Դարջիլինգ (անգլ.՝ Darjeeling), թեյ, որն աճեցվում է Հիմալայներում, Հնդկաստանի հյուսիսային լեռնային մասում գտնվող համանուն քաղաքի շրջակայքում։ Թեյի այս տեսակն աճեցվում և պատրաստվում է որոշակի պայմաններում։ Պլանտացիաները գտնվում են ծովի մակարդակից 750-2000 մետր բարձրության վրա[1], որտեղ զբաղեցնում են մոտավորապես 17.500 հեկտար տարածք[2]։

Դարջիլինգ
ԵնթատեսակՍև թեյ
Ծագում Հնդկաստան
 Darjeeling tea Վիքիպահեստում
Դարջիլինգի պլանտացիա

Այս թեյատեսակը երբեմն կոչվում է «թեյի շամպայն»։ Հատկապես Մեծ Բրիտանիաում և բրիտանական նախկին գաղութներում այն ավանդաբար բարձր է գնահատվում մյուս սև թեյատեսակներից։

Դրա ճիշտ թրմելու դեպքում ստացվում է բաց գույնի ըմպելիք` մշկընկույզի նուրբ, թեթև տտիպ համով և ծաղկային բույրով։ Այս հատկանիշներն ապահովվում են թեյի աճեցման հատուկ պայմաններիի շնորհիվ, որոնք են սառը և խոնավ կլիման, պլանտացիայի բարձրլեռնային դիրքը և հողի առանձնահատկությունները։

Աճեցում և արտադրություն խմբագրել

 
Դարջիլինգ թեյի թփեր

Դարջիլինգ թեյն աճեցվում է Դարջիլինգի շրջանի տարածքում, որը գտնվում է հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգի հյուսիսում։ Շրջանի ամբողջ տարածքում տեղակայված է ընդհանուր առմամբ թեյի 144 տնտեսություն (անգլ.՝ tea gardens)[3], սակայն Հնդկաստանի թեյի վարչության պաշտոնական լիցենզավորում ունեն միայն 87-ը։ Միայն լիցենզավորված տնտեսություններն իրավունք ունեն իրենց արտադրանքը վաճառել «դարջիլինգ» մակնշման տակ։

Տարի Արտա-
դրություն
(տ)
Մակերես
(га)
Բերքա-
տվություն
(кг/га)
Ամենօրյա
զբաղվածություն
(մարդ)
2001 9841 17453 564 -
2002 9180 17463 526 52671
2003 9582 17580 545 52547
2004 10065 17522 574 53363
2005 11312 17539 645 53412
2006 10854 17542 619 53492[2]

2006 թվականին դարջիլինգ թեյի արտադրությունը կազմել է 10.9 հազար տոննա։ Արտադրության մեջ ամեն օր զբաղված մարդկանց թիվը կազմում է 52.000 մարդ, իսկ ամբողղջ հավաքման սեզոնին այդ թիվը հասնում է 150.000-ի[2][4]։ Ի տարբերություն թեյի այլ տեսակների` դարջիլինգը ֆերմենտացիայի է ենթարկվում ոչ ամբողջությամբ (~90 %), այդ պատճառով էլ այն մոտ է թեյի ուլուն տեսակին։ Դարջիլինգի համար սովորաբար օգտագործվում է թեյի թփի չինական տեսակը, այն դեպքում, երբ հնդկական և ցեյլոնյան մյուս թեյատեսակների համար օգտագործվում է թփերի ասսամյան տեսակը[5]։ Դարջիլինգի շրջանում բացի սև թեյից ոչ մեծ քանակությամբ արտադրվում է նաև կանաչ թեյ, սպիտակ թեյ և ուլուն[6]։

Արտադրության փուլեր խմբագրել

Հավաքում

Թեյը հավաքվում է ձեռքով։ Հավաքվում են երիտասարդ թփի վերին մասում գտնվող տերևները, որոնք կոչվում են «ֆլեշ»։ Մեկ կիլոգրամ թեյի արտադրության համար պահանջվում է մոտավորապես 22.000 այդպիսի ֆլեշ, որոնցին յուրաքանչյուրը ձեռքով է հավաքվել։

Նախնական չորացում

Նախնական չորացման ընթացքում տերևը կորցնում է իր խոնավության մի մասը։ Այս գործընթացի համար տերևները հավասարապես շարվում են տարայի մեջ, որի միջով բաց են թողնում տաք ու սառը օդ։ Գործընթացը տևում է 14-16 ժամ։

Փաթաթում

Տերևները դրվում են մեխանիկական «ռոլերների» մեջ, որտեղ դրանք փաթաթվում են։ Այդ ժամանակ դուրս է գալիս հյութի մի մասը։

Ֆերմենտացիա

Անց է կացվում սառը և խոնավ տարածքներում։ Ֆերմետացիայի ընթացքում փաթաթման ժամանակ դուրս եկած հյութը թթվում է։ Գործընթացը տևում է 2-4 ժամ։

Չորացում

Ֆերմենտացիայից հետո տերևները չորացնում են չորացման մեքենաներում։ Գործընթացը տևում է 20-30 րոպե։ Սա տերևների վերամշակման վերջին փուլն է։

Տեսակավորում և փաթեթավորում

Թեյի վերամշակման ավարտից հետո այն տեսակավարում են, կշռում և փաթեթավորում[7]։ Արտադրոության ավելի քան կեսն այնուհետև վաճառվում է Կալկաթայի թեյի փառատոնում[2]։

Հավաքման սեզոններ խմբագրել

 
Առաջին հավաքման դարջիլինգ: Լավ երևում է չոր տերևի բաց գույնը:
  • Առաջին հավաքում (անգլ.՝ first flush), տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին, գարնանային անձրևներից հետո։ Ունի թեթև, փափուկ համ և թարմ բույր։ Թուրմի գույնն առավելապես բաց է։ Այս շրջանում հավաքված թեյն ամենաբարձրն է գնահատվում, ամենից քիչ հանդիպողն է և ունի ամենաբարձր գինը։ Այս սեզոնին հավաքված թեյի պահպանման ժամկետը շատ ավելի քիչ է, քան երկրորդ սեզոնինը, քանի որ առաջինն արագ է կորցնում իր որակները։
  • Երկրորդ հավաքում (անգլ.՝ second flush), տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին։ Թուրմի գույնը սաթագույն է։ Համն առավել կպչուն է։
  • Անձրևային հավաքում (անգլ.՝ summer flush կամ rain flush), տեղի է ունենում հուլիս-սեպտեմբեր ամիսներին, անձրևային սեզոնին։ Թուրմի գույնն առավել մուգ է։ Համն առավել ուժեղ է, սակայն պակաս նրբահամ։ Այս սեզոնին հավաքված թեյն ամենաքիչն է գնահատվում։
  • Աշնանային հավաքում (անգլ.՝ autumnals), տեղի է ունենում անձրևային սեզոնից հետո, հոկտեմբեր-նոյեմբերին։ Պակաս նրբահամ է, քան առաջին երկու սեզոններին հավաքած թեյը, թուրմը պղնձագույն է։

Երբեմն առանձնացվում են նաև միջսեզոնային տարբերակներ, որոնք հավաքվում են հիմնական սեզոնների միջակայքում։ Դեկտեմբերից փետրված բերք չի հավաքվում[1][8]։

Պահպանում խմբագրել

Ինչպես և ցանկացած թեյ, դարջիլինգն զգայուն է պահպանման պայմանների նկատմամբ։ Այն ավելի լավ է հեռու պահել ուժեղ հոտերից, խոնավությունից ու արևի ճառագայթներից, վակումային փաթեթավորմամբ կամ ճենապակե կամ ապակե փակվող տարաներում։ Պահպանման լավագույն ջերմաստիճանը +17...+19 °C է։

Այս տեսակ թեյի պահպանման ժամկետը հիմնականում երկու տարուց երկար չի լինում։ Ժամանակի ընթացքում թեյը կորցնում է իրեն հատուկ նուրբ բույրը։ Այդ պատճառով էլ թարմությունը թեյի որակի գլխավոր ցուցիչներից մեկն է։ Որակով դարջիլինգը պետք է մակնշում ունենա բերքի հավաքման տարվա և սեզոնի վերաբերյալ։ Դարջիլինգի որոշակի տեսակներ կարող են պահպանվել 5 տարի և ավելի երկար և միևնույն ժամանակ թեյի համն ու բույրը կարող են լավանալ։ Այդ թեյերը կարող են ունենալ Vintage մակնշումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Официальный сайт чая Дарджилинг — Вопросы и ответы Արխիվացված 2011-09-05 Wayback Machine.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Официальный сайт Чайного управления Индии. Статистика по чаю Дарджилинг.(անգլ.)
  3. Официальный сайт округа дарджилинг. Информация о чайных хозяйствах. Արխիվացված 2014-02-20 Wayback Machine(անգլ.)
  4. Официальный сайт чая Дарджилинг — The present scenario Արխիվացված 2011-07-02 Wayback Machine(անգլ.)
  5. Похлёбкин В. В.. Чай, его история, свойства и употребление.
  6. Официальный сайт округа Дарджилинг. О производимых типах чая. Արխիվացված 2014-02-21 Wayback Machine(անգլ.)
  7. Официальный сайт чая Дарджилинг. Сбор Արխիվացված 2011-10-06 Wayback Machine(անգլ.). Стадии обработки Արխիվացված 2012-02-13 Wayback Machine(անգլ.)
  8. Сезоны сбора чая «Даржилинг»

Ըմպելիքներ