Մարի-Ֆելիսիտե Բրոսե (ֆր.՝ Marie-Félicité Brosset, հունվարի 24, 1802(1802-01-24)[1], Փարիզ - սեպտեմբերի 3, 1880(1880-09-03)[2][3][4] կամ օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1880[1], Շատելրո), ֆրանսիացի արևելագետ, մասնավորապես՝ վրացագետ, հայագետ։

Մարի-Ֆելիսիտե Բրոսե
Marie-Félicité Brosset
Ծնվել էհունվարի 24, 1802(1802-01-24)[1]
Փարիզ
Մահացել էսեպտեմբերի 3, 1880(1880-09-03)[2][3][4] (78 տարեկան) կամ օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1880[1] (78 տարեկան)
Շատելրո
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան, հայագետ, թարգմանիչ, հնագետ և kartvelologist
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի ազգային գրադարան[1]
Գործունեության ոլորտՎրացագիտություն և հայագիտություն
Պաշտոն(ներ)associate member?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ասիական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Գիտական ղեկավարJean-Pierre Abel-Rémusat? և Անտուան Ժան Սեն-Մարտեն
Ստորագրություն
Изображение автографа
 Marie-Félicité Brosset Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարի Բրոսեի ծննդյան տարում մահացել է նրա հայրը։ Մարին նորընծայարաններում մնացել է մինչև 18 տարեկան հասակը։ Այստեղ նա սովորել է ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, եբրայերեն և ասորերեն։ Սակայն 1818 թվականին նա դուրս է եկել ուսումնարանից և Փարիզում նվիրվել արևելագիտության։ Ուսումնասիրել չինարեն, մանջուրերեն, տիբեթերեն։ 1823 թվականի հունվարին մոր հորդորով նորից մտել է վանք, սակայն աշնանը վերջնականապես հրաժարվել է եկեղեցական կյանքից և ընտրել չինագիտությունը, հրատարակել հոդվածներ։ 1825 թվականին դարձել է «Ասիական գիտական ընկերության» անդամ։ Այնուհետև նրա գիտական գործունեության առարկան են դարձել վրացագիտությունն ու հայագիտությունը։

Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի հրավերով 1837 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Պետերբուրգ։ Այստեղ նա ակադեմիայի թղթակից անդամից դարձել է արտակարգ և ապա իսկական անդամ։ Եղել է նաև մի շարք օտար ակադեմիաների և գիտական ընկերությունների թղթակից կամ իսկական անդամ, այդ թվում՝ Լազարյան ճեմարանի խորհրդի անդամ՝ 1843 թվականի մայիսից, Ս. Ղազարի հայկական կաճառի անդամ՝ 1845 թվականի մարտից։

Վարել է հասարակական անվճար մի շարք պաշտոններ, ըստ որում 1839 թվականի օգոստոսի 14-ից երկար տարիներ եղել է վրացերեն և հայերեն աշխատությունների գրաքննիչ, 27 տարի եղել է Էրմիտաժի թանգարանի տնօրինության կազմում։

1837 թվականի հունիսի 18-ից նա ընտանիքով տեղափոխվել է Պետերբուրգ։

Բրոսեն մահացել է 1880 թվականի սեպտեմբերի 22-ին, 78 տարեկան հասակում։ Նա Պետերբուրգի ակադեմիային է կտակել իր ամբողջ գիտական գրադարանը, ինքնագիր ձեռագրերը, վրացերեն ձեռագրերի ժողովածուն, նամակները և այն բոլորը, որ կարող էր օգտակար լինել Ասիական թանգարանին, Պետերբուրգի գրադարաններին և համալսարանին, իսկ Փարիզի Ազգային գրադարանին է նվիրել Պետերբուրգի հրատարակությունների իր ժողովածուն։

Գիտական գործունեություն խմբագրել

Հայերեն և վրացերեն լեզուների ուսումնասիրությունը Բրոսեն սկսել Է 1826 թվականին։ Ռուսերեն գիտեր 1823 թվականից։ Նրա սկզբնական հոդվածները վերաբերում են վրաց լեզվի, գրականության և պատմության հարցերին, լույս են տեսել «Ժուռնալ ազիատիկ» հանդեսում։ Նա մշակել է հայագիտությունը. Ֆրանսիայում հրատարակել հայագիտական մի քանի հոդվածներ հայ իրավագիտության մասին, հատվածներ Անանիա Շիրակացուց, նկարագրել իր ժամանակի հայագիտության վիճակը, վերծանել ու մշակել արևելագետ Ֆրեդերիկ Դյուբուայի Վրաստանից և Հայաստանից բերած վիմական արձանագրությունները։ 1830 թվականի ապրիլին Բրոսեն դիմել է Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստրին, որպեսզի չորս տարով գիտական գործուղման մեկնի Պետերբուրգ, Մոսկվա, Վրաստան և Հայաստան։ Սակայն նրա ցանկությունը չի իրականացել։ 1831 թվականին Բրոսեն խնդրել է, որ վրաց լեզվի և գրականության դասընթացների ամբիոն բացվի Արևելյան կենդանի լեզուների կամ Կոլեժ դը Ֆրանս դպրոցներից մեկում։ Այս խնդրանքը մերժվել է։ Դիմել է որպեսզի տպարանում ընդունվի որպես սրբագրիչ, սա էլ է մերժվել։ 1836 թվականին միայն գրաշարի պաշտոնից նա բարձրացել է սրբագրիչի աստիճանին։ Այս շրջանում նա հրատարակել է վրացերենի վերաբերյալ ուսումնասիրություններ։

Աշխատություններ խմբագրել

Բրոսեի գրչին են պատկանում պատմագիտական, աշխարհագիտական, հնագիտական և բանասիրական հարյուրավոր ուսումնասիրություններ, որոնցի շատերը բազմահատոր են։

1831 թվականին Նոր կտակարանի հունարեն բնագիրը հրատարակության պատրաստելիս աղճատված որոշ հատվածներ նա վերականգնել է՝ հենվելով հայերեն և վրացերեն բնագրերի վրա։ Իսկ Լըբոյի Historie du Bas-Empire (Կայսրության վերջին շրջանի պատմություն) բազմաhատոր աշխատության ԺԳ—ԻԱ հատորները խմբագրելիս նա աշխատությունը լրացրել է հայ պատմագիրներից քաղված բազմաթիվ ծանոթագրություններով և ամբողջական հատվածներով։

Հայագիտական աշխատանքներ խմբագրել

Բրոսեի խնդրանքով Պետերբուրգի Գիտությունների ակադեմիան ընդօրինակել է տվել հայերեն ձեռագրեր։ Ակադեմիայի 1837 թվականի հունիսի 28-ի նիստում նա խնդրել է, որ ձեռք բերվեն հայերեն տպագրական տառեր, որոնք ստացվել են 1838 թվականին։ Նույն թվականի հուլիսին Մոսկվա կատարած գիտական գործուղման ժամանակ նա վրացերեն տապանագրերի հետ միասին արտագրել է նաև հայերեն տապանագրեր, որ հրատարակել է հետագայում։ Դեռևս 1845 թվականին Բրոսեն գրում էր, որ մարդկության պատմության համար շատ օգտակար է Անիի ավերակների, հուշարձանների և վիմագրությունների ուսումնասիրությունը։ Նա հրատարակել է Անիին վերաբերող ուսումնասիրություններ։

1845 թվականի ամռանը Եվրոպայի հարավային մասում կատարած շրջագայության ժամանակ Բրոսեն այցելել է Վիեննայի Մխիթարյաններին, նրանց հետ նամակակցական կապեր պահպանել իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում։ Վիեննայից նա մեկնել է Վենետիկ, որտեղ նրան հյուրընկալել է Մխիթարյան միաբանությունը։ Հետագայում նա թղթակցել է միաբանության անդամների, հատկապես Գաբրիել Այվազովսկու, Սուքիաս Սոմալյանի, 1862 թվականից Ղևոնդ Ալիշանի և ուրիշների Հետ։ Այս այցելությունների և անձնական ծանոթությունների շնորհիվ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիան գիտական և գրքափոխանակման հարատև կապերի մեջ է մնացել հայագիտական այդ երկու օջախների հետ։

Հայաստանի պատմական հուշարձաններն ուսումնասիրելու նպատակով 1848 թվականի հունվարի սկզբին նա Թիֆլիսից եկել է Հայաստան, այցելել Երևանի բերդը, Սուրբ Սարգիս եկեղեցին և նրան կից հայկական մի փոքրիկ դպրոց։ Էջմիածնի վանքում մնացել է մոտ վեց շաբաթ, ուսումնասիրել է հայերեն ձեռագրեր, իր կողմից ծանոթագրություններ ավելացնելով ֆրանսերեն է թարգմանել մատենադարանապետ Հովհ. Շահխաթունյանցի կազմած ձեռագրացուցակը, որ լույս է տեսել 1848 թվականին։ 1840 թվականին նա արդեն հրատարակել էր էջմիածնի մի այլ ձեռագրացուցակ։ Նրա այս ճանապարհորդությունը նկարագրող գրքում լույս են տեսել նաև Անիի հայերեն արձանագրություններ, որ նրան է հանձնել արևելագետ Հերման Աբիխը։ Բրոսեն դրանք հրատարակել է՝ ֆրանսերեն թարգմանելով և ծանոթագրելով։

Բրոսեն զբաղվել է նաև հայ պատմագիրների ուսումնասիրությամբ, մեկնաբանությամբ և թարգմանությամբ։ Տվել է տեղեկություններ պատմագրի, նրա գործերի, ձեռագրերի, հրատարակությունների մասին, բնագրերը լուսաբանել է բազմաթիվ ծանոթագրություններով։

Պարգևներ խմբագրել

Իր աշխատությունների համար Մարի-Ֆելիսիտե Բրոսեն ստացել է մի շարք տիտղոսներ, մեդալներ, մատանիներ և այլ ոսկեղեն ու գոհարեղեն պարգևներ, որոնց մի մասը ժամանակին հանձնվել է Էրմիտաժի թանգարանին։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ․ Մինասյան «Ակադեմիկոս Բրոսե» (Հայագիտական գործունեությունը), պատմաբանասիրական հանդես № 1, 1967, էջ 198-213

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 http://archivesnumerisees.cg86.fr/v2/ark:/28387/a928b4b25ce8beb9d36878d7472fe35b
  3. 3,0 3,1 3,2 մահվան վկայական
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Ֆելիսիտե Բրոսե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 577