Դմանիս (պատմական հուշարձան)
Դմանիս քաղաք (վրաց.՝ დმანისის ნაქალაქარი), պատմական և հնագիտական հուշարձան Վրաստանում, որը գտնվում է Պատարա-Դմանիս գյուղից հյուսիս։ Ընդգրկված է Դմանիս շրջանի վարչական տարածքում (Քվեմո-Քարթլի հարավային մարզ) և գտնվում է Թբիլիսիից 85 կմ հարավ-արևմուտք։
Տեղակայված է Մաշավերա և Պինսաուրի գետերի միախառնման վայրում գտնվող հրվանդանի վրա։ Այն իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ, որն ընդգրկում է վաղ միջնադարյան Դմանիս Սիոնի տաճարը և միջնադարյան Վրաստանի ամենակարևոր քաղաքներից և առևտրի կենտրոններից մեկի ավերակները՝ ամրություններ, եկեղեցիներ, մուսուլմանական և քրիստոնեական գերեզմանատներ, բաղնիքները և արհեստանոցներ։ Միջնադարյան շերտերի տակ հայտնաբերված Դմանիս հնէաբանական հուշարձանը ներառում է հոմինյան բրածոներ, որոնք թվագրվում են մ.թ. 1,85-1,75 միլիոն տարի առաջ և համարվում է աֆրիկյան մայրցամաքի տարածքից դուրս մարդկային ցեղի գոյության ամենավաղ և անվիճելի ապացույցներից մեկը։
Պատմություն
խմբագրելՎաղ պատմություն և մուսուլմանական տիրապետություն
խմբագրելԴմանիսն միջնադարյան Վրաստանի ամենամեծ ու հարուստ քաղաքներից էր։ «Դմանիս» տեղանունը, ըստ 18-րդ դարի վրաց գիտնական և իշխան Վախուշտի Բագրատիոնիի, ծագել է հին վրացական «դաբա» բառից, որը թարգմանաբար նշանակում է գյուղ[1]։
Դմանիս քաղաքը առաջացել է եպիսկոպոսական սրբավայրի շրջակայքում գտնվող մի փոքրիկ բնակավայրից, որն իշխում էր Դմանիսխևի (Մաշավեր) և Կցիյա հովիտների վրա և 4-րդ դարում արդեն հայտնի էր որպես Քարթլիի վեց թեմերից մեկը, իսկ 9-10-րդ դարերում արդեն խոշոր առևտրային քաղաք էր, երբ երկրամասը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Ըստ միջնադարյան վրացական տարեգրությունների, խալիֆի հրամանատար Բուղա ալ-Կաբիրը, Քարթլիում իր արշավանքի ընթացքում, 853 թվականին, Դմանիսում բնակեցրեց 100 ալանական ընտանիք Դարիալի կիրճից[2]։ 989 թվին Դմանիսն գրավում է հայոց թագավոր Դավիթ Անհողինը, բայց հետագայում քաղաքը, ըստ ամենայնի, կրկին ընկնում է մուսուլմանների տիրապետության տակ։ Վրացական տարեգրություններում հիշատակվում է ինչ որ Սիտլարաբի, որը հավանաբար, Դմանիսից մուսուլման Սաիդ ալ-Արաբի աղավաղված անուն, որը վրաց թագավոր Բագրատ IV-ի կողմից 1068 թվականին նշանակվել է որպես իր վասալ Տփղիսի ամիրայությունում։ Հայտնի է, որ անանուն «Դմանիսի էմիրը» սատարում էր սելջուկների հրամանատար Սաու Թեգին Սարհանգ ալ-Խասսին (վրացական աղբյուրներում` «Սարանգ Ալխազի»[3]) 1073 թվականին Վրաստանի արքա Գևորգ Երկրորդի հետ բախման ընթացքում[4]։
Վրացական թագավորություն
խմբագրելՏեղեկանալով վերակենդանացող վրացական միապետության սպառնալիքի մասին` Դմանիս մուսուլմանական վերնախավը միացավ Գյանջայի և Թիֆլիսի սելջուկ սուլթան Մահմուդ II- ին ուղղված դիմումին, կանխելու Դավիթ IV-ի կողմից Վրաստանի դեմ ոտնձգությունները 1121 թվականին։ Դավիթ IV-ը գրավեց Դմանիսն 1123 թվականի մարտին, բայց նրա որդին՝ Դեմետր I-ը, ստիպված եղավ նորից հետ վերցնել քաղաքը 1125 թվականին։ Վրացական թագավորության օրոք Դմանիսն շարունակում էր ծաղկել, այդ թվում՝ արհեստներն ու առևտուրը։ Յակուտ ալ-Համավիի տվյալներով՝ քաղաքը մետաքս է արտահանել։ Դմանիսի աշխույժ տնտեսական պատմության մասին են վկայում այդ տարածքում հայտնաբերված ավելի քան 800 մետաղադրամները, հիմնականում օտարերկրյա, ինչպես նաև հնագիտական գտածոները, ինչպիսիք են ներմուծված իրանական հախճապակին և չինական կերամիկան, ինչպես նաև տեղական կերամիկան, ապակյա սպասքը և ոսկերչական զարդերը[4]։
Միջնադարյան Դմանիսի բնակչությունը միատարր չէր` մուսուլմանները նկատելի մեծամասնություն էին կազմում քաղաքում, ինչի մասին է վկայում 13-14-րդ դարերի արաբերեն տապանաքարերով մեծ գերեզմանատունը, որը զգալիորեն գերազանցում է մնացած քրիստոնեական (վրացական և հայկական) գերեզմանաքարերին[4][5][6]։ Որոշ մուսուլմանները լքեցին Դմանիսն Վրաստանի կողմից այն գրավվելուց հետո, շեյխ Սադր ադ-Դին Համիդ բ. Ալի ադ-Դամանիսին (մահ. 1245) ղեկավարում էր Դամասկոսում գտնվող իսլամական հոգևոր ճեմարանը` մեդրեսը[7]։ Տեղի էմիրի դիրքն իջեցվեց հավասարեցվելով նշանակված ցարական չինովնիկի պաշտոնին`այդ մասին հիշատակվում է վրացաերեն լեզվով արձանագրության մեջ, որը նշված է 13-րդ դարի սկզբի Դմանիսի ավերված մատուռի խաչքարի վրա` Միհրիկի որդի Էմիր Իովը կանգնեցրեց այս «խաչքարը»՝ ի պատիվ Սուրբ Դեմետրիի[5]։
Երբ Վրաստանը դարձավ մոնղոլական կայսրության վասալ, Դմանիսն ընտրվեց որպես մետաղադրամներ հատելու վայր. 1245 թվականին հատվեցին Վրաստանի թագավոր Դավիթ VI Նարինի պղնձե մետաղադրամները[8]։ 1270-ականներին Վրաստանի թագավոր Դեմետրի II-ը ստիպված էր Դմանիսն և հարակից տարածքը փոխանցել հզոր նախարար Սադունին, որը վայելում էր մոնղոլների վստահությունը։ Դավիթ VIII թագավորը, լավ հարաբերությունների մեջ լինելով մոնղոլ Բայդու խանի հետ, 1293 թվականին կարողացավ վերադարձնել Դմանիսն իր վերահսկողության ներքո, բայց այն զիջեց իր մրցակցին, եղբորը՝ Վախթանգ III-ին, որը մահից հետո 1308 թվականին թաղվել էր Դմանիսում։ Այնուետև քաղաքն անցավ Վախթանգի ավագ որդու՝ Դեմետրեի տիրապետության ներքո[4]։
Անկում
խմբագրել1386-1403 թվականներին Թամերլանի արշավանքները Վրաստան վերջ դրեցին Դմանիսի բարգավաճմանը։ 1486 թվականին քաղաքը ավերվեց Աղ-Կոյունլուի տիրակալ Յակուբ իբն Ուզուն-Հասանի հարձակման արդյունքում։ 1490-ական թվականներին վրացական թագավորության վերջնական անկումից հետո այն մտավ Քարթլիի թագավորության կազմի մեջ։ Այնուհետև Դմանիսն շնորհվեց Բարաթաշվիլիի իշխանական ընտանիքին, որը հետագայում բաժանվեց երկու ճյուղերի, որոնք 1536 թվականին բաժանեցին ամբողջ քաղաքն ու իր ունեցվածքը։ 1578 թվականին Դմանիսն օսմանյան զորքերը գրավեցին և ամրացրեցին Դմանիսն, բայց Քարթլիի արքա Սիմոն I-ը հետ գրավեց քաղաքը 1583 թվականին։ Հետագայում Դմանիսն ծառայեց միայն որպես Բարաթաշվիլիներին պատկանող ռազմական առաջադիրք։ Տնտեսական և եկեղեցական կյանքի փոքր վերածնունդը Դմանիսում, որն այն ժամանակ հայտնի էր նաև որպես Դբանիսի, կարճատև էր 18-րդ դարի սկզբին։ Մեկ այլ պատերազմի և քաղաքական անարխիայի արդյունքում Դմանիսի անկումը ուղեկցվեց 18-րդ դարի կեսերին նրա եպիսկոպոսական գահի վերացմամբ։ Դմանիսն և հարակից տարածքը հիմնականում անմարդաբնակ էին, 19-րդ դարի սկզբին Վրաստանում ռուսական կայսրության իշխանության հաստատման ժամանակ նախկին քաղաքի շրջակայքում սկսեցին հայտնվել գյուղական նոր բնակավայրեր[4]։ Նրանցից մեկը՝ Բաշկիչետին, 1947 թվականին վերանվանվեց պատմական քաղաքի պատվին։
Հետազոտություն
խմբագրել1853 թվականին Դմանիսի ավերակներն առաջին անգամ այցելեցին և համառոտ նկարագրեցին ռազմական հնէաբան Իվան Բարտոլոմեյը և իշխան Դմիտրի Օրբելիանին։ Նրանց կողմից պատճենած վրացական որոշ արձանագրություններ տպագրվել են ֆրանսիացի հետազոտող Մարի-Ֆելիսիտե Բրոսեի կողմից 1854 թվականին։ Հնագետ Էքվթիմե Թակաիշվիլին ղեկավարում էր Դմանիս գերեզմանատան որոշ պեղումներ և 1894 թվականին վերահրատարակում է վրացական արձանագրությունները[4]։
Դմանիս ավերակների հնագիտական ուսումնասիրությունը սկսվել է 1936 թվականին, բայց համակարգված պեղումներ չեն իրականացվել մինչև 1980-ականները։ Այդ ընթացքում ակնհայտ դարձավ, որ միջնադարյան նկուղները կամ մառանները փորվել են ավազի և մոխրի մեջ, որը պարունակում էր նախապատմական կենդանիների ոսկորներ և քարե գործիքներ[4]։ 1991 թվականին հայտնաբերվեց մարդու ծնոտ և ատամներ, որոնք անատոմիական նմանություն ունեին Homo erectus–ի հետ, որին հաջորդեց 1991-2005 թվականներին գանգերի մի շարք սենսացիոն հայտնագործություններ։ Այդ գտածոները, որ թվագրվում են մ.թ.ա. մոտ 1.85-1.75 միլիոն տարի առաջ, Դմանիսն դարձրին մարդկության հնագույն բնակավայրերից մեկը ամբողջ Եվրասիայում[9][10][11]։ 2007 թվականին Դմանիսի հոմինիդների հնավայր հուշարձանը ներառվել է Վրաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում[12]։
Համալիր
խմբագրելԴմանիսի պատմական հուշարձանը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ներառյալ բնակավայրի մնացորդները, ամրությունները, եկեղեցիները, գերեզմանոցները և այլ կառույցները։ Մի մասը քաղաքն է, որը զբաղեցնում է 13 հա տարածք՝ Մաշավերա և Պինեզաուրի գետերի միախառնման տեղում գտնվող հրվանդանի վրա, իսկ մյուս մասը՝ հարակից արվարձանն է, որը զբաղեցնում է 12 հա տարածք Պինեզաուրի գետի երկայնքով[4]։
Քաղաք
խմբագրելՔաղաքը պաշտպանված էր բազալտե պարիսպով, որը կազմում էր մեծ պատվար և պաշտպանական ամրություններ հենակետերով ՝ արևելքում և Մաշավեր գետի հովտում հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ տարածվելով 90 մետր խորության վրա։ Հրվանդանի հարավային մասը գրավում էր միջնաբերդը, որի մակերեսը կազմում էր մոտ 3250 քառ. մ.: Այն գտնվում էր քաղաքի պարսպի ներսում, քաղաքից բաժանված էր հատուկ պատնեշով, որն ուներ միայն մեկ դարպաս։ Միջնաբերդում կար պալատ, բաղնիք և այլ կառույցներ։ Արևմտյան կողմից 200 մ երկարությամբ գաղտնի թունելը տանում էր դեպի Մաշավեր գետ, որն ընդհանուր առմամբ պահպանվել է մինչ օրս[4]։
Հարավից ճանապարհը տանում էր դեպի քաղաքի դարպասներ։ Դրա շարունակությունն ու քաղաքի փողոցները ունեին մոտ 2,5 մ լայնություն և սալարկված էին մեծ քարե սալիկներով և եզրապատված էին ցածր քարե պատով։ Դմանիսում տները կառուցված էին բազալտե քարերից անկանոն շարքերով, աղյուսե բուխարիներով և խորշերով։ Նրանց ներքին պատերը սվաղված էին, իսկ հարուստ տներում դրանք ծածկված էին կանաչ կերամիկական սալիկներով[4]։ Ավերված քաղաքի կենտրոնում՝ միջնաբերդից անմիջապես ներքև, կանգնած է Դմանիս Սիոնի մայր տաճարը, վաղ միջնադարյան բազիլիկ՝ եռաստիճան նավով ու աբսիդով և 13-րդ դարի սկզբին զարդարված նախասրահով։ Դրանից հյուսիս գտնվում է Սուրբ Մարինա փոքրիկ միանավ եկեղեցին, որը վերակառուցվել է 1702 թվականին, ինչի մասին վկայում է վրացական արձանագրությունը դրա հարավային ճակատամուտքի վերևում։ Հյուսիս-արևելյան կողմում պահպանվել են երկու այլ փոքր եկեղեցիների ավերակներ, որոնց քարերի վրա առկա են հայերեն արձանագրություններ[4]։
Արվարձան
խմբագրելԱրվարձանը գտնվում էր քաղաքի կենտրոնից հարավ։ Այնտեղ էր գտնվում 12-14-րդ դարերի ընդարձակ գերեզմանատունը, գրեթե նույնքան մեծ, որքան քաղաքը՝ բաղկացած քրիստոնեական (վրացական և հայկական) և ավելի ընդարձակ մուսուլմանական հատվածներից։ Քրիստոնեական գերեզմանատանը պահպանվել են փոքր միանավ եկեղեցու ավերակները։ Պինեզաուրի գետի աջ ափի երկայնքով պահպանվել են նաև երեք բաղնիքների ավերակներ[4]։
Թանգարան
խմբագրելԴմանիս հուշարձանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, որը ղեկավարվում է որպես Վրաստանի ազգային թանգարանի մի մաս, որպես Դմանիս պատմական և ճարտարապետական թանգարան-արգելոց։ Թանգարանը ներառում է նաև ցուցասրահ՝ ավելի քան 2300 ցուցանմուշներով[13]։ Դմանիսի թանգարանն աշխատում է սեզոնային եղանակով` մայիսից հոկտեմբեր[14]։ Դմանիս Սիոնի մայր տաճարը և հուշարձանի այլ կառույցներ 2007 թվականին ներառվել են Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկում[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ დმანისი // ქართლის ცხოვრების ტოპოარქეოლოგიური ლექსიკონი / Gamkrelidze, Gela; Mindorashvili, Davit; Bragvadze, Zurab; Kvatsadze, Marine. — Tbilisi: Georgian National Museum, 2013. — С. 190—193. — ISBN 978-9941-15-896-4
- ↑ Robert W. Thomson Rewriting Caucasian history: the medieval Armenian adaptation of the Georgian chronicles; the original Georgian texts and the Armenian adaptation. — Oxford: Oxford University Press, 1996. — С. 261. — ISBN 0198263732
- ↑ Minorsky, Vladimir Studies in Caucasian history. — Cambridge University Press, 1977. — С. 67. — ISBN 0521057353
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 დმანისის ნაქალაქარი // საქართველო: ენციკლოპედია: ტ.2. — Tbilisi, 2012. — С. 460—461.
- ↑ 5,0 5,1 Berdzenishvili, Devi დმანელი ამირას უცნობი წარწერა ფინეზაურის ხეობიდან // ნარკვევები. — Tbilisi, 2005. — С. 26—34.
- ↑ Chkhvimiani, Jimsher განვითარებული შუა საუკუნეების ქართულწარწერიანი საფლავის ქვები დმანისიდან(վրաց.) // Kadmos. — 2015. — Т. 7. — С. 40—41.
- ↑ Japaridze, Gocha ად-დუმანისი - იშვიათი არაბული ნისბა // ძიებანი საქართველოსა და ახლო აღმოსავლეთის ისტორიაში, ტ. 1. — Tbilisi, 2012. — С. 107—109. — ISBN 978-9941-0-4627-8
- ↑ Kolbas, Judith The Mongols in Iran: Chingiz Khan to Uljaytu 1220–1309. — Routledge, 2013. — С. 123—124. — ISBN 9781136802898
- ↑ Vekua, Abesalom; Lordkipanidze, David; Rightmire, G. Philip; Agusti, Jordi; Ferring, Reid; Maisuradze, Givi; Mouskhelishvili, Alexander; Nioradze, Medea; Leon, Marcia Ponce de; Tappen, Martha; Tvalchrelidze, Merab; Zollikofer, Christoph A New Skull of Early Homo from Dmanisi, Georgia(անգլ.) // Science : journal. — 2002. — Т. 297. — № 5578. — С. 85—89. — ISSN 0036-8075. — — PMID 12098694.
- ↑ Garcia, Tristan; Féraud, Gilbert; Falguères, Christophe; de Lumley, Henry; Perrenoud, Christian; Lordkipanidze, David Earliest human remains in Eurasia: New 40Ar/39Ar dating of the Dmanisi hominid-bearing levels, Georgia(անգլ.) // Quaternary Geochronology[en] : journal. — 2010. — Т. 5. — № 4. — С. 443—451. —
- ↑ Sagona, Antonio The Archaeology of the Caucasus: From Earliest Settlements to the Iron Age. — Cambridge University Press, 2017. — С. 38. — ISBN 9781139061254
- ↑ «Tentative Lists: Dmanisi Hominid Archaeological Site». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Dmanisi Historic and Architectural Museum-Reserve». Georgian Museums. Ministry of Culture and Monuments Protection of Georgia, ICOM National Committee in Georgia, Georgian Museums Association, Culturological Research Association. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Museum information». Georgian National Museum: Dmanisi. Արխիվացված է օրիգինալից 2018-08-22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմանիս (պատմական հուշարձան)» հոդվածին։ |