊թանգարան։ 1871 թվականին՝ նկարչի հոբելյանին, տունը անցավ Դյուրերի տան հանրությանը։ Այդ ժամանակից էլ այն դարձավ թանգարան։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգի հին հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, տուժել էր նաև Դյուրերի տունը։ Հանրության համար թանգարանը բացվեց 1949 թվականին՝ դառնալով քաղաքի վերականգնված և հասանելի հասարակական կառույցներից մեկը։ Նկարչի ծննդյան 500-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահենդեսին ընդառաջ արևմտյան հատվածը ստացավ ներկայիս կառուցապատումը[5]։ Ցուցադրության շինությունը 1996/1998 թվականներին վերափոխվեց կինոթատրոնի։ Այն նախատեսվում է օգտագործել ցուցահանդեսների և կոնֆերանսների համար։
Շնորհիվ 1990 թվականին անցկացված վերականգնողական֊բարելավման աշխատանքների՝ տունը գտնվում է շատ լավ վիճակում։
Տան ներկայիս հասցեն է՝ Ալբրեխտ Դյուրերի փողոց, 39։ Գտնվում է Տիրգերտներտորպլատցի մոտ, որն իր ճարտարապետական կառուցվածքի շնորհիվ համարվում է քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը և կրում է «Դյուրերի հրապարակ» ոչ պաշտոնական անվանումը։ Հրապարակը, որում տեղադրված է նաև Դյուրերի արձանը, գտնվում է Սուրբ Սեբալդի եկեղեցու արևմտյան հատվածում։
Թանգարան
խմբագրելԴյուրերի տունը Վերածննդի ժամանակաշրջանի նշանավոր նկարչի միակ թանգարանն է։ Դրա պատմությունը արվեստի և մշակույթի պատմության մեջ միշտ եղել է ցուցանմուշային թեմա։
Առաջին հարկում գտնվում են երկար խոհանոցը և այսպես կոչված «Վանդերերի սենյակները» (գերմ.՝ Wandererzimmer)։ Դրանք կառուցվել են 1870-ական թվականներին Ֆրիդրիխ Վանդերերի կողմից։ Վերևի հարկում գտնվում է ամենամեծ սենյակը, որտեղ կարող էր գտնվել արվեստանոցը։ Այստեղ կարելի է տեսնել այն գործիքներն ու նյութերը, որոնցով աշխատել է նկարիչը, ինչպես նաև տպագրության սարքը, որն օգտագորխծել է Դյուրերի ժամանակներում։ Այս և հարևան սենյակում ցուցադրված են փայտի և պղնձի վրա փորագրության միջոցները։ Այդ տեխնիկաները կիրառելու մեջ Դյուրերը համարվում էր անգերազանցելի վարպետ։
Թանգարանում կարելի է տեսնել նաև Դյուրերի կարևորագույն ստեղծագործությունների պատճենները, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների համար բերվող բնօրինակ աշխատանքները։
2009 թվականի օգոստոսի 1-ից տուն֊թանգարանի և գրաֆիկական հավաքածուի տնօրենը արվեստագետ Թոմաս Շաուերտն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Տիրգերտներտորպլատց, 1714
-
Դյուրերի տունը, 1891
-
Դյուրերի տունը, 1944
-
Դյուրերի տունը, 1959
-
Խոհանոց
-
Արվեստանոց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jump up to: 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Steckbrief von Bernhard Walther; Astronomie in Nürnberg». naa.net. Consultado em 20 de novembro de 2008
- ↑ Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 49.
- ↑ Costumed Guided Tour with Agnes Dürer Արխիվացված 2016-10-23 Wayback Machine, Albrecht Dürer's House. Retrieved 3 March 2012.
- ↑ «Das Dürer-Haus im Lauf der Zeit». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրերի տուն-թանգարան» հոդվածին։ |